«Իրականում, եկեղեցու գործերին որեւէ մեկը չի միջամտում։ Եկեղեցին՝ ունենալով մեծ դեր մեր քաղաքացիների կյանում, իրականում տալիս է հնարավորություն՝ որոշելու, թե ինչպե՞ս վարվեն կոնկրետ իրավիճակում»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով երեկ, Հովհաննավանքում տեղի ունեցած «պատարագի» մասին հարցին։
Լրագրողները հետաքրքրվել էին համայն Ռուսիո պատրիարքի քննադատությունից ՀՀ իշխանության նկատմամբ՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ համակարգված գործողությունների համար։
«Ես չեմ կարող մեկնաբանել արտասահմանյան գործիչների արարքները»,- եղավ Սրբուհի Գալյանի պատասխանը։
Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը չի գերազանցել իր լիազորությունները՝ մասնակցելով այդ «պատարագին», քանի որ Մայր Աթոռը հայտարարել է, որ տվյալ հոգեւորականը կարգալույծ է, իշխանությունը չպետք է մտնի այդ հարթություն եւ որոշումներ կայացնի, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Եկեղեցին Սահմանադրական կարգի մեջ չի մտնում։ Վարչապետի կամ որեւէ այլ պաշտոնատար անձի պարտականությունների շրջանակից դուրս է պատարագի գնալը․ դա ուղղակի ցանկություն է, որ կարող է ունենալ յուրաքանչյուրը, այդ թվում վարչապետը։ Ինչո՞վ է դա միջամտություն եկեղեցու գործերին։ Այն, ինչ տեղի է ունենում անհատների հետ, ովքեր Եկեղեցու սպասավոր են, երբեք չկապեք Եկեղեցու հետ»։
Կարդացեք նաև
Երեկ, Հովհաննավանքի կադրերը, որոնցում ՊՊԾ ծառայողը քաղաքացու բերանը փակում եւ դուրս է հանում եկեղեցուց, Սրբուհի Գալյանը չի տեսել, բայց ասում է՝ եթե խոսքը բռնարարքի մասին է, դա ոչ միայն քննադատելի, այլեւ օրենքով պատժելի է։ Իրավապահ մարմիններին կոչ է անում՝ մտածել այդ մասին եւ գնահատական տալ։ Ինքը կարծում է իրավապահ կառույցի ցանկացած անձ, այդ թվում նաեւ ՊՊԾ աշխատակիցը իր լիազորությունների շրջանակում պետք է գործի, նրա գործողությունների իրավաչափ լինել-չլինելու հարցը պատկան մարմինները պետք է տան։
Համացանցում տարածված Մայր Աթոռի դիվանապետին վերաբերվող անձնական բնույթի տեսանյութի մասով էլ, ասաց՝ երեւույթն անընդունելի է․ «Անձնական կյանքին ցանկացած միջամտություն, հատկապես եթե դա ուղղորդվում է անձնական տվյալների հրապարակմամբ, ոչ միայն անընդունելի է, այլեւ քրեորեն հետապնդելի»։
Այդ մասով քրեական վարույթի առկայությունից տեղյակ չէ, ենթադրում է վաղ թե ուշ այն կլինի, եթե տեսանյութը ֆեյք չէ։
Համատարած գաղտնալսումների մասին հարցին էլ պատասխանեց՝ ՀՀ օրենքով սահմանված է, թե ինչ կերպ է դա հնարավոր անել։ Եթե որեւէ պետական մարմին իր լիազորությունները գերազանցել է պետք է պատժվի։
Լրագրողների դիտարկմանը՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից՝ «քեռակնոջ» մասին նրա հայտնի եւ անպարկեշտ գրառումից հետո եւ եթե այդ գրառումը չլիներ, հնարավոր է նաեւ տեսանյութը չհայտնվեր, Սրբուհի Գալյանն ասաց․ «Վարչապետի ասելիքն այն է, որ պետք չէ եկեղեցականները թողնեն իրենց գործը, ուխտը, առաքելությունը եւ փորձեն զբաղվել քաղաքականությամբ։ Անընդունելի է, որ եկեղեցին ունենա այնպիսի սպասավորներ, որոնք իրենց արժեքներում կեղծ են»։
Իսկ նախօրեին, Հովհաննավանքում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, լրագրողներին վիրավորելու մասին հարցերին էլ պատասխանեց, որ ցանկացած ոչ իրավաչափ գործողության վատ է վերաբերվում։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































