Հոկտեմբերի 28-ին եւ 29-ին Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացվում է «Իմպրեսիոնիզմի ուղիներ» նախագծի շրջանակներում կազմակերպված «Իմպրեսիոնիզմներ. Պատմություններ լուսանցքներից» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի բացմանը նախորդել է «Հովհաննես Ալխազյան. Վանից Փարիզ» ցուցահանդեսը:

Քանի որ Ֆրանսիայում՝ Բարբիզոնում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» ցուցահանդեսը, որի շրջանակներում առաջին անգամ ներկայացվել են Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Սեդրակ Առաքելյանի, Շառլ Ադամյանի, Մարտիրոս Սարյանի եւ այլ անվանի արվեստագետների 70-ից ավելի ստեղծագործություններ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, «Իմպրեսիոնիզմի ուղիներ» կազմակերպության նախագահ, Euroart կազմակերպության փոխնախագահ Պիեռ Բեդուելից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ տպավորություն է ստացել հայկական իմպրեսիոնիզմից:
«Բավականին հաճելի է ներկայացնել հայկական իմպրեսիոնիզմը իմպրեսիոնիզմի հայրենիքում՝ Ֆրանսիայում»,-ասաց նա: Ու հավելեց, որ իմպրեսիոնիզմի հայկական տարբերակը ջերմությամբ է ընդունվել Ֆրանսիայում:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է Երեւանում կայացած «Իմպրեսիոնիզմներ. Պատմություններ լուսանցքներից» միջազգային գիտաժողովին, Պիեռ Բեդուելը նշեց. «Այս գիտաժողովն առաջին հերթին ապացուցում է, որ արվեստը սահմաններ չի ճանաչում»: Ընդգծեց, որ իր համար հետաքրքիր է, որ գիտաժողովին մասնակցում են արվեստագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ոչ միայն Հայաստանից, այլ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Վրաստանի թանգարաններից ու գիտական հաստատություններից:
Aravot.am-ի հարցին՝ հասցրե՞լ է Հայաստանի ազգային պատկերասրահի այլ սրահներում եւս լինել, Պիեռ Բեդուելը հետեւյալ կերպ արձագանքեց. «Սա իմ երկրորդ այցն է Երեւան, առաջին անգամ փետրվար ամսին եմ եղել Հայաստանում, հետեւաբար լավագույնս հասցրել եմ ուսումնասիրել պատկերասրահի հավաքածուն, շրջել եմ բոլոր սրահներում: Այս ցուցահանդեսի շրջանակում ինձ համար բացահայտում էր Հովհաննես Ալխազյանի գործերի ցուցադրությունը: Ինձ համար հատկապես ոգեւորիչ էր Փարիզի Աստվածամոր տաճարի էտյուդը, որի ավարտուն տարբերակը այժմ ներկայացված է Բարբիզոնում՝ «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» ցուցահանդեսի շրջանակներում»:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը նախ կարեւորեց պատկերասրահում անցկացվող միջազգային գիտաժողովը. «Գիտաժողովի թեման վերաբերում է իմպրեսիոնիզմին, բայց գլխավորապես իմպրեսիոնիզմի՝ այսպես ասած գլոբալիզացիային: Դա մեզ հնարավորություն է տվել ընտրել մի շարք երկրներ, որոնց հետ անցել ենք այս ճանապարհը: Հայկական իմպրեսիոնիզմ եզրույթի ինստիտուցիոնալացման ընթացքը մեզ մոտ 8 տարի է տեւել: Եվ այսօր արդեն կարող ենք ասել, որ այդ եզրույթը դրված է գիտական շրջանառության մեջ՝ թանգարանային գործունեության շնորհիվ: Այս ճանապարհը մենք սկսել ենք Ռուսաստանի, ապա շարունակել Ֆրանսիայի հետ: Այդ պատճառով այս երկրները սիմվոլիկ ձեւով ներգրաված են այս նախագծում, Վրաստանն էլ ներկայացնում է մեր տարածաշրջանային մշակութային կարեւորագույն գործընկերներից մեկին»:
Ի պատասխան մեր դիտարկմանը, որ այսօր Ալխազյանի շատ գործեր առաջին անգամ են ցուցադրվում, Մարինա Հակոբյանը ներկայացրեց, թե ինչու է Ալխազյանի ցուցահանդեսը կազմակերպվել. «Ինչու Հովհաննես Ալխազյան, որովհետեւ նա ֆրանսահայ մեր մշակութային կապերի լավագույն խորհրդանիշն է: Այս պահին, Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության երրորդ հարկը մեկ ամսով վերաձեւակերպվել է որպես հայ-ֆրանսիական մշակութային կապերի դարավոր բարեկամության խորհրդանիշի: Մի կողմում ցուցադրվում է Ժանսեմը, մյուս թեւում՝ Հովհաննես Ալխազյանը:
Աշխարհի բոլոր թանգարաններն ունեն տարածքի խնդիր: Մեր մշտական ցուցադրությունում Հովհաննես Ալխազյանից տարբեր տարիների ընդգրկված է եղել առավելագույնը 5-6 նկար, եւ այսօր մենք հնարավորություն ունենք հետահայաց ցուցադրության միջոցով տեսնել նրա գրաֆիկական եւ գեղանկարչական շատ հարուստ ժառանգությունը: Ասեմ, որ էլի ամեն ինչ չենք տեղավորել»:
Պատկերասրահի տնօրենից հետաքրքրվեցինք նաեւ Ֆրանսիայում հայկական իմպրեսիոնիզմի ցուցադրության արձագանքներից: «Մեր գիտաժողովին ներկա է «Իմպրեսիոնիզմի ուղիներ» կազմակերպության նախագահ Պիեռ Բեդուելը, նա փաստում է, որ Բարբիզոնում մեծ աժիոտաժ է եղել: Որքան էլ հայկական իմպրեսիոնիզմը ամրագրել ենք որպես գիտական շրջանառության մեջ դրված եզրույթ, միեւնույն է աշխարհում դեռեւս շատ անելիք ունենք: Մեր ներկայությունը Ֆրանսիայում առաջին անգամ մեզ դուրս է բերել Եվրոպական հարթակ»,-ասաց տիկին Հակոբյանը:
Հավելենք, որ 2022 թվականից Հայաստանի ազգային պատկերասրահը ԿԳՄՍ նախարարության ջանքերով անդամակցում է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի «Իմպրեսիոնիզմի ուղիներ» նախագծին։ Եվ հենց այդ համագործակցության արդյունքում է Բարբիզոնում բացվել «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» լայնածավալ ցուցահանդեսը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































 
                        
 
          
          
         




 
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                   