ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը մասնակցել է կիրակի օրը Հովհաննավանքում մատուցված «պատարագին», որին մասնակցում էր նաեւ Նիկոլ Փաշինյանը․ այս մասին նա ասաց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
Իսկ «պատարագին» իր մասնակցությունն այսպես հիմնավորեց․ «Դրական եմ վերաբերվում դրան։ Եթե գոյություն ունեն կարգեր եւ կանոններ, բոլորս ենք պարտավոր դրական վերաբերվել այդ կարգերին եւ կանոններին՝ այդ թվում եւ պետական պաշտոնյաները, այդ թվում եւ եկեղեցական այրերը»։
Թե ի՞նչ կարգի եւ կանոնի մասին է խոսքը, եթե «պատարագ» մատուցող քահանան կարգալույծ է եղել՝ եկեղեցական կարգով, պետական պաշտոնյան ասաց․ «Կարգալույծ է եղել տվյալ քահանան․․․ տվյալ քահանան այդ պահին այնտեղ իր պարտականություններն էր կատարում, մատուցեց շատ հագեցած ծառայություն, որին մենք մասնակցեցինք եւ շնորհակալ ենք դրա համար իրեն»։ Ճշտող ուղիղ հարցին՝ «պատարագն» անօրինական չէր, պետական պաշտոնյան պատասխանեց՝ իր կարծիքով՝ ոչ։ Հարցը՝ ինքն էլ չի հարգում եկեղեցու որոշումը, մնաց անպատասխան։
Սուրեն Թովմասյանն ասաց, որ բոլոր կիրակիներին չի մասնակցում պատարագի, բայց հաճախ է մասնակցում եւ լինում է այն եկեղեցում, որին մոտ է գտնվում իր տունը։ Առաջիկա կիրակիի համար դեռ ծրագրեր չունի, բայց հավանաբար կմասնակցի պատարագի։ Հարցին ՝ այս կիրակի՞ էլ է մասնակցելու Հովհաննավանքում «պատարագի», եթե Փաշինյանն ասի, Սուրեն Թովմասյանը պատասխանեց. «Ես իմ կամքով մասնակցում եմ այն պատարագներին, որոնց ցանկանում եմ մասնակցել: Հավանաբար կմասնակցեմ, այս պահին չեմ կարող ասել»։
Կարդացեք նաև
«Կներեք, ես նման բան չեմ տեսել»,- սա էլ Սուրեն Թովմասյանի պատասխանն էր հարցին՝ եթե յուրաքանչյուր ոք ազատ է, ինչո՞ւ քաղաքացու բերանը փակեցին եւ դուրս հանեցին Հովհաննավանքից։
Եկեղեցիները՝ գույքերով, պետությանը վերադարձնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին հարցին էլ Սուրեն Թովմասյանը պատասխանեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ հողերի սեփականատեր է հանդիսացել ՀՀ-ն, ՀՀ կառավարությունն է որոշել, թե ինչպե՞ս բաշխել հողերը ու ըստ այդմ տրվել են այսպես ասած, կադաստրի վկայականներ։ Ըստ նրա, 600-700 անշարժ գույք ունի Եկեղեցին, դրանցում առկա են այնպիսի կառույցներ, որոնք ազատված են գույքահարկից եւ հողի հարկից, բայց ավելի մանրամասն չի կարող հարցերին պատասխանել, խնդրեց առանձին գրավոր հարցումներ ուղարկել։
Ավելի ուշ Սուրեն Թովմասյանը տեղեկացրեց, որ կառավարության օրակարգում է նախկինում սեփականաշնորհված գույքերի սեփականաշնորհման հիմքերի ուսումնասիրությունը եւ եթե գործընթացում անճշտություններ կան, գույքերը կվերադարձվեն պետությանը, կվերացվեն անճշտությունները եւ նոր որոշումներ կկայացվեն տվյալ գույքերի մասով։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































