Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի օպերային թատրոնում ավելի քան քառորդ դար խաղացանկային՝ Խաչատրյանի «Գայանեում» առաջին անգամ հանդես կգա այլազգի բալետի արտիստ

Հոկտեմբեր 27,2025 17:19

Երևանի օպերային թատրոնում ավելի քան քառորդ դար խաղացանկային՝ Խաչատրյանի «Գայանեում» առաջին անգամ հանդես կգա այլազգի բալետի արտիստ, որը համոզված է, թե իր մարմնի կառուցվածքն ու դերասանական հմտությունները լրացնում են միմյանց, հնարավորություն ընձեռելով հանդես գալ որպես մոդել, նաև թատրոնի և կինոյի դերասան:

Բոլոր ժամանակներում և բոլոր թատրոնների խաղացանկում, ոչ հաճախ, բայց եղել են և այսօր էլ կան ներկայացումներ, որոնք հանդիսանում են տվյալ թատրոնի «անձնագիրը», ասել է թե՝ խաղացանկից չեն հանվել տասնամյակներ շարունակ: Օրինակ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, մեծանուն Վիլեն Գալստյանի խորեոգրաֆիայով Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը 51-րդ տարին է, որ ինչպես ընդունված է ասել՝ չի իջնում բեմից, շարունակելով իր հաղթարշավը ոչ միայն Երևանում, այլ քանիցս ներկայացվել է արտասահմանյան հեղինակավոր թատրոններում:

Aravot.am-ը տարբեր առիթներով անդրադարձել է «Գայանեին»: Այս անգամ կրկին անդրադառնալով այս բալետին, մեզ հետաքրքրեց հետևյալ փաստը․ գլխավոր դերապարերից Արմենի կերպարում առաջին անգամ հանդես կգա այլ ազգի արտիստ՝ Լև Բրելը, որը ճանաչված և ցանկալի է ոչ միայն իր հայրենիքում՝ Ռուսաստանում, այլ արևմտյան մի շարք հեղինակավոր բեմերում: Նրա համագործակցությունն էլ ընդգրկուն է աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպությունների հետ:

Եվ այսպես, Լև Բրելը Հայաստանի օպերային թատրոնում առաջին անգամ հանդիսատեսին կներկայանա Արմենի դերապարով, հոկտեմբերի 29-ին: Գլխավոր փորձից հետո մենք զրույց ունեցանք արտիստի հետ, ինչը սկսվեց ուսումնառության առաջին տարիներից: «Տասը տարեկանից սկսվեց ուսումնառությունս Սարատովի բալետի ուսումնարանում, որը շարունակվեց Մոսկվայի Լավրովսկիի ուսումնարանում: Ավելի ուշ ուսանեցի Մոսկվայի խորեոգրաֆիայի պետական ակադեմիայում և որպես բալետի արտիստ, և որպես մանկավարժ: 2018թ. ավարտեցի և անմիջապես սկսվեց բալետի արտիստի կարիերաս Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոնում: Այսօր չեմ դժգոհում իրականացրած մենապարերից (նկատի ունի քանակը), որոնցով հանդես եմ եկել նաև Բոլշոյ և Մարիինյան թատրոններում, ինչպես նաև արտասահմանյան բեմերում»,- այսպես հակիրճ ներկայացավ մեր զրուցակիցը:

Հավելեց, որ երկար կտևի համաշխարհային բալետային գրականության այն նմուշների թվարկումը, որոնցում իր մասնակցությունն է ունեցել: Ժպիտով էլ ասաց․ «Անկասկած, Խաչատրյանի երաժշտությունը հայտնի է ու սիրված՝ աշխարհում, օրինակ, մեր ժանրում՝ «Սպարտակը», «Գայանեից» Սուսերով պարը»:

Դիտարկմանն ի պատասխան՝ համաձայնեք, որ եթե ոչ տեխնիկապես, ապա այլ ազգի կերպար ներկայացնել տվյալ ազգի հանդիսատեսին, պարզապես չափից ավելի պատասխանատու աշխատանք է պահանջում, մեր զրուցակիցն ասաց․ «Անշուշտ, դա այդպես է: Նախ, ես լիբրետոյին ծանոթացել եմ մինչ Երևան այցս, քանիցս դիտել «Գայանեի» տեսանյութը: Իսկ, երբ արդեն սկսվեցին փորձերը ձեր թատրոնում, այ դա արդեն որոշ առումներով շշմեցրեց ինձ: Տեսեք, դասական պարի մարզումները, փորձերը շատ թատրոններում անցկացվում են ֆոնոգրամայով, ձեզ մոտ՝ կենդանի երաժշտության ուղեկցությամբ, սա մեծ պլյուս է: Նշեմ, թատրոնի բեմի և բալետային փորձասենյակների հատակը պարզապես հիանալի է: Հիացած եմ բալետային խմբով՝ կորդեբալետով, էլ չեմ խոսում մենապարողների բարձրակարգ լինելու մասին: Ուզում եմ բարձրաձայնել փորձավար Սոնա Առուստամյանի և պրեմիեր պարող, բալետային խմբի ղեկավար Ռուբեն Մուրադյանի անունները, ովքեր կոնկրետ իմ կերպարի, ոչ միայն տեխնիկապես, այլև կերպարին բնորոշ շատ նյուանսների և ուղիղ ասած՝ շարժումների և մեծ հաշվով բնավորության նրբություններին են ծանոթացրել»:

Ինչ վերաբերում է լիբրետոյին, վերջինիս կարճ ժամանակահատվածում ծանոթանալուն և «մարսելուն», հայտնեց․ «Լիբրետոն, մեծ հաշվով՝ սիրային եռանկյունի է՝ Գայանե, իմ հերոսը՝ Արմեն և Գիքո: Համոզված եմ՝ հայերդ անգիր գիտեք․ Արմենն ու Գայանեն սիրահարված են միմյանց, Գիքոն էլ սիրահարված է Գայանեին ու չի թաքցնում իր խանդը, ավելին՝ Գայանեն պետք է պատկանի իրեն և վերջ: Հերոսիս գլխավորությամբ հետապնդում է ձեռնարկվում Գայանեի հանդեպ Գիքոյի անպատասխան սիրո ու նրա խելահեղ արարքների նկատմամբ: Կարճ ասած, հաղթում է Գայանեի ու Արմենի սերը, վերջին գործողությունում բոլորը հավաքվել են, նրանց հարսանյաց հանդեսն է: Ցնծում են բոլորը, երջանիկ են բոլորը… Եվ այստեղ մի պարը հաջորդում է մյուսին՝ կրակոտ, քնարական, կասեի՝ մեկը մյուսից վարակիչ: Նշեցի հիացմունքս բալետի հայ արտիստների հանդեպ, բայց առանձնահատուկ շեշտեմ ներկայացման մեջ խաղընկերներիս՝ Անահիտ Վասիլյանի (Գայանե), Միլիտոն Կիրակոսյանի (Գիքո) կերտած, այո, քանդակագործի արվեստով կերտած կերպարները, թեև վերջիններիս ձեր հանդիսատեսը շատ անգամ է հանդիպել…»:

Վերջին տարիներին մշակույթի տարբեր ոլորտներում ազատ ստեղծագործող արտիստների մշակույթը, գոնե մեզ հանդիպած, նկատելիորեն աճել է և ձևավորել իր առանձնահատուկ տեղը ժամանակակից արվեստի դաշտում: Մեր զրուցակիցն էլ նման արտիստների շարքերում է: Համամիտ լինելով մեր դիտարկմանը, Բրելն անկեղծացավ․ «Ազատ ստեղծագործողի, արվեստագետի գործունեությունը ոչ ավել, ոչ պակաս ծանր աշխատանք է, եթե թատրոնում ամսվա ընթացքում զբաղված ես լինում երեք-չորս կամ հինգ ներկայացումներում, ապա ես և իմ կարգավիճակում գտնվող արտիստների զբաղվածությունը ամենօրյա է՝ թատրոններ, համերգասրահներ, զվարճանքի վայրեր և այլն»:

Հարցին, թե կարելի է պատկերացնել նման աշխատանքի ծանր բեռը, բայց մյուս կողմից՝ ազատ արվեստագետն, ի տարբերություն, ասենք՝ թատրոնի մենապարողի, անհամեմատ շատ է վաստակում, արտիստն ընդամենն ասաց հետևյալը․ «Ես շուրջ երեք տարի ազատ ստեղծագործող եմ: Այո, ամեն Աստծո օր բեմում եմ և շատ գոհ եմ»:

Զրույցի ավարտին չեինք կարող չանդրադառնալ արտիստի, արվեստի այլ ոլորտներում նրա գործունեությանը նույնպես: Դիտարկմանը՝ դուք նաև մոդել եք, կինոյի և թատրոնի արտիստ, հետևաբար կուզեինք իմանալ, ինչը կամ որն է նման պահանջարկի՝ գուցե գաղտնիքը, Լև Բրելը հետևյալ պատասխանը տվեց․ «Ես բալետի արտիստ եմ, մոդել: Նկարահանվել և հանդես եմ գալիս ամենատարբեր շոուներում և ֆիլմերում: Ինչ վերաբերում է իմ պահանջարկին, գուցե փոքր-ինչ անհամեստ հնչի, բայց կարծում եմ, որ իմ մարմնի կառուցվածքը, դերասանական հմտություններս լրացնում են միմյանց, ինձ առանձնացնելով գործընկերներիցս, դարձնելով ավելի հետաքրքիր և ունիվերսալ»:

Սամվել Դանիելյան
Լուսանկարներում՝ Լև Բրելը երևանյան «Գայանեի» փորձերի ժամանակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031