Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե առաջիկա կիրակի էլ է Հովհաննավանքում «պատարագ» բեմադրություն անելու, հասկանալի է՝ քպական քարոզիչ Ստեփանի մասնակցությամբ (հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ ոչ մեկ այլ կարկառուն քպական պատգամավորի, կամ պաշտոնյայի, կամ շարքային քպականի, ի՞նչ տարբերություն):
Ավելի «գեղարվեստական» կնայվեր, եթե ՔՊ-ի համար հաջորդ «պատարագը» կատարեր, ասենք, «կարմիր բերետների» հրամանատարը՝ առանց զգեստափոխվելու: Իսկ ի՞նչ է եղել, որ: Ի՞նչ է, «Հայր մերը» չգիտի՞, թե՞ խաչը չի կարող բռնել: Վերջում էլ, օրինակ՝ ոչ թե բուրվառը այսուայնկողմ կտաներ, այլ մի երկու ձայնային-բեկորային «մարդասիրական» նռնակ կգմփացներ:
Իսկ եթե առանց սարկազմի…
Տեսեք, Նիկոլ Փաշինյանը երեկ էլ ի «փայլատակեց», թե՝ «կարգալույծ եղածը չի կարող քահանայի կարգալույծ անել»: Փաշինյանը նկատի ունի, որ Ամենայն հայոց կաթողիկոսն, իբր, կարգալույծ եղած է, ուստի նա չի կարող կարգալույծ հռչակել ՔՊ-ի «սրտի քահանա» Ստեփան Ասատրյանին (կամ որևէ այլ հոգևորականի):
Կարդացեք նաև
Նախ՝ Փաշինյանը կա՛մ ի ցույց է դնում մեր Ազգային եկեղեցու կանոնական հարցերում իր թերիմացությունը, կա՛մ, որ ավելի հավանական է, միտումնավոր է խեղաթյուրում իրողությունները, ինչը իր գործելակերպն է նաև այլ հարցերում:
Ամենից առաջինը. նախքան որևէ հոգևորականի կարգալույծ հռչակելը, նրան վերաբերող հարցը հանգամանորեն քննում է ՀԱԵ այսպես ասենք՝ «կարգապահական հանձնաժողովը», եթե կուզեք՝ «էթիկայի հանձնաժողովը»: Դրանից հետո է միայն հարցը ներկայացվում Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությանը:
Փաշինյանի ասածի մեջ կա նաև տրամաբանական խզում և անհեթեթություն: Ո՞րն է այդ խզումը:
Ահավասիկ. բանն այն է, որ Գարեգին Երկրորդը գահակալում է արդեն շուրջ 26 տարի: Այդ ընթացքում ձեռնադրվել ու քահանա են օծվել (նաև այլ հոգևորական աստիճանների դեպքում) տասնյակ ու տասնյակ հոգևորականներ: Այդ շարքում է նաև հիշատակված Ստեփան Ասատրյանը: Այդ ինչպե՞ս է, որ Փաշինյանն իր համար մի այլ կարգի ատելի Կաթողիկոսի կողմից Ստեփանի ձեռնադրումն ու օծումը (թեկուզ որևէ եպիսկոպոսի միջոցով) ընդունում է, իսկ, այ, կարգալույծ հռչակվելը չի ընդունում:
Ամենից կարևորն ու էականը. Եկեղեցում կարգերի ու կարգալուծության խնդիրները լուծվում են Եկեղեցու ներսում: Որոշ «արագ ընկալողների» համար հատուկ կրկնենք. դա Հայ առաքելական եկեղեցու ներքին, ինքնավար խնդիրն է: Խնդիր, որին աշխարհիկ անձինք, առավել ևս պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը միջամտելու ոչ մի իրավունք չունեն: Էլ ավելին, վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից նման միջամտությունը օրինականության, սահմանադրական կարգի կոպտագույն խախտում է: Սա՝ առաջին:
Երկրորդը՝ Կաթողիկոսն ընտրվել է Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովի կողմից: Այդպես է մեր Եկեղեցու կարգը: Ու ինքը՝ Փաշինյանը (ընդհանրապես՝ ցանկացած մեկը) շատ փոքր մեկն է, որպեսզի խախտի այդ ժողովի կատարած ընտրությունը, փորձի վերանայել կամ խեղաթյուրել: Սա ոչ ՏԻՄ ընտրության արդյունք է, ոչ էլ (մեղա քեզ, Տեր)՝ ՔՊ վարչության:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում


















































 
                         
                                 
                                 
                                
 
                                   