Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերանայումն իրականացնել տարեվերջին՝ տարեկան արդյունքների հիման վրա

Հոկտեմբեր 29,2025 15:47

Ի գիտություն հանրությանը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸի ներկայացրած՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից ընկերության սակագնային մարժայի վերանայման առաջարկի վերաբերյալ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (այսուհետ՝ ՀԷՑ) 06.06.2025թ. առաջարկել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (այսուհետ՝ ՀԾԿՀ) 6 ամսվա կտրվածքով՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից, վերանայել ՀԷՑ-ի սակագների հաշվարկը։ Մասնավորապես, մի կողմից առաջարկվել էր նվազեցնել էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային և փաստացի ցուցանիշների շեղման արդյունքում 6-ամսյա ժամանակահատվածում ձևավորված շուրջ 3.6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը, իսկ մյուս կողմից՝ հաշվարկներում ավելացնել նախորդ 6 ամսում իրականացված ներդրումների ծավալները` շուրջ 12 մլրդ դրամ։ Այսպիսով, ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները։ Դա է վկայում ինչպես վերը նշված՝ մեկ գործոնով պայմանավորված սակագնի նվազեցման և մեկ այլ գործոնով պայմանավորված ավելացման առաջարկը, այնպես էլ ՀԷՑ-ի գրությամբ նշված պատճառաբանությունը՝ ապահովելու վարկային պայմանագրերով նախատեսված ֆինանսական ցուցանիշները։

Տեղեկացնում ենք, որ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը սովորաբար իրականացվում է տարեկան կտրվածքով, քանի որ էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման կանխատեսվող հաշվեկշիռը կազմվում է տարեկան կտրվածքով և ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների լիարժեք գնահատումը հնարավոր է լինում իրականացնել տարեկան արդյունքներով։

Ընդ որում, եթե միայն էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային և փաստացի ցուցանիշների շեղման արդյունքում 6 ամսում ձևավորված հիշյալ 3․6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը սակագների վրա ուներ շուրջ 0.5 դրամ/կՎտժ նվազեցնող ազդեցություն, ապա ՀԷՑ-ի կողմից առաջարկված 12 մլրդ դրամ ներդրումների նախատեսման դեպքում 2 գործոնի հանրագումարային նվազեցնող ազդեցությունը կկազմեր ընդամենը շուրջ 0.2 դրամ/կՎտժ։

Արդյունքում, միայն էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային և փաստացի ցուցանիշների շեղման գործոնով, սակագնային տարին չլրացած, սակագների 2025 թվականի օգոստոսի 1-ից վերանայումը կլիներ սակագների չհիմնավորված նվազեցում, ընդամենը 0․ 2 դրամով, իսկ դրանից 6 ամիս հետո կառաջացներ էական ռիսկ սակագների կրկին բարձրացման։

Ի պատասխան ՀԷՑ-ի վերը նշված առաջարկին ՀԾԿՀ-ն համապատասխան գրությամբ հայտնել էր, որ էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային և փաստացի ցուցանիշների շեղումը սակագների վրա ազդող գործոններից միայն մեկն է և այն էլ 6 ամսյա ժամանակահատվածի համար, որը տարեկան արդյունքներով կարող էր էականորեն փոխվել։ Բացի այդ, սակագների վրա ազդում են նաև այլ գործոններ, որոնց ամբողջական գնահատականը լինում է տարվա ավարտին, ինչը սակագների վրա կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն։

Հետևաբար, նպատակ ունենալով էլեկտրաէներգետիկական համակարգում ապահովել կայուն սակագնային քաղաքականություն՝ ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին՝ համակարգի ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների հիման վրա։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031