«Սա կարեւորագույն խնդիրներից մեկն է, որն ունենք անհիշելի ժամանակներից, երբ Հանրայինը ծառայում էր օրվա իշխանությանը: Մեր բոլորի՝ հարկատուների փողերով պահվող մի հսկայական կառույց այսօր եւս աշխատում է օրվա իշխանությունների քարոզչությունը տարածելու համար: Որեւէ ընդդիմադիր միտք, խոսք, գաղափար չի կարող մտնել այնտեղ, իսկ եթե անգամ ձեւական առումով քեզ հնարավորություն են տալիս Հանրայինում ելույթ ունենալ, ապա այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ խոսքդ կամ տեղ չի հասնում, կամ մանիպուլացվում է քո ասածը՝ բոլորի կողմից համաժամանակյա հարձակման արդյունքում» ,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը, որը մասնակցում էր Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը վերադարձնելու օրակարգով՝ «ՆԺԱՐ»-ի նախաձեռնած քննարկմանը:
«Սա միայն մեր խնդիրը չէ… Հաշվի առնելով, որ գնում ենք ընտրությունների, բոլորի խնդիրն է լինելու, իհարկե, բացի նրանցից, որոնք աբոնեմենտ ունեն շահած իշխանությունների կողմից: Թեպետ իրենք ներկայանում են ընդդիմադիր, բայց բոլոր պրոիշխանական հարթակներն իրենցն են: Այնպես որ՝ այս հարցը պետք է հետաքրքրի բոլորիս»,-ասաց տիկին Կարապետյանցը:
Թե ինչպես են Հանրայինը վերադարձնելու հանրությանը, ինչ լծակներ, մեխանիզմներ կան դրա համար, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Ազդելու լծակներ որպես այդպիսին, բացի հանրային ճնշումից եւ հանրային պահանջ ներկայացնելուց, չկան: Իրավական որոշ գործիքներ կան, բայց դատական համակարգն այնպիսին է, որ եթե դիմում ես դատարան, դա կարող է տեւել ավելի երկար, քան Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը, հետեւաբար դա արդյունավետ չի կարող լինել: Ժամանակի, ռեսուրսների, էներգիայի, մասնագետների զբաղվածության տեսանկյունից մենք չունենք Նիկոլ Փաշինյանի եւ որոշ խմբերի ծավալը, բայց չպետք է հուսահատվել, պետք է օգտագործել այն գործիքները, որոնք ունենք… Դա ճնշումն է, խնդրի մասին խոսելը, նաեւ մեր գործընկերների հետ կքննարկենք, թե ինչ ռեալ գործիքակազմ կգտնենք խնդիրը լուծելու համար»:
Նինա Կարապետյանն ընդգծեց. «Տարբերակ չկա չազդելու, միեւնույն է՝ մի օր Հանրայինը վերադարձնելու ենք հանրությանը»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

















































