Լրահոս
Օրվա լրահոսը

«20-40 ոստիկան եք ուղարկում, մարդուն կարծիքի համար բանտարկում․ զգույշ եղեք, դուք հավակնում եք ԵՄ թեկնածու երկիր լինել»․ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր

Հոկտեմբեր 28,2025 13:46

«Վերջապես Հայաստանը հավակնում է ԵՄ թեկնածու լինել, մենք պետք է լուծենք ներքին խնդիրները։ Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին չէ խոսքը, այլ այն, ինչ տեղի է ունենում ՀՀ քաղաքներում։ Չեմ եկել ձեզ դատելու համար, բայց 20-40 ոստիկաններով մարդկանց կալանավորում են։ Եթե, օրինակ, կաշառքի համար է, այլ է, բայց երբ կարծիքի համար են դատում, սոցցանցերում հայտնած կարծիքի համար, ուշադիր, զգույշ եղեք, սա անընդունելի է»,- Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը՝ անդրադառնալով ՀՀ-ում ձերբակալություններին։

Նա զգուշացրեց՝ մենք շատ լավ գիտենք՝ ինչ է տեղի ունենում, որ մարդկանց կարող են ձերբակալել սոցցանցերում ինչ-որ բան գրելու համար․ «Սա արդեն մեթոդ է։ Ժողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար, օրինակ՝ գնանք Ստամբուլ։ Հայկական իշխանությունները պետք է ուշադիր լինեն այս հարցերին, եթե դուք հավակնում եք ԵՄ թեկնածու երկիր լինել»։

Նա մտահոգություն հայտնեց, որ ՀՀ իրավական համակարգում շարժվում են խորհրդային իրավական համակարգից եկած ժառանգությամբ․ «Մեղադրենք, ուղարկենք բանտ, հետո կտեսնենք։ ՀՀ արդարադատության նախարարը փորձում է պայքարել այս պատմական ժառանգության հետ։ Տեղյակ եղեք նման դեպքերի մասին, քանի որ շատ խորն ուսումնասիրել ենք այս դեպքերը»։

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նիստի համանախագահող Արման Եղոյանն էլ բարձրացված քննադատություններին այսպես արձագանքեց․ «Կարծում եմ, որ քրեական դատարանները բոլոր եվրոպական երկրներում ունեն հանցագործություններ, որոնք արտահայտվում են կոչերի, բառերի միջոցով, օրինակ՝ կոչ ենք անում բռնության, ահաբեկչության։ Ներողություն, բայց մեր երկրում գուցե ինչ-որ մեկն իր գլխում նման կարծիք է ունեցել, և երբ դա արտահայտվում է, վերածվում է հանցագործության։ Եվ սա հենց այն պատճառն է, թե ինչու են այն մարդիկ, որոնց մասին խոսում ենք, հիմա բանտում։ Նրանք արտահայտել են այն կարծիքը, ինչը նրանք պատրաստվում են իրականացնել։ Սա ՀՀ-ում և բոլոր եվրոպական երկրներում հանցանք է։ Ինչ վերաբերում է այլ կալանավորներին, օրինակ՝ Սամվել Կարապետյանին, նա 4 միլիարդ եվրոյի կարողությամբ ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Եվ եթե նա ասում է, որ եթե ոչ քաղաքական գործիչները, մենք «մեր ձևով» կմիջամտենք, սա կարող է միջամտություն ընկալվել։ Ո՞րն է նրա ձևը, եթե ոչ քաղաքականությունը»։

Հիշեցնենք, որ իրականում Սամվել Կարապետյանը Մայր Աթոռի պաշտպանությանն անդրադառնալով՝ ասել էր. «Եթե դա չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք այդ ամեն ինչին ԿՄԱՍՆԱԿՑԵՆՔ մեր ձևով»:

Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031