Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Իմ հաշվումներով՝ արդեն մոտ 30 հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, որով անցնում են ԱԺ ՔՊ խմբակցության 25 պատգամավորներ»

Հոկտեմբեր 28,2025 15:45

«Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանը քաղաքացիների ընդունելության շրջանակներում այսօր պետք է հանդիպեր ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Քաղաքացիների հետ հանդիպումն այս անգամ պետք է անցկացներ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանը, որը 2024 թվականին է պատգամավորական մանդատ ստացել, իսկ դրանից առաջ եղել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը: Սակայն նա մեծամասնության ձեւավորած «ավանդույթի» համաձայն՝ միայն Էդգար Ղազարյանին նպատակահարմար չհամարեց ընդունել:

Այս առիթով Էդգար Ղազարյանը լրագրողներին ասաց. «Մայիս-հունիս, սեպտեմբեր-հոկտեմբեր: Ես չորս ամիս ԱԺ բոլոր հանձնաժողովների, ինչպես նաեւ ԱԺ երկու փոխնախագահների ընդունելություններին եմ գրանցվել: Դժվարանում եմ ասել, թե արդեն քանի ընդունելություն չի կայացել: Իմ հաշվումներով՝ արդեն մոտ 30 հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, որով անցնում են ԱԺ ՔՊ խմբակցության 25 պատգամավորներ: Բայց վարույթներ չեն նախաձեռնում՝ ոչ մի հիմնավորում չունենալով: Քննիչը քրեական դատավարության օրենսգրքից մի քանի հոդված է արտագրում գրության մեջ եւ ասում, որ նպատակահարմար չի համարում վարույթ նախաձեռնել: Ես դրանք բողոքարկում եմ»:

Նա նաեւ նշեց, որ մի դեպք կա, որ բողոքարկումը հասել է դատարան, դատարանը նախաքննական մարմնին պարտավորեցրել է վարույթ նախաձեռնել. «Նրանք նախաձեռնել են եւ շատ կարճ ժամանակ հետո վարույթային գործողություններ իրականացնելու իմ բոլոր միջնորդությունները մերժում են եւ ազդարարում վարույթն ավարտելու մասին»:

«Ես դրանք բողոքարկում եմ, հիմա դատական պրոցեսների մեջ եմ, եւ իրավական պրոցեսի փաստաթղթերի մի ամբողջ արկղ է առաջացել: Ինձ ժամանակ է պետք իրավական գործընթացներին ուշադրություն դարձնելու համար: Հավանաբար, հաջորդ ամիսներին կգրանցվեմ միայն ԱԺ փոխնախագահների՝ Հակոբ Արշակյանի եւ Ռուբեն Ռուբինյանի մոտ ընդունելություններին:

ԱԺ նախագահի ընդունելություն ուղղակի չկա: Քաղաքացիների ամեն ամսվա ընդունելության նախաձեռնությունը ԱԺ-ինն է, իսկ ընդունելության պաշտոնյաների ցանկի մեջ ԱԺ նախագահը չկա: Կարծում եմ, որ կարելի է նաեւ իրեն դիմել եւ որպես ԱԺ նախագահի տեղյակ պահել, թե ինչ է կատարվում Ազգային Ժողովում»,- ասաց Էդգար Ղազարյանը լրագրողներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    ԿԵՑՑԵ՛Ս,
    Հուսանք, որ մինչև ընտրություններ կհասցնես հաղորդումներ ներկայացնել մնացած բոլորի մասին, որ ոչ ոք չպլստա․․․
    իսկ ընտրություններից հետո ամեն բան կվերսկսվի նորից։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031