«ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացը բավականին արագ է տեղի ունենում, ավելին, քան մի շարք այլ երկրների դեպքում է ընթացել։ Հուսով եմ՝ շատ մոտ ապագայում կտեսնենք գերտերությունների համաձայնեցված պլանը, որից հետո պետք է կատարենք այն աշխատանքը, որը պետք է կատարենք, որպեսզի ունենանք վիզաների ազատականացումը»,- Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հարցրեց Միրզոյանին՝ ԵՄ կողմից կա՞ ազդակ, որ ցանկանում են մասնակցել ապաշրջափակման գործընթացին՝ TRIPP-ից դուրս գտնվող հատվածներում։
Միրզոյանն ի պատասխան ասաց․ «Ոչ միայն ազդակ կա, ոչ միայն խոսակցություն կա այդ մասին, այլ նաեւ այդպիսի մասնակցությունն արդեն իրականացվում է։ Չմոռանանք, որ մենք տեսել ենք աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Այդ նույն TRIPP-ը մեծ ապաշրջափակման մասն է։ ԵՄ կողմից ոչ միայն ազդակ ու ցանկություն կա, այլ ԵՄ-ն այս հանգույցը եւ ընդհանրապես Հարավային Կովկասը դիտում է որպես իր՝ հետզհետե ավելի աճող փոխկապակցվածության անհրաժեշտ մաս։ Փոխկապակցվածություն Կենտրոնական Ասիայի հետ, այլ տարածաշրջանների հետ։ Հետեւաբար, մենք եւ փակ դռների հետեւում հանդիպումների ընթացքում, եւ հրապարակային հայտարարությունների մակարդակում լսում ենք այդ պատրաստակամության մասին»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































