Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իմ նախընտրելի քաղաքական գործիչը չէ: Բայց անհերքելի է, որ նա Գյումրիում բարձր վարկանիշ ունի: Թե ինչու՝ դա սոցիոլոգիական հետազոտության հետաքրքիր խնդիր է:
Ընդհանրապես, դժվար է աչքաչափով որոշել, թե ինչով է այս կամ այն դեպքում պայմանավորվում քաղաքացիների համակրանքը: Հնարավոր է, Ղուկասյանի մեջ կա ինչ-որ խարիզմա, գուցե՝ խիզախ Ռոբին Հուդի որոշակի կերպար:
Սակայն, իմ կարծիքով, «խարիզմատիկ գործիչների»՝ ներառյալ Փաշինյանի, ժամանակը կամաց-կամաց անցնում է: Ճղճղան ճառեր արտասանողներին, համենայնդեպս Հայաստանում, աստիճանաբար փոխարինելու են մասնագետները, արհեստավարժները:
Ինչ մնում է «քրեական մասին», ապա նախ՝ իհարկե, պետք է հարգել անմեղության կանխավարկածը (ինչն, ի դեպ, ՔՊ-ականները չեն անում): Երկրորդ՝ չեմ կարող հավատալ, որ այս տարի ընտրվելով Գյումրիի քաղաքապետ եւ 100 տոկոսով իմանալով, որ գտնվում է Փաշինյանի ԱԱԾ-ի «խոշորացույցի տակ», նա իրեն թույլ տար որեւէ հակաիրավական արարք: Տրամաբանությունից դուրս է:
Կարդացեք նաև
Անցյալում, երբ 2000-2012 թվականին քաղաքապետ էր, բացառված չէ, որ շատ մաքուր չի աշխատել: Նրա գործունեությունը, վստահ եմ, 7,5 տարի հայտնի էր մեր իրավապահներին, սակայն Ղուկասյանն այսքան ժամանակ չէր կալանավորվում, եւ դա տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ նա կրկին ընտրվեց քաղաքապետ: Դա միանշանակ վկայում է այն մասին, որ ՔՊ-ն չի համակերպվում Գյումրիում իր պարտության հետ եւ չի ցանկանում, որ Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը պառլամենտական ընտրությունների ժամանակ ղեկավարի ընդդիմադիր գործիչ:
Ընդ որում, եթե քաղաքապետին ծանուցումով հրավիրեին Հակակոռուպցիոն կոմիտե, նա հաստատ կներկայանար: Մի քանի տասնյակ ոստիկաններով իրականացված օպերացիան ուժի ցուցադրում էր եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին վախեցնելու փորձ: Հաշվի առնելով գյումրեցիների հպարտ խառնվածքը՝ դա կարող է հակառակ էֆեկտ առաջացնել:
Նմանատիպ պատմություն է Մասիսի քաղաքապետի հետ: 7 տարի առաջ տեղի է ունեցել ինչ-որ միջադեպ, որի վերաբերյալ որեւէ վկա դատարանում ցուցմունք չի տվել: Եվ հիմա, 7 տարի անց, երբ Դավիթ Համբարձումյանը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն է, Փաշինյանը հրամայում է նրան դատապարտել 6 տարի 3 ամիս ազատազրկման:
Երկու դեպքում էլ խնդիրը քաղաքական է:
Արամ Աբրահամյան


















































