Ամփոփագիր
Վերջին օրերին մասնավոր բնակարանի տարածքում իրականացված գաղտնի տեսահսկման եւ դրանով ստացված տեսագրությունների հրապարակման դեպքը վկայում է Հայաստանում մասնավոր կյանքի անձեռնմխելիության (անձնական կյանքի գաղտնիության) իրավունքի և անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առաջացող համակարգային ռիսկերի մասին։ Դեպքը, ըստ էության, վերաբերում է առանց իրավական հիմքի իրականացված տեսահսկմանն ու ստացված տվյալների տարածմանը, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում մասնավոր կյանքի անձեռնմխելիության եւ անձնական տվյալների պաշտպանության իրավունքներին ոչ իրավաչափ միջամտության և պետության կողմից մարդկանց այդպիսի միջամտություններից պաշտպանելու արդյունավետ մեխանիզմների ապահովման վերաբերյալ։
Փաստական հանգամանքներ
Համացանցում սոցիալական ցանցերի տարբեր օգտատերերի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 25-ին տարածվել է տեսագրություններ, որի սկզբնաղբյուրը՝ ըստ տեղեկությունների, Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքն է: Տեսագրություններն առերեւույթ ստացված են մասնավոր բնակարանի լոգասենյակում եւ հյուրասենյակում իրականացված գաղտնի տեսահսկմամբ եւ պատկերում են տղամարդու եւ կնոջ նեղ անձնական (ինտիմ) կյանքի դրվագներ:
Ըստ տեսագրություններն ուղեկցող նկարագրության՝ տեսագրություններում ենթադրաբար Հայ առաքելական եկեղեցու կուսակրոն հոգեւորական է, ում անձի շուրջ ձեւավորված է որոշակի հանրային հետաքրքրություն՝ կապված իր հոգեւոր ծառայության հետ: Էական է, որ տեսագրություններում առկա մյուս անձը՝ կինը, հանրային անձ կամ հանրային հետաքրքրություն (չխառնել հետաքրքրասիրության հետ) ներկայացնող անձ չէ։
Իրավական կոնտեքստ
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 12-րդ հոդվածը սահմանում է, որ ոչ ոք չի կարող ենթարկվել իր անձնական ու ընտանեկան կյանքում կամայական միջամտության,(…): Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի պաշտպանության իրավունք:
Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 17-րդ հոդվածը սահմանում է, որ ոչ ոք չի կարող ենթարկվել քմահաճ կամ անօրինական միջամտության իր անձնական և ընտանեկան կյանքին, (…): Յուրաքանչյուր մարդ ունի այդպիսի միջամտությունից կամ այդպիսի ոտնձգություններից օրենքի պաշտպանության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, (…) նկատմամբ հարգանքի իրավունք։ Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, (…) անձեռնմխելիության իրավունք: Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք: Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:
ՀՀ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու կամ այդ տեղեկությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու նպատակով ձեռք բերելու կամ պահելու, ինչպես նաեւ այդ տեղեկությունը հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով տարածելու համար:
Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքը 4-րդ, 5-րդ եւ 8-րդ հոդվածներով յուրաքանչյուրի անձնական տվյալները բացառապես օրինական նպատակով, համաչափորեն եւ պատշաճ իրավական հիմքով մշակելու պահանջները:
Խնդիրները եւ եզրակացություն
Նկարագրված դեպքում բացակայում է մասնավոր տարածքում (բնակարանում) տեսահսկման տեխնիկական միջոցներ տեղադրելու եւ մարդկանց գաղտնի տեսահսկում իրականացնելու որեւէ իրավական հիմք:
Առանց պատշաճ իրավական հիմքի, այն է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացված տեսահսկմամբ ձեռք բերված տվյալների հետագա հրապարակումը նույնպես իրավաչափ չէ:
Անկախ նրանից, թե ովքեր են տեսահսկվող անձինք’ առանց պատշաճ իրավական հիմքի մարդկանց տեսահսկումը արդեն իսկ խախտում է անձնական տվյալների մշակման օրինականությունը: Իսկ առանց պատշաճ իրավական հիմքի տեսահսկմամբ մարդու անձնական կյանքի տվյալների տեսագրումն այն պարագայում, երբ մարդն ունի գաղտնիության հիմնավոր ակնկալիք, խախտում է մարդու ոչ միայն անձնական տվյալների պաշտպանության, այլ նաեւ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը:
Առանց իրավական հիմքի մարդու տվյալների մշակումը, այդ թվում գաղտնի տեսահսկմամբ ստացված տեսանյութերի հետագա օգտագործումը կամ տարածումը ցանկացած պարագայում իրավաչափ չէ, անգամ եթե առերեւույթ հիմնավորված է որեւէ նպատակով:
Անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է իրականացվի բացառապես սահմանադրությամբ նախատեսված հիմքերով, համաչափության սահմանադրական սկզբունքի պահպանմամբ եւ միայն օրենքով սահմանված դեպքերում ու կարգով։ Իսկ անձնական տվյալների ցանկացած մշակում պետք է իրականացվի բացառապես բարեխղճորեն’ պարտադիր ապահովված լինելով օրինական նպատակի, համաչափության եւ իրավական պատշաճ հիմքի միաժամանակյա առկայությամբ։
Խորհրդատվականներ
Խնդրո առարկա տեսագրությունները տարածվել են սոցիալական ցանցերի տարբեր օգտատերերի կողմից, հանրային լայն քննարկման առարկա են առնվազն Facebook սոցիալական ցանցի հայկական տիրույթում, սակայն այս փաստաթուղթը պատրաստելու պահին հայտնի չէ մարդու անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման կամ անձնական կյանքի անձեռնմխելիության (գաղտնիության) իրավունքի խախտման կապակցությամբ ՀՀ պետական իրավասու մարմինների կողմից նախաձեռնված որեւէ գործողության մասին:
Մարդու անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաեւ մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունն անօրինական միջամտությունից երաշխավորված են օրենքով: Ուստի, ՀՀ իրավասու մարմինները, մասնավորապես, անձնական տվյալների պաշտպանության մասով Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը (Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը), իսկ անձնական կյանքի անձեռնմխելիության (գաղտնիության) իրավունքի մասով իրավապահ մարմինները, պետք է իրենց իրավասությունների շրջանակում քննարկեն մասնավոր բնակարանում գաղտնի տեսահսկման իրականացման եւ այդպիսով մարդկանց անձնական տվյալների հավաքման, ամրագրման եւ դրանց հետագա մշակման (հրապարակման) իրավաչափությունը:
Ընդ որում, բացի առանձին իրավունքների ենթադրյալ խախտումները բացահայտելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելը, պետությունը պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնի՝ բացառելու համար նման երեւույթներն ապագայում։ Այս համատեքստում կարեւոր դեր կարող են ունենալ Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականները անձնական կյանքի անձեռնմխելիության եւ անձնական տվյալների պաշտպանության իրավունքներին նման առերեւույթ ոչ իրավաչափ միջամտության վերաբերյալ: Նման միջոցառումների բացակայությունը սպառնում է խաթարել Հայաստանում անձնական կյանքի անձեռնմխելիության եւ անձնական տվյալների պաշտպանության՝ Սահմանադրությամբ և կոնվենցիաներով երաշխավորված իրավունքները:
Տվյալների պաշտպանության կենտրոն
Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով:


















































