Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնական» և «լրացուցիչ» գործեր լինել չեն կարող, ցանկացած փաստաբան իր կարգավիճակի ուժով իրավունք ունի մուտք գործել ցանկացած ՔԿՀ. Առնոլդ Վարդանյան

Հոկտեմբեր 28,2025 15:50

Փաստաբան Առնոլդ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր ժամը 12:00-ին վերջապես ապահովվեց իմ անարգել մուտքը «Երևան Կենտրոն» ՔԿՀ՝ վստահորդ Վարդան Ղուկասյանին տեսակցելու և իր պաշտպանության իրավունքի ապահովման հետ կապված հարցերը գործընկեր փաստաբաններ՝ Զարուհի Փոստանջյանի և Արամայիս Հայրապետյանի մասնակցությամբ քննարկելու համար։ Նշված տեսակցությունն ապահովվեց առանց իմ կողմից որևէ գրություն ուղարկելու կամ գործողություն կատարելու, ինչը ոչ իրավաչափորեն պահանջվում էր երեկ՝ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ի ծառայողների կողմից։

Ընդ որում, երեկ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը մեկնաբանություն էր գրել, մեխանիկորեն վկայակոչելով ձևանմուշի բաղկացուցիչ մասը կազմող իրավական նորմեր, հայտնելով, թե քրեակատարողական հիմնարկում իմ՝ պաշտպան լինելու վերաբերյալ տեղեկություն առկա չի եղել։ Ավելին, իբր ինձ ՔԿՀ ծառայողների կողմից հայտնվել է, որ անհրաժեշտ է սպասել, իսկ ես չեմ սպասել և հեռացել եմ։ Եվ ամենակարևորը՝ պարզաբանումների արդյունքում, վերջապես պարզվել է, որ ես հանդիսանում եմ քրեական վարույթով ներգրավված պաշտպան։

Առաջին, բացարձակ իրականությանը չի համապատասխանում այն, թե իբր ինձ հայտնել են սպասել, ես էլ հեռացել եմ։ Ես գտնվել եմ ԱԱԾ անցագրային բյուրոյում ժամը 10:00-ից մինչև մոտ ժամը 12:00-ն։ Այդ փաստը հաստատվել է ինձ հետ այդտեղ գտնվող փաստաբան գործընկերների, ԱԱԾ տեսաձայնագրող սարքերի և այդտեղից ուղարկված հրատապ հաղորդումների միջոցով։ Այդ ընթացքում որևէ ՔԿՀ ծառայող, այդ թվում՝ կապի մեջ գտնվող ՄԻՊ, ՀՀ ԱՆ, ոստիկանության աշխատակից, որևէ կերպ չի հայտնել, թե ՔԿՀ ծառայողները ստուգում են իրականացնում և մոտ երկու ժամից ավել կարիք ունեն այս «բարդ» հարցը պարզելու համար։ Ընդհակառակը, բոլորը միաբերան հայտնել են, որ բացակայում է տեղեկատվություն իմ՝ որպես պաշտպան ներգրավված լինելու վերաբերյալ, ինչը փաստացի պաշտոնապես հերքվեց։

Երկրորդ, «Երևան Կենտրոն» ՔԿՀ ծառայողները նույնիսկ չեն ցանկացել իջնել ընդունարան և ընթերցել իմ մոտ առկա փաստաթղթերը՝ հեռախոսով բառացի հայտնելով, որ «մենք տենց փաստաթղթեր շատ ենք տեսել, գիտենք բովանդակությունը, բայց դուք ներգրավված պաշտպան չեք հիմնական գործով»։

Երրորդ, «հիմնական» և «լրացուցիչ» գործեր լինել չեն կարող, ցանկացած փաստաբան իր կարգավիճակի ուժով իրավունք ունի մուտք գործել ցանկացած ՔԿՀ։ Հնարավոր է փաստաբանը մի գործով ներգրավվի կամ մի քանիսով, դա չի կարող լինել չափանիշ որոշելու համար, թե փաստաբանին թույլ տալ մուտք գործել ՔԿՀ, թե ոչ։ Ավելին, ի տարբերություն մեխանիկորեն վկայակոչվող նորմերի և դրանց տրվող ակնհայտ սխալ մեկնաբանության, ի գիտություն տեղեկացնում եմ, որ բոլոր հնարավոր միջազգային չափանիշներով, այդ թվում՝ Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար (Հավանայի) սկզբունքներով, «Փաստաբանի մասնագիտական գործունեության պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայով, դրա մեկնաբանություններով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով, ուղղակիորեն երաշխավորվում է փաստաբանի ԱՆԱՐԳԵԼ տեսակցությունն իր վստահորդի հետ՝ նույնիսկ առանց որևէ դատավարական կարգավիճակ ունենալու։

Ի գիտություն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, հարկ է նշել, որ փաստաբանի մատչելիության ապահովման առումով Հայաստանում ստեղծվող խոչընդոտների անթույլատրելիությունն արձանագրվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի՝ 2025 թվականի ապրիլի 29-ին Հայաստանի վերաբերյալ ընդունված 5-րդ պարբերական զեկույցում, որի քննարկմանը ապրիլի 15-ին նաև մասնակցել է ՀՀ ԱՆ պատվիրակությունը։

Կրկին պետք է արձանագրել, որ փաստաբանների՝ փակ հաստատություններ մուտքի ապահովման առումով մշտապես բարձրացվող խնդիրն արհեստական է ստեղծվում և բոլորը հետևողականորեն խուսափում են այն լուծելու հնարավորությունից։

Ես դեռ չեմ նշում, թե ի՞նչ գրաքննության են ենթարկվում վստահորդին փոխանցվող փաստաթղթերը, ինչպե՞ս է ամեն անգամ խնդրահարույց դառնում փաստաբանի՝ համակարգչով ՔԿՀ մուտք գործելու հնարավորությունը, և այսպես շարունակ։

Այս արատավոր պրակտիկայի և դրա շարունակականության մասին իմ կողմից հատուկ ընթացակարգով հաղորդագրություն կուղարկվի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե (European Committee for the Prevention of Torture (CPT)), ինչպես նաև ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե (CAT)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031