– Ուղիղ մեկ տարի անց Գյումրին կրկին կառավարման ճգնաժամում է հայտնվել, ձերբակալված են քաղաքապետն ու ավագանու երկու ընդդիմադիր անդամները։ Իշխող ՔՊ կուսակցությունն անցած տարվա սցենարով փորձում է զավթել Գյումրին, ի՞նչ եք կարծում՝ հաջողելո՞ւ է։ Քաղաքագետներն ասում են, որ գնդակը ձեր՝ ընդդիմության դաշտում է, ի՞նչ եք պատրաստվում անել։
– Այո, իշխանությունն անում է ամեն ինչ, որ ցույց տա, թե տեսեք՝ Գյումրիում ընտրելով ընդդիմությանը՝ վնասեցիք ձեզ, բայց դա այդպես չէ։ Իրենք հրահրում են, որ իրենց ուզած ֆիլմի կադրերը ստանան։ Ճիշտ եք, մենք հիմա պիտի անենք ամեն ինչ, որ դա թույլ չտանք։ Եթե ունենանք այնպիսի խնդիր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» փորձի այնպես անել, որ ավագանու նիստերը չգումարվեն, էս դեպքում ընդդիմադիր յուրաքանչյուր խմբակցություն պիտի ձիգ մնա, իր տեղում լինի, որովհետեւ, այո, կան ձերբակալվածներ, եւ չի բացառվում, որ վաղը նրանց թիվը նաեւ ավելանա, ունենալու ենք մանդատի խնդիր։ Կան լուծման տարբերակներ․ կալանավորված ավագանիները վայր են դնում մանդատները, նրանց փոխարինում են ցուցակի հաջորդները։ Այստեղ որեւէ պատճառաբանություն չի ընդունվում, որովհետեւ հասուն մարդիկ ենք, պետք է կարողանանք ժամանակի ու ճկունության մեջ տեղավորվենք ու թույլ չտանք, որ ցանկացած սցենարով՝ դա կլինի վրիպման, չկողմնորոշվելու, ժամանակից հետ ընկնելու, թե այլ պատճառներով, հանկարծ քաղաքի իշխանությունը հանձնվի ՔՊ-ին: Անթույլատրելի է, քանի որ իրենք ոչ միայն նախորդ տարվա սցենարն են գործի դրել, այլեւ, ինչքան մտահորիզոնները հերիքում է, ամեն գնով ուզում են հասնել իրենց ուզածին։
– Եթե հաշվի առնենք, որ այս անգամ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, ընդդիմությունն է ընտրել Գյումրու քաղաքապետին, եւ ընդդիմադիր դաշտը տարբերվում է, մի՞թե հանգուցալուծումն այլ չի լինելու։
– Այո, այսօր ունենք այլ իրավիճակ, նախկին քաղաքային իշխանությունները ճնշումների ներքո միանգամից հրաժարական տվեցին, իսկ հիմա այլ է՝ պայքար կա, բայց դա չի նշանակում, որ քայլեր չպետք է ձեռնարկվեն, պետք է բոլորով համագործակցենք, մասնագետների հետ խորհրդակցենք եւ կարողանանք այնպիսի լուծում գտնել, որ որեւէ պարագայում իշխանությունը չզիջվի։ Թող ՔՊ-ն չպարծենա, թե ընտրություններին ամենաշատ ձայն են տարել՝ 17 հազար, ես հակադարձեմ իրենց՝ մասնակցել են ընդամենը մեկ բեւեռով, թող ընդդիմության նման 4-5 բեւեռով մասնակցեին, տեսնեմ՝ ինչքան ձայն կտանեին։ Եթե համեմատական տանենք, 2 անգամ ավելի է ընդդիմությունը ձայն տարել։ Գյումրին նաեւ առանձնացավ նրանով, որ բոլոր ընդդիմադիրներս, առանց որեւէ ակնկալիքի, եկանք համաձայնության եւ ընտրեցինք քաղաքապետ։ Քվեարկում ենք, բայց չենք հավակնում որեւէ պաշտոնի, դա էր նշաձողը։
Կարդացեք նաև
Արեւիկ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































