Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի ազգային ինստիտուտ, լինի Եկեղեցին, դպրոցը, բանակը, չի կարող արդյունավետ գործել պառակտված հանրության պայմաններում. «Փաստ»

Հոկտեմբեր 28,2025 10:10

Սովորաբար, հասարակական ճգնաժամի պայմաններում ազգը միավորվում է ընդհանուր սպառնալիքի դեմ, սակայն մեր իրականության մեջ փոխադարձ անվստահությունը, անվերահսկելի պառակտումը և թշնամական խոսքի գերակայությունը դարձել են ներկա ժամանակի գլխավոր նշանները։ 2018 թվականից սկսած քաղաքական դաշտի բաժանումը «սևերի» ու «սպիտակների» հեղեղի պես տարածվեց հանրության բոլոր շերտերում: Սոցիալական ցանցերում ու հանրային դիսկուրսում ատելության խոսքը դարձավ հիմնական արտահայտչամիջոց։ Մարդուն կամ մարդկանց խմբերին իրենց դիրքորոշումների համար պիտակավորելը, վարկաբեկելը, չարախնդալը, նույնիսկ ֆիզիկական հաշվեհարդարի բացահայտ կոչերը դարձան օրինաչափություն։

Այս աղետալի միջավայրում ատելությունն ու թշնամանքը դառնում են հանրային մթնոլորտի, ինչպես նաև ինքնության ձևավորման մեխանիզմ։ Մարդիկ սկսում են իրենց ինքնությունը կառուցել ոչ թե համախմբող, այլ հակադրվող հենքի վրա։ Ինքնության այսպիսի մոդելը վտանգավոր է, քանի որ այն վիժեցնում է ազգային համերաշխության և հասարակական վստահության այն համակարգը, որի վրա դարեր շարունակ հենվել է հայությունը։ Երբ հասարակական դիսկուրսը հիմնված է այդքան բացահայտ ատելության խոսքի, պառակտման և պիտակավորման վրա, ազգային հոգևոր կյանքը կորցնում է իր համախմբող, միավորող ներուժը, իսկ հանրային կապերը դառնում են անընդհատ լարումների և բախումների աղբյուր։

Թշնամանքի գերակայությունը ոչ միայն խաթարում է հասարակության հոգևոր հիմքերը, այլև շղթայական ռեակցիայով տարածվում է կրթության, մշակույթի և նույնիսկ տնտեսության վրա։ Հասարակությունը դադարում է լինել միասնական, ընդհանուր նպատակի, երազանքի կրող, այլ վերածվում է մասնատված խմբերի, որոնք միմյանց նկատմամբ դրսևորում են անվստահություն, անագոնիզմ և հակոտնյա մոտեցումներ։ Այս տևական պառակտման պայմաններում հատկապես տուժում է երիտասարդությունը, որը սոցիալական ցանցերի ազդեցության ներքո ձևավորում է ոչ թե ազգային, այլ խմբային ինքնություն, որը միշտ հակադրություններ է փնտրում հանրային ու քաղաքական դաշտում։

Մյուս կողմից էլ՝ հասարակության մեջ տարածված անհանդուրժողականությունը, անտարբերությունը և թշնամանքը դառնում են ապագայի նկատմամբ հուսահատության, արտագաղթի և սեփական արժեքների նկատմամբ անվստահության պատճառ։ Իսկ թշնամանքի գերակայությունն ինքնին վերածվել է ինքնաբազմացվող երևույթի, որը ինքն իրեն սնուցում է՝ նորանոր հիմնավորումներ ու պատճառներ ստեղծելով։ Հասարակությունն այս պայմաններում կորցնում է իր դիմադրողականությունը ցանկացած արտաքին և ներքին մարտահրավերի հանդեպ, որովհետև չի կարողանում ձևավորել այն արժեքային հիմքերը, որոնք անհրաժեշտ են պետության ամրացման, զարգացման և ապագայի երաշխավորման համար։ Ավելին, պառակտված հասարակությունը դառնում է ավելի խոցելի արտաքին ազդեցությունների, քարոզչության, միջամտությունների և մանիպուլ յացիաների հանդեպ։ Ոչ մի ազգային ինստիտուտ, լինի Եկեղեցին, դպրոցը, բանակը, մշակութային կամ գիտական հաստատությունները, չի կարող արդյունավետ գործել պառակտված հանրության պայմաններում, որտեղ ցանկացած նախաձեռնություն կամ կարծիք ընկալվում է որպես «կողմ կամ դեմ լինել», իսկ հանրային երկխոսությունը ոչ միայն բովանդակազուրկ է, այլև հիմնված է փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների վրա։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031