«Եթե խոսենք ՄԻՊ աշխատակազմի բյուջեից, ապա այստեղ մեծ սենսացիաներ չկան՝ 602 մլն դրամ է նախատեսված գրասենյակի աշխատանքներն իրականացնելու համար»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
ՄԻՊ Անահիտ Մանասյանը դժգոհեց, որ իր ղեկավարած գերատեսչությանը քիչ ֆինանսավորում է հատկացվում։
«Նախարարն ասաց՝ այստեղ սենսացիաներ չկան, կարծում եմ՝ դա է այն հիմնական բացասական տեղեկատվությունը, որը հաջորդ տարի պետք է փոփոխության ենթարկվի։ ՀՀ-ին ուղղված գրեթե բոլոր միջազգային հանձնարարականներում գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները ՀՀ-ին հանձնարարական են տվել ավելացնելու մարդու իրավունքներին առնչվող ֆինանսավորումը, բայց նաեւ ՄԻՊ հաստատության հետ կապված ֆինանսավորումը, որովհետեւ հստակ արձանագրվել է, որ եւ մարդկային, եւ ֆինանսական ռեսուրսների տեսանկյունից այդ ռեսուրսները բավարար չեն ՄԻՊ-ին տրամադրված մանդատի ամբողջ ծավալը պատշաճ մակարդակով իրականացնելու»,- ասաց Մանասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անահիտ Մանասյանը նշեց, որ միջազգային կազմակերպությունները հանձնարարական են ներկայացրել բյուջեի հետ կապված բոլոր հիմնական քննարկումներն ու բանակցություններն առաջին հերթին ԱԺ-ի հետ վարել, որովհետեւ ըստ տարատեսակ կազմակերպությունների՝ գործադիր իշխանության հետ այդ բանակցությունները կարող են հանգեցնել նաեւ անկախության սահմանափակման հետ կապված խնդիրների։
Անդրադառնալով ՄԻՊ գրասենյակի շենքային պայմաններին՝ Անահիտ Մանասյանն ասաց․ «ՀՀ ՄԻՊ հաստատության այս պահի գրասենյակն ընդհանրապես ներկայանալի չէ։ Եվ մենք դրա պատճառով որեւէ կերպ որեւէ միջազգային միջոցառում չենք կարողանում իրականացնել։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար մեր շենքը հարմարեցված չէ, բայց նաեւ մեր բոլոր փորձերն են ձախողվել, որովհետեւ բոլոր մասնագետները նշում են, որ շենքը վթարային վիճակում կարող է հայտնվել։ ԽՍՀՄ տարիներից գործած հին պոլիկլինիկայի շենք է եւ չունի պատշաճ հնարավորություններ։ Կառավարության որոշմամբ՝ պաշտպանի աշխատակազմին նոր շենք է հատկացվել, բայց շենքը հատկացվել է նախորդ տարի, եւ մինչ այժմ տեղափոխման, վերակառուցման հետ կապված հիմնական աշխատանքներն իրականացված չեն։ Շատ դանդաղ են գործընթացները, եւ ես ուզում եմ այս ամբիոնը եւս մեկ անգամ օգտագործել՝ արձանագրելու, որ խնդիրը լուծված չէ»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































