Նոյեմբերի 1-ից Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկում է Արտաշատի երրորդ հանրապետական թատերական փառատոնը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 9-ը:
Փառատոնը կբացվի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի «Մարդը ափի մեջ» ներկայացմամբ, որը բեմադրել է Նարինե Գրիգորյանը:
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց, որ փառատոնին մասնակցում է հայաստանյան 11 թատրոն:
Կարդացեք նաև
Նրա ձեւակերպմամբ, ընտրությունն այնպես է կատարվել , որ հնարավորինս շատ նոր թատրոններ ընդգրկվեն, ու խաղացանկում լինեն տարբեր տարիքի հանդիսատեսին հետաքրքրող ներկայացումներ:
Կամո Նաղդալյանը փաստեց, որ փառատոնի նկատմամբ հետաքրքրություն կա թե մարզում, թե հարակից մարզերում, անգամ Երեւանից են հանդիսականներ ունենում: Ասաց նաեւ, որ իրենց թատրոնում արդեն մեկնարկել են գերժամանակակից լուսաձայնային տեխնիկայի մոնտաժման աշխատանքները, եւ թատրոնը նոյեմբերի 1-ից հավուր պատշաճի կհյուրընկալի փառատոնի մասնակիցներին:
«Շատ ուրախ ենք, որ Արտաշատի հանրապետական թատերական փառատոնը դարձել է Արտաշատի այցեքարտերից մեկը։ Փառատոները կարեւոր իրադարձություններ են մարզային կյանքում։ Դրանք դարձել են ստրատեգիական նշանակություն ունեցող միջոցառումներ: Փառատոնը տոն է, որի ժամանակ հավաքվում են հանրապետության մի շարք թատրոններ՝ Երեւանից եւ մարզերից, եւ այդ օրերին ավելի տեսանելի եւ որոշակի է դառնում հանդիսատեսի կապը թատրոնի հետ:
Ընդհանրապես փառատոների պատմությունը ցույց է տվել,որ ամեն նման միջոցառումներից հետո տվյալ համայնքի կամ քաղաքի թատրոնն ավելի ակտիվ է սկսում աշխատել հանդիսատեսի հետ»,-նշեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։
Նաեւ ընդգծեց, որ առանց տեղական մարմնի ակտիվ ջանքերի Արտաշատի փառատոնը չէր կայանա: Հակոբ Ղազանչյանի խոսքով, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը վերջին տարիներին լուրջ ձեռքբերումներ ունի, եւ Կամո Նաղդալյանի՝ թատրոն գալով բավական հետաքրքիր նախագծեր են իրականացվում:
Հավելենք, որ փառատոնը կփակվի Երեւանի մնջախաղի պետական թատրոնի «Ուրվականների սոնատը» ներկայացմամբ, որի բեմադրել է Ինա Հախնազարյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































