«Տաշիր կապիտալը» Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին պնդում է՝ այս պահին կատարել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը: Նա ասաց, որ այդ առաջարկը իրենք դեռ այս տարվա հունիսին՝ մինչեւ Սամվել Կարապետյանի կալանավորումն էին արել, սակայն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից մերժվել էր:
«Հիմնավորում էր բերվել, թե ընդամենը վեց ամիս է անցել, հաջորդ վեց ամսում հնարավոր է այնպիսի վիճակ, որ հակառակ էֆեկտը լինի: Ես այդ մտքի հետ համաձայն չեմ, որովհետեւ հանձնաժողովը ամենալավը տիրապետելով էլեկտրոբալանսին՝ չէր կարող նման հայտարարություն անել: Դրա տակ տեսնում եմ քաղաքական ենթատեքստ: Իրենց մտքում ունենալով այսպիսի սցենար, որ դա իրենք անեն ու սակագնի իջեցումը վերագրեն իրենց կամ եղած գումարով կարողանան զսպեն սակագնի աճը»:
Կարդացեք նաև
Պարոն Ղազինյանը նաեւ համոզված է՝ ՀԷՑ-ին առաջիկայում զրկելու են լիցենզիայից. «Ես կարծում եմ՝ իրենք ձգձգում են, որ որոշակի ժամանակ անցնի, լիցենզիայից զրկեն, որից հետո հայտարարեն՝ մենք եկանք հրեշտակի թեւերով ու եկող տարվա փետրվարից սակագին իջեցնեն՝ այդ ամենն իրենց վերագրելով»:
Նա ասաց, որ լիցենզիայից զրկելուց հետո երեք ամսվա ընթացքում սեփականատիրոջը պետք է առաջարկ արվի, չհամաձայնելու կամ նրա կողմից անգործություն ցուցաբերվելու դեպքում, 60 հոդվածի համաձայն՝ գերակա շահի խնդիր ճանաչվի ու սեփականատիրոջը վճարվի շուկայական արժեք՝ գումարած 15 տոկոս. «Էն սկզբնական գալու ժամանակ համապատասխան սուբյեկտը ներքին խոսակցությունների ժամանակ ասում էր՝ ես երեք ամսից գնալու եմ: Հիմա, ըստ երեւույթին, հարմարվել է հանուն ՀՀ իր նախկին ստացած աշխատավարձից 6-7 անգամ ավել ստանալուն: Իմ կարծիքով՝ ինքն էլ նշանակվելու է: Ես ներքին համոզմունք ունեմ, որ այս նիստով լիցենզիայից զրկելու են, որովհետեւ կա քաղաքական պատվեր, այդ որոշումը նույնիսկ հանձնաժողովի անդամները չեն գրելու, իրենց գրված տրվելու է, իրենք խելոք անելու են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































