Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ ավերելուն ուղղված «ճիշտ բառերը»

Հոկտեմբեր 29,2025 12:30 Share

«Ժողովուրդը» եւ «քաղաքացին» այդ բառերի շարքում են

Հայր Ալեքսանդր Շմեմանը, որին ես ընկալում եմ ոչ այնքան որպես քահանա, որքան՝ որպես հոգեւոր մտածող, իր օրագրերում բազմաթիվ ուշագրավ մտքեր ունի քաղաքականության մասին: Չնայած այդ օրագրերը գրվել են 1970-80 թվականների ԱՄՆ-ում, որտեղ նա իրականացնում էր իր ծառայությունը, Շմեմանի մտքերն արդիական են բոլոր երկրների եւ բոլոր ժամանակների համար: Մասնավորապես, նա, պահպանողական հայացքներ ունեցող բոլոր մտածողների նման, խիստ կասկածներ ունի «առաջընթաց» հասկացության վերաբերյալ, երբ խոսքը հոգեւոր,  մշակութային, քաղաքական առաջընթացի մասին է:

Այս ոլորտներում հայր Ալեքսանդրը որեւէ առաջընթաց չի նկատում: «Քաղաքական միֆը, – գրում էր նա, – որեւէ ձեւով առաջ չի անցել Չինգիզ խանից եւ Լենկ Թեմուրից (Tamerlane): Տարբերությունը միայն այն է, որ ժամանակակից չինգիզխաները խոսում են ազատության, արդարության եւ խաղաղության մասին, մինչդեռ նրանց նախորդների թեման իշխանությունն ու փառքն էր»:

Համատեքստն, իհարկե, արտաքին քաղաքական էր. գերտերությունները «սառը պատերազմի» մեջ էին, սպառնում էին իրար ոչնչացնել, իսկ «թշնամու» հետ կարող էին ոչնչացնել ողջ աշխարհը, բայց արտասանում էին «ճիշտ բառեր»՝ նաեւ ազատության եւ արդարության մասին:

Բայց նույնը կարելի է ասել նաեւ այսօր: Օրինակ, Արեւմուտքն ու Ռուսաստանը պայքարում են իրար դեմ, ի վերջո, փողի եւ իշխանության համար: Բայց առաջինը խոսում է «ժողովրդավարության» ու «մարդու իրավունքների» մասին, իսկ երկրորդը՝ «ուղղափառության» եւ «հոգեւոր ամրակների» մասին:

Հայաստանում, ի դեպ, պաշտոնական մակարդակով ավելի ընդունելի են առաջին տեսակի միֆերը, որովհետեւ այսօր Արեւմուտքից է գալիս թե՛ իշխանության քաղաքական հովանավորությունը, եւ թե՛ փողի մեծ մասը: Այստեղից էլ երկուստեք փարիսեցիությունը՝ այստեղ ձեւ են անում, թե իբր «ժողովրդավարության բաստիոն» են, իսկ այնտեղից փառաբանում են մեր «ժողովրդավարության խոշոր նվաճումները»: Բայց ռուսական «ամրակները» դրանցից, իհարկե, ոչնչով լավը չեն:

Ներքին կյանքում նույնն է: Հայաստանի իշխանությունը կատաղի պայքար է մղում իր աթոռների համար՝ ձերբակալություններով, ճնշումներով, ԿԳԲ-ի ոճով կեղտոտ «կոմպրոմատներով»: Բայց այդ ամենը պետք է ուղեկցվի ինչ-որ «համեմունքներով», եւ դրանց մեջ են «ժողովուրդ» եւ «քաղաքացի» բառերը: Պարզվում, է Փաշինյանի «իրական Հայաստանի» գաղափարախոսության հեղինակը «ժողովուրդն» է, ընդդիմախոսների եւ հոգեւորականների հանդեպ հալածանքները ողջունելի են «ժողովրդի» կողմից, իսկ «մեր քաղաքացին» կազատի Վեհարանը Փաշինյանին եւ ՔՊ-ին դուր չեկող կաթողիկոսից եւ կնշանակի նոր՝ «ժողովրդական» վեհափառ հայրապետ:

Ո՞ր «ժողովուրդը», ո՞ր «քաղաքացիները»: ՀՀ քաղաքացիների մեծամասնությո՞ւնը: Հոգեւորականներից ով է պարկեշտ, ով՝ ոչ, ով պետք է կարգալույծ արվի, ով՝ ոչ, դա պետք է ՀՀ քաղաքացիների ձայների մեծամասնությա՞մբ որոշվի: Թե՞, քանի որ այդ մեծամասնությունը ձայն է տվել ՔՊ-ին, այդ հարցերը որոշվելու են կուսակցական ժողովների ժամանակ: Բայց Հայ առաքելական եկեղեցին միայն ՀՀ քաղաքացիներինը չի, բոլոր հայերինն է, նրանք է՞լ պետք է քվեարկեն:

… Ավարտեմ 20-րդ դարի մեկ այլ մտածողից՝ Էրիխ Ֆրոմից մեջբերումով. «Չկա որեւէ բան այս աշխարհում, որը չէր կիրառվել՝ որպես ապակառուցողականության ռացիոնալացում: «Սերը», «պարտքը», «խիղճը», «հայրենասիրությունը»՝ այս եւ բազմաթիվ այլ նման հասկացություններ մարդիկ օգտագործում են ամեն ինչ ավերելու համար»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aha says:

    One of the best from the author, bravo!

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031