Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցական ակտիվի ժողով Հովհաննավանքում

Հոկտեմբեր 28,2025 10:00

Ֆրիդրիխ Նիցշեի «Զրադաշտում» կան այսպիսի տողեր. «Ամենացածրաձայն արտասանած բառերն այն բառերն են, որոնք փոթորիկ են առաջացնում: Մտքերը, որոնք քայլում են աղավնու քայլերով, իշխում են աշխարհում»: Դա այդպես է: Մասնավորապես, երբ կարդում ես Ավետարանը, դժվար է պատկերացնել, որ Քրիստոս, նույնիսկ վրդովմունքի, բարկության պահին, գոռգոռացել է: Բայց Նրա՝ ցածրաձայն արտասանած խոսքն արդեն 21 դար շարունակում է արձագանք գտնել մոտ 2,3 միլիարդ մարդկանց սրտերում:

Բայց այդ ահռելի թվի մեջ հաստատ կան մարդիկ, որոնք մինչեւ վերջ չեն հասկանում, թե ինչ է նշանակում լինել Քրիստոսի հետեւորդ: Չգիտեն, օրինակ, թե ինչի համար է պետք Պատարագը եւ Սուրբ Հաղորդությունը: Դրանից առաջ անհրաժեշտ է հանգիստ, կենտրոնացած վիճակում գտնվել, ընթերցել Սուրբ Գիրքը, աղոթել, ապաշխարել: Ինչպես գրում է մեր միջնադարյան հռետորներից մեկը՝ Գեւորգ վարդապետ Սկեւռացին, «Քրիստոս, Իր Մարմնով եւ Արյամբ մեզ կերակրելով, կամենում է, որ աստվածանման դառնանք»:

Դե, հիմա ինքներդ դատեք, թե որքանով է հարիր Պատարագից առաջ, դրա ժամանակ եւ դրանից հետո քաղաքական աղմուկ-աղաղակը, «ֆյուրերի» հանդեպ «համաժողովրդական սիրո» ցուցադրությունները: Այս անպատեհությունը, հավանաբար, չէր ընկալում անգամ Ստեփան Ասատրյանը (նախկին Տեր Արամը), որն իր մեջ հեզություն չգտավ՝ ենթարկվելու եկեղեցական կարգին եւ Փաշինյանի «շիրա տալով», որոշեց շարունակել իր քահանայի ծառայությունը:

Եթե Ստեփանը ցանկություն ունի իր սերը, իր հավատարմությունը, իր հիացմունքն արտահայտել իր քաղաքական լիդերի նկատմամբ, ապա, բնականաբար, նա կարող է դա անել ցանկացած տեղում, բայց ոչ՝ Պատարագի ժամանակ: Բայց նա արեց դա՝ հատուկ ծափահարությունների արժանանալու ակնկալիքով: Ի՞նչ է նշանակում Տիրոջ պատկերի առաջ ծափահարել միջոցառմանը ներկա քաղաքական լիդերին:

Դա արդեն չեղավ Պատարագ, դա կուսակցական ժողով է: Ինչպես բացականչեց նիկոլապաշտ ակտիվիստներից մեկը` «Թքած ունեմ, թե որտեղ եմ»: Համենայնդեպս, անկեղծ է:

…Ինչպես խորհրդային շրջանի կուսակցական ակտիվի ժողովների ժամանակ, անցած կիրակի «պատարագ» կոչվող միջոցառման ժամանակ նույնպես հնչում էին գովաբանական կոչեր (здравицы) «առաջնորդի» հասցեին: Բայց նույնիսկ բոլշեւիկները խուսափում էին իրենց կուսակցական ժողովներն անցկացնել եկեղեցում:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031