Նոյեմբերի 4- 8-ը Երեւանում, Գյումրիում, Ալավերդի, Թեղուտ եւ Շնող համայնքներում արդեն 21-րդ անգամ կկայանա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը: Շուրջ 50 երկրից ստացած 850 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 120 ֆիլմ՝ 45 երկրից: Փառատոնի բացման արարողությունը կկայանա նոյեմբերի 4-ին՝ Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի եւ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը: Նաեւ հավելեց, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության եւ Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ կայացող փառատոնի այս տարվա խորագիրն է «Իմ Ռոլանը»։ «Ռոլանի» բոլոր ծրագրերում այս անգամ եւս ներգրաված կլինեն մարզաբնակ եւ Արցախից տեղահանված երեխաներ, նաեւ փոքրիկներ՝ մանկատներից, անապահով ընտանիքներից։
Նունե Մանուկյանը հայտնեց, որ այս տարի նույնպես փառատոնի մանկապատանեկան ժյուրին կազմված է լինելու բացառապես երեխաներից եւ պատանիներից։ «Լավագույն խաղարկային ֆիլմ» (լիամետրաժ, կարճամետրաժ) անվանակարգը ներկայացնում են «ԱՅԲ» դպրոցի աշակերտները, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» (լիամետրաժ, կարճամետրաժ) անվանակարգը` «ԹՈՒՄՈ»-ի սաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգը՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Երեւանի մասնաճյուղի սաները, «Լավագույն ֆրանսիական ֆիլմ» անվանակարգը՝ Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցը եւ «Վիշեգրադի լավագույն ֆիլմ» (լիամետրաժ, կարճամետրաժ) անվանակարգը՝ Երեւանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցի աշակերտները:
Փառատոնի կազմակերպիչներից տեղեկացանք, որ «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգում էլ ներկայացված կլինեն երեխաների եւ պատանիների նկարահանած ֆիլմերը։ Մասնավորապես, «ԱՅԲ» դպրոցի աշակերտները ներկայացրել են «Հաղթանակի ետնաբեմում» մոտիվացիոն ֆիլմը՝ հայկական սպորտի մասին, «ԹՈՒՄՈ» -ի սաները՝ «Թեղուտից Նեյմարը», իսկ Գավառի ավագ դպրոցի աշակերտները՝ «Միմյանց լսելու կարողությունը» ֆիլմերը։
Կարդացեք նաև
«Մեր Մեծերը» կրթամշակութային ծրագրում կիրականացեն «Ֆրունզիկ Մկրտչյան. լուրջ ժպիտով» և «Կալենցներ» փաստավավերագրական ֆիլմերի հատուկ ցուցադրությունները։
Ի թիվս այլնի՝ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում նախատեսված են երեւանյան պրեմիերաներ այդ թվում՝ «Անսի» կինոփառատոնի մրցանակակիր «Հիասքանչ կյանքը» (Չեխիա, Սլովակիա, Ֆրանսիա, 2024), մի շարք կինոփառատոների մրցանակակիր «Բարտալիի հեծանիվը» (Իտալիա, Հնդկաստան, Իռլանդիա, 2024) ֆիլմերը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































