ՀԷՑ-ի գործով վարչական վարույթի եզրային ժամանակահատվածը նոյեմբերի 18-ին է․ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ հավելելով, որ մինչ այդ ժամկետը հանձնաժողովը կամփոփի վարույթը եւ որոշում կկայացնի։ Բայց քանի որ վարույթը դեռ ընթացքի մեջ է, ինքն ասաց՝ իրավասու չէ ոչ դիրքորոշում հայտնելու, ոչ էլ տեղեկություններ հրապարակելու՝ ի տարբերություն ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանի․ նա ունի տեղեկություններ հրապարակելու իրավունք։
Լիցենզիայի դադարեցման հարց կարո՞ղ է առաջանալ՝ հարցին նա պատասխանեց, որ ցանկացած վարույթ ունի մի քանի ելք՝ նկատողություն, տույժ-տուգանք, լիցենզիայի կասեցում եւ այլն, թե այս վարույթն ինչո՞վ կավարտվի՝ չի կարող ասել։ Մինչ այժմ կատարված ուսումնասիրությունների մասին իր եզրահանգումների մասին էլ հրաժարվեց խոսել։
Կրկնեց՝ կաշկանդված չէ ոչ իր ՔՊ նախկին անդամ լինելով, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարություններով։ Հիշեց՝ հանձնաժողովում նախկին ՀՅԴ-ական էլ կա, բայց դա չի ազդում աշխատանքի վրա, քանի որ հանձնաժողովում աշխատանքի անցնելով կուսակցական գործունեությունը դադարեցվում է։
Մեղադրանքների մասին հարցին, որ ինքը դարձել է կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի կցորդը եւ կատարում է նրանց հանձնարարությունները, պատասխանեց, որ մեծամասամբ ապատեղեկատվություն է։ Հիմնավորեց այսպես՝ ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը չհաստատելն օբյեկտիվ պատճառներ ունի, քանի որ ոչ թե տվյալ տարվա ծրագիրը չի հաստատվել, այլ հավելյալ եւ վերանայված ծրագրերը։ Չհամաձայնեց դիտարկմանը, որ հավելյալ ներդրումային ծրագիրը չի հաստատվել, քանի որ Նիկոլ Փաշինյանի հեռահար ծրագրերը կային ՀԷՑ-ի մասով․ «Չէ, դա այդպես չի»։
Կարդացեք նաև
Նա ասաց, որ այս պահին իրավասու չէ պատասխանել հարցին, թե ինչո՞ւ միջազգային արբիտրաժի որոշումը չեն կատարել․ այդ մասին էլ կխոսի վարույթի ավարտից հետո։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































