Aravot.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լեւոն Հովհաննիսյանը։ Վերջինս 2024 թվականի մայիսի 8-ի նշանակվել էր «Արթիկ» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 2-ից՝ նշանակվել պետ։
Մեր աղբյուրի համաձայն, պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է տեղակալ Ռուբեն Գասպարյանի վրա։
Ըստ մամուլի տեղեկությունների, օրեր առաջ «Արթիկ» ՔԿՀ-ից քրեական ենթամշակույթ կրող երեք դատապարտյալի տեղափոխել էին այլ ՔԿՀ-ներ, որից հետո պատիժ կրող անձինք անհնազանդության էին դիմել՝ չենթարկվելով աշխատողների պահանջներին։ Դրանից հետո պարզաբանում էր տարածել քրեակատարողական ծառայությունը՝ նշելով, որ վերջին շրջանում «Արթիկ» ՔԿՀ-ում քրեական ենթամշակույթի, արգելված իրերի դեմ պայքարի, խցերից չթույլատրված առարկաների եւ սահմանված չափանիշներին չհամապատասխանող կահույքի դուրսբերման աշխատանքները եւ այլ իրավաչափ գործողություններն ազատազրկված անձանց մոտ առաջացնում էին դժգոհություններ, որոնք ուղեկցվում էին անօրինական պահանջներով։
Կարդացեք նաև
«Հոկտեմբերի 24-ին ծառայողների կողմից վերոնշյալ հերթական գործողությունների իրականացման ընթացքում ազատազրկված անձինք խաթարել են հիմնարկի բնականոն աշխատանքը, ցուցաբերել են անհնազանդություն, անհարգալից վերաբերմունք եւ բացահայտ ագրեսիվ վարքագիծ՝ ֆիզիկական ուժ գործադրելով ծառայողների նկատմամբ։ Քրեակատարողական ծառայողների կողմից տարված բացատրական եւ կանխարգելիչ աշխատանքների արդյունքում իրավիճակը կարգավորվել է։ Ներկայում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրավիճակը կայուն է եւ գտնվում է ամբողջական վերահսկողության ներքո։ Միաժամանակ հարկ է նշել, որ նմանօրինակ անհնազանդության դրսեւորումները հակաօրինական են եւ առաջացնում են օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության հիմքեր»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ավելացնենք, որ ՀՀ արդարադատության նախարարի հոկտեմբերի 15-ի հրամաններով ՔԿՀ-ների պետերի փոխատեղում է կատարվել։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռուբեն Խալապյանը, որը «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետն էր։ Վերջինիս պետ է նշանակվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետ Ռոբերտ Թամարյանը։


















































