Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրի Հունանյանը շարունակում է հոգեմետ դեղեր ընդունե՞լ. Պատկան մարմինները խուսափում են բարձրաձայնել. «Փաստինֆո»

Հոկտեմբեր 28,2025 22:40

 «Փաստինֆո».«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության պարագլուխ,  ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը շարունակվում է որոշ շրջանակների կողմից օգտագործվել քաղաքական նպատակներով։ Եւ սա այն դեպքում, երբ սույն անձը տարիներ շարունակ օգտագործել է հոգեմետ դեղեր։

Հիշեցնենք, որ ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի ոչ ադեկվատ հոգեկան վիճակի մասին հայտնի դարձավ 2019 թվականի հոկտեմբերին, երբ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ այցելել է քրեակատարողական հիմնարկ ու առանձնազրույց ունեցել Նաիրի Հունանյանի հետ, հենց պատգամավորը հայտարարեց, որ Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում։

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Քրեակատարողական ծառայությունից 2019 թվականի հոկտեմբերի 28-ին հայտնել էին, որ ահաբեկիչը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010 թվականից։

«2010թ.-ից մինչ օրս ստանում է հոգեմետ դեղորայք, որոնք նշանակվել են տարբեր տարիներին և՛ դատապարտյալների հիվանդանոցի ՔԿՀ մասնագետի, և՛ Առողջապահության նախարարության մասնագետների, և՛ ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների ախտորոշումների հիման վրա: Ներկայումս գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետի հսկողության ներքո»,- ասել էին ՔԿԾ մամուլի ծառայությունից։

Ավելի ուշ, սակայն, Նաիրի Հունանյանի հոգեկան առողջության մասին տեղեկությունը համարվեց գաղտնի։ 44-օրյա պատերազմից հետո Հունանյանի անձը օրվա իշխանության համար կարծես առավել մեծ կարեւորություն ձեռք բերեց, թերեւս, քաղաքական խարդավանքների համատեքստում ու սահմանափակվեց նրա անձի վերաբերյալ որեւէ տեղեկատվության տրամադրումը։ Նախ՝ 2020թ ՔԿԾ-ից այլևս չպատասխանեցին հարցումներին՝ ուղղորդելով դեպի այն ժամանակ նորաստեղծ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, ապա՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտը․ որտեղ քննվում էր «Հոկտեմբերի 27»-ի գործով անջատված մասով քրեական գործը, այդպես էլ չհստակեցրեց, թե առհասարակ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակվել է Հունանյանի նկատմամբ, որի մեղսունակությունը խիստ կասկածի տակ էր, թեև վերջինս հարցաքննվում է վերաբացված գործի շրջանակներում, ինչը կասկածի տակ է դնում նաև վերաբացված գործի քննության որակը։

«Փաստինֆո»-ն կրկին դիմել է թե՛ ՔԿԾ-ին, թե՛ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին,․ թե՛ ՀՀ արդարադատության նախարարությանը, թե՛ ՀՀ առողջապահության նախարարությանը՝ պարզելու, թե շարունակում է արդյոք Հունանյանը  օգտագործել հոգեմետ դեղորայք,  հատկապես, որ այդ տեղեկությունը ժամանակին գաղտնի չի համարվել։ Կառույցներից, սակայն, բանավոր պատասխան այդպես էլ չի ստացվել, ՔԿԾ-ից և ԱՆ-ից ուղղորդել են դեպի առողջապահության նախարարություն և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, վերջիններս էլ՝ գրավոր հարցում պահանջել, թեև փորձը ցույց է տալիս, որ նման   բովանդակությամբ գրավոր հարցումներին պատասխան չի տրվում սովորաբար։

Նրա առողջական վիճակի մասին հարցը շոշափում է հանրության շահերը, քանզի նրա ցուցմունքները կարող են օգտագործվել եւ օգտագործվում են տարաբնույթ նպատակներով։ Եւ այո, հանրությունն իրավունք ունի իմանալու, նա գիտակցում է ում հետ է հանդիպում, ինչ է խոսում, թե ոչ։

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031