Սկիզբը՝ այստեղ:
Նիկոլ Փաշինյանի սիրելի արտահայտությունն է. «Հայաստանի ինքնիշխանությունը անվիճարկելի է» եւ խոստանում է, որ երբեք չի զիջի այն՝ անկախ արտաքին ճնշումներից։
«Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ինքնիշխան պետություն է, եւ մենք երբեք չենք զիջելու այդ ինքնիշխանությունը որեւէ մեկին»: (Ն.Փ. 2023թ., հոկտեմբերի 5, ԱԺ ելույթ)
«Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ադրբեջանը չեն կարող մեզ ստիպել հրաժարվել ինքնիշխանությունից»: (Ն.Փ. 2022թ, դեկտեմբեր)
Կարդացեք նաև
Երբ Սերժ Սարգսյանը բանակցում էր «5+2»-ի շրջանակներում, Նիկոլ Փաշինյանը միայն աղաղակում էր, որ Հայաստանը գնում է միակողմանի զիջումների, այնինչ տարիներ անց նույն մարդը ոչ միայն զիջեց ամբողջ Արցախը, այլեւ թշնամուն հաճոյանալու համար, շարունակում է զիջել ՀՀ անվիճելի տարածքից հատվածներ։
Իրականությունն այն է, որ վերջին տարիներին ՀՀ-ն զիջել է իր ինքնիշխանության կարեւորագույն բաղադրիչները՝ ներքին եւ արտաքին քաղաքական որոշումներից մինչեւ անվտանգության ու սահմանային վերահսկողություն։ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում՝ առանց հանրային համաձայնության, միայն արտաքին ճնշումների ազդեցությամբ։ Տավուշի եւ Սյունիքի հատվածների հանձնման որոշումները կայացվել են ոչ թե ՀՀ շահերով, այլ Բաքվի պահանջով կամ Արեւմուտքի ու Մոսկվայի ճնշմամբ։ Իշխանությունը բազմիցս անտեսել է հանրային կարծիքն անգամ այն ժամանակ, երբ ի հայտ են եկել զանգվածային բողոքի շարժումներ։ Ադրբեջանի սադրանքներին ու պահանջներին ի պատասխան՝ իշխանությունը գրեթե մշտապես ընդունել է միակողմանի զիջման քաղաքականություն։ Լաչինի միջանցքի փակումը, ադրբեջանական հարձակումները Սյունիքում մնացին առանց ուժեղ քաղաքական կամքի արձագանքի։
ՀՀ-ն վերջին տարիներին ավելի շատ է կորցրել իր ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը, քան երբեւէ։ Ինքնիշխանությունը միայն Սահմանադրության տեքստում եղած արտահայտությամբ չի սահմանափակվում։ Այն արտահայտվում է սեփական որոշման ազատությամբ, ժողովրդի կամքի հաշվի առնմամբ եւ ազգային շահի համար պայքարելու վճռականությամբ։ Ինքնիշխանությունը թղթով չի պահպանվում, այլ կամքով, միասնությամբ ու վճռականությամբ։ Իսկ երբ քո փոխարեն որոշում են՝ դու այլեւս անկախ չես՝ ինչ էլ ասես հանրությանն ուղեկցելու համար։
Շարունակելի
Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ
«Առավոտ» օրաթերթ
28.10.2025
















































