Լրահոս
Օրվա լրահոսը

Սպարտակ Ղուկասյանի շահերը պաշտպանող փաստաբանին փորձում են լռեցնել․ ինչո՞ւ են քրեական վարույթ նախաձեռնել

Հոկտեմբեր 29,2025 18:50

Փաստաբան Արամայիս Հայրապետյանի կողմից Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի շահերը պաշտպանելու գործընթացի հետ կապված ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 495 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում /Շորթում/ վկա Արայիկ Բաղդասարյանը լրացուցիչ ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրեն Արտյոմ Մկրտչյանի հետ հանդիպել է փաստաբան Արամայիս Հայրապետյանին, ով Սպարտակ Ղուկասյանի քրեական վարույթի վերաբերյալ իրեն հարցեր է ուղղել ու նկարահանել։

Ի դեպ, Սպարտակ Ղուկասյանի գործով այդ մի վկան է ներգրավված։

Արամայիս Հայրապետյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ քրեական վարույթի նախաձեռնումից հետո հարցում է կատարել Քննչական կոմիտե՝ տեղեկատվություն ստանալու, սակայն չեն տրամադրել։

Ըստ նրա, մասնագիտական գործունեություն իրականացնելիս՝ ինքը բացառապես գործել է օրենքի շրջանակում։ Այդ միակ վկան, որի վրա ամենայն հավանականությամբ ճնշում են գործադրել նրա ոստիկան որդու միջոցով ու տարել են լրացուցիչ հարցաքննության, չի ասել, թե փաստաբան Արամայիս Հայրապետյանը իրեն հարկադրել է, ուղղորդել է, վախեցրել է, խնդրել է կամ համոզել, այլ նշել է, որ փաստաբանի հարցերին է պատասխանել, ընդ որում այնպես, ինչպես ինքը ճիշտ է համարել։

Չնայած վկայի ազնիվ պատասխանին, քննիչն այդուհանդերձ քրեական վարույթ է նախաձեռնել՝ դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելու հոդվածով։

Փաստաբան Արամայիս Հայրապետյանը բարձրաձայնում է, որ քննիչը վարույթը նախաձեռնել է՝ առերևույթ ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով ու որոշակի բովանդակությամբ խոսակցություն վերագրելով այդ անձին, ով նման ցուցմունք չի տվել։

Արամայիս Հայրապետյանը նախաձեռնված քրեական վարույթը որակում է որպես լռեցնելու փորձ, որպեսզի փաստաբանները չպաշտպանեն այն մարդկանց ու նրանց մերձավորների շահերը, որոնց հետ կապված կառավարությունը քաղաքական այլ օրակարգ ունի։

Արամայիս Հայրապետյանն ասաց․ «Սպարտակ Ղուկասյանի պաշտպանությունը ստանձնելուց հետո ես իրականացրել եմ անձի մասնավոր հարցում, կոպիտ ասած՝ հարցաքննել եմ, որի իրավունքը փաստաբանն ունի և՛ «Փաստաբանության մասին» օրենքով և Քրեական դատավարության օրենսգրքով, և՛ Սահմանադրությամբ, և՛ կոնվենցիայով։

Իրականացրել եմ մասնավոր հարցումը, որից հետո չգիտես ինչու և ինչպես այդ անձը հանկարծ գնացել է ոստիկանություն, և ոստիկանությունում տեղեկություն է կազմվել, որ իբր ինքը եկել է փաստաբան Արամայիս Հայրապետյանի մոտ միջնորդավորված՝ մեկ այլ քաղաքացիական անձով, և փաստաբան Արամայիս Հայրապետյանի մոտ հարցերի է պատասխանել։

Այդ մարդը չի ասել, թե փաստաբան Արամայիս Հայրապետյանն իրեն համոզել է, հարկադրել է կամ խնդրել է, այդ մարդը ասել է՝ ես գնացել եմ այնտեղ, հարցեր են տվել․ հարցերին պատասխանել եմ, միգուցե ճիշտ չեմ պատասխանել։ Ոստիկանությունն այդ ազնիվ մարդու ասածով, որ «միամիտ» գնացել է իրենց մոտ՝ այդ բանն ասելու, տեղեկանք է կազմել ու ուղարկել քննիչին։

Քննիչն այս մարդուն հարցաքննում է ու մինչև հարցաքննությունը մի հատ առերևույթ հուշելու համար, թե ինչ պետք է ասի, կարդում է ոստիկանության կազմած տեղեկանքը, մեջն էլ գրած՝ փաստաբան Արամայիս Հայրապետյան։

Քննիչն ասում է՝ դե ասա, տեսնենք, ի՞նչ պետք է ասես․․․ Ասեցիր, պրծար, էլ ինչ պետք է ասի։ Այդ մարդն այդքանով հանդերձ, պատասխանում է հարցերին, բայց որևէ տեղ չի ասում, թե փաստաբանը իրեն ուղղորդած լինի, համոզած լինի, վախեցրած լինի, որ ինքը որևէ բան ասի։ Այդ անձը նշում է , որ ինքն իր մեջ որոշել էր, որ նման ձևով պիտի պատասխանի հարցերին։

Քննիչը հարց է տալիս՝ փաստաբանի անուն-ազգանունը գիտե՞ս, այդ անձն իմ անունը մեծ դժվարությամբ հիշեց, ազգանունս չհիշեց, բայց ոստիկանությունն ասում է՝ ինքը գնացել, իմ անուն-ազգանունը տվել է։

Հիմա այդքանից հետո, որ այդ անձին հուշում են, երևում է, որ քննիչը փորձում է ուղղորդել, խոսքը Արմեն Գյոզալյան ավագ քննիչի մասին է, որը վստահ եմ, շուտով այս ամենի համար վարձատրություն կստանա՝ պաշտոնի բարձրացմամբ, և քննիչը վարույթ է նախաձեռնում․ դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելը։

Այդ հոդվածն ի՞նչ է ասում, երբ որ դատավարության որևէ մասնակցի, կոնկրետ դեպքում վկայի կարգադրես, սպառնաս, որ ինքը որևէ բովանդակությամբ ցուցմունք տա կամ որևէ բովանդակությամբ ցուցմունք չտա։

Նախ սկսենք նրանից, որ այդ անձը ինչ բովանդակությամբ ցուցմունք որ տվել է նախաքննական մարմին, այլ բովանդակությամբ ցուցմունք չի էլ տվել։ Այսինքն՝ չի փոխել ցուցմունքը, և այդ անձի կողմից իմ մոտ հայտնածը որևէ տեղ չի ներկայացվել։

Քննիչը վարույթ է նախաձեռնում՝ մեջն առերևույթ ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, որոշակի բովանդակությամբ խոսակցություն վերագրելով այդ անձին, ով նման ցուցմունք չի տվել։ Եվ վարույթ է նախաձեռնում Քրեական օրենսգրքի 495 հոդվածով՝ փաստացի իմ իրականացրած մասնագիտական գործունեության առնչությամբ։

Ինքը չի ասում փաստաբան Արամայիս Հայրապետյանը ենթադրյալ այս արարքն է կատարել, բայց նկարագրում է փաստաբան Արամայիս Հայրապետյանի գործողությունները, և ասում է՝ այսպիսով պետք է վարույթ նախաձեռնել Քրեական օրենսգրքի 495 հոդվածով։

Եվ այս ամենը նայում ես, ստացվում է, որ փաստաբան Արամայիս Հայրապետյանի օրինական գործողությունները դիտվել են որպես քրեական հանցանք։

Սա իրավաբանական առումով ծիծաղելի պատմություն է, որտեղ առերևույթ հանցանք կա հենց քննիչի գործողություններում, որովհետև նախաքննությունն ուղղորդված է, այսինքն՝ խորհուրդ է տալիս մարդուն ինչ ցուցմունք տա, որպեսզի կարողանա քրեական վարույթ նախաձեռնել։ Այդքանով հանդերձ, անձը չի տալիս ցուցմունք, ինքը նախաձեռնում է՝ մեջը ներառելով առերևույթ կեղծ տեղեկություններ»։

Արամայիս Հայրապետյանի մեկնաբանմամբ՝ այս ամենը մեկ նպատակ ունի, քննչականից իրեն մեսիջ են հղում, թե մի պաշտպանիր Սպարտակ Ղուկասյանի շահերն այն որակով, ինչպես հիմա անում ես, և մի բարձրաձայնիր այն, որ Սպարտակ Ղուկասյանի գործը ևս ճնշման միջոց է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Հակառակ դեպքում՝ ձեր նկատմամբ էլ քրեական վարույթ կա, եթե շարունակեք պաշտպանությունը նույն ուղղությամբ, այս քրեական վարույթն ընթացք կունենա։

Արամայիս Հայրապետյանը կասկածներ ունի, որ այդ անձին հավանաբար ճնշել են ոստիկան որդու միջոցով, այդուհանդերձ, նա հանցագործության մասին որևէ հաղորդում չի ներկայացրել։

Փաստաբանը պատրաստվում է ավագ քննիչ Արմեն Գյոզալյանի կատարած գործողությունների, այն է՝ կեղծ տեղեկություններ մտցնելու համար հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

Ըստ փաստաբանի, Սպարտակ Ղուկասյանի գործում կա մեկ վկա, որի որդին աշխատում է ոստիկանությունում և կա շինարարական աղբ, բետոն, ջարդված բուլիժնիկներ՝ սալահատակներ։

Ըստ նրա, աղբը, որ սկզբում գնահատվել է 96 հազար դրամ, հիմա իջել է 64 հազար դրամ։

«Գործի մեջ կա մեկ վկայի ցուցմունք, որն ասում է՝ Սպարտակ Ղուկասյանն ասաց՝ աղբը տար, լցրու այստեղ, մենք հետևանքներին տեր ենք, մենք հաց կտրող չենք։ Այսինքն՝ քաջալերում է մարդուն ու գործում ասվում է ՝ Սպարտակ Ղուկասյանը հարկադրանքի այլ եղանակով ստիպել է մարդուն, որ ինքն այդ գույքը տանի, ուրիշ տեղ թափի։

Սա է մեղադրանքի բովանդակությունը, ո՞րն է հարկադրանքի այլ եղանակը․ նախ որ դա Սպարտակ Ղուկասյանն է եղել, մեկ վկայից բացի այլ ապացույց գոյություն չունի, իսկ որ մեկ վկան էլ ոստիկանի հայր է, նա կարող էր գնալ ու այդ ամենն ասել, դա ողջամիտ ենթադրություն է։

Հաջորդը՝ ո՞րն է հարկադրանքի այլ եղանակը, ֆեյսբուքում կամ համացանցում փնտրել են, Սպարտակ Ղուկասյանի վերաբերյալ հոդվածներ են գտել վարույթի ընթացքում և ասում են՝ այ, տեսեք, ինքը ինտերնետում կա, ուրեմն հեղինակություն ունի, ինքը կարող էր այդ հեղինակությամբ հարկադրել անձին։

Հիմա բոլորս էլ պոտենցիալ հարկադրողներ ենք, բոլորս էլ ինտերնետում կանք, մեկը կարող է լավ բան ասի մեր մասին, մյուսը՝ վատ։ Լավ, հիմա այս մարդը ինչից է վախեցել, որ եղանակից է վախեցել, սպառնացե՞լ է, չէ, ծեծել է, չէ,, բա ի՞նչ է եղել։ Ասում են, թե բա հեղինակություն ունի, դրանից վախեցավ», -ասում է Արամայիս Հայրապետյանը։

Նա նշում է, դա այն արարքը չէր, որի համար պիտի վարույթ նախաձեռնեին, Սպարտակ Ղուկասյանի մեղադրանքի մեջ ավելի շատ Վարդան Ղուկասյանի անուն-ազգանունն է գրված, քան Սպարտակ Ղուկասյանի։ Ընդ որում, Վարդան Ղուկասյանի մասին նշել են՝ նախկին քաղաքապետ, երբ նա գործող քաղաքապետն է։

«Հիմա հարց է առաջանում՝ արդյոք դուք մեղադրանքի որոշմամբ քաղաքական իշխանության ցանկությունը չե՞ք հայտնում՝ Վարդան Ղուկասյանին նախկին ներկայացնելով։ Սպարտակ Ղուկասյանը բան է արել, Սպարտակ Ղուկասյանի մասով գրեք, Վարդան Ղուկասյանն ի՞նչ կա ունի դրա հետ։

Պարզ է ամեն ինչ, որպեսզի ժողովրդի մոտ արարքը նկարագրեն ոչ թե որպես Սպարտակ Ղուկասյանի կողմից կատարված արարք, այլ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանի կատարած արարք։

Իսկ դա ինչի համար է պետք, քաղաքական միջավայրում է դա պետք, ուրիշ միջավայրում պետք չէ»,-ասում է փաստաբանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031