Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր չպաշտպանված տվյալ կարող է վերածվել պոտենցիալ զենքի՝ օգտագործվելով թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ հանցավոր նպատակներով. «Փաստ»

Հոկտեմբեր 30,2025 10:23

Գաղտնիք չէ, որ այսօր թվային աշխարհում գրեթե յուրաքանչյուր գործողություն՝ սկսած սոցիալական ցանցերում հրապարակումներից, առցանց գնումներից, բանկային գործարքներից մինչև առողջապահական կամ կրթական ծառայությունների օգտագործում, ուղեկցվում է անձնական տվյալների մշակումով և թվային հետքով։ Այս տվյալները ներառում են ոչ միայն անուն-ազգանուն, ծննդյան տարեթիվ, հասցե կամ հեռախոսահամար, այլև շատ ավելի զգայուն տեղեկատվություն՝ առողջության վիճակ, ֆինանսական տվյալներ, սոցիալական կապեր, ինտելեկտուալ նախասիրություններ, տեղորոշում, կենսաչափական ինֆորմացիա, անգամ առցանց վարքագիծ և մտավոր գործունեության առանձնահատկություններ։ Այս տպավորիչ ծավալները՝ հաճախ անհայտ աղբյուրներով հավաքագրված և տարբեր կառույցների միջև փոխանակվող, ստեղծում են վերահսկման և շահագործման անսահմանափակ հնարավորություններ՝ ինչպես բիզնեսի, այնպես էլ պետության, երբեմն նաև կիբերհանցագործների և այլ չարամիտ խմբերի համար։

Այս պայմաններում անձնական տվյալների պաշտպանությունը դառնում է ոչ միայն իրավունք, այլև պարտավորություն։ Անհատը պետք է կարողանա ինքնուրույն վերահսկել սեփական կյանքի թվային հետագիծը, որոշել՝ ով, ինչ նպատակով և որքան ժամանակ կարող է իր տվյալները օգտագործել։ Որպես կանոն՝ հասարակության մեծ մասը մեծապես թերագնահատում է այս խնդրի լրջությունը՝ հաճախ չիմանալով, թե ինչպիսի տվյալներ են հավաքագրվում, ինչպես են դրանք մշակվում, և ինչ ռիսկեր են առաջանում դրանց արտահոսքի, չարաշահման կամ անօրինական օգտագործման դեպքում։

Չնայած օրենսդրական որոշ նախաձեռնություններին, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք բացեր՝ ինչպես իրավական հարթությունում, այնպես էլ հասարակության իրազեկվածության և տեխնիկական միջոցների մասով։ Արդյունքում, տվյալների արտահոսքի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ու տեխնոլոգիական հսկաների կողմից տվյալների չարաշահման վտանգն ավելի քան իրական է։ Մյուս կողմից էլ՝ սրան գումարվում է կիբերհարձակումների վտանգը, որի արդյունքում կարող են շահագործվել քաղաքացիների անձնական տվյալները։

Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում, որտեղ ներգրավված կլինեն պետությունը, մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունը և յուրաքանչյուր անհատ։ Նախ՝ անհրաժեշտ է մշտապես թարմացնել և արդյունավետ կիրառել անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությունը՝ ապահովելով իրապես անկախ վերահսկող մարմնի գործունեություն, խստորեն սահմանելով տվյալների հավաքագրման, մշակման, պահպանման և փոխանցման կարգ, ինչպես նաև խախտումների համար նախատեսելով խիստ պատասխանատվություն։

Մեկ այլ կարևոր ուղղություն է հանրային իրազեկման մակարդակի բարձրացումը. քաղաքացիները պետք է հասկանան, որ յուրաքանչյուր իրենց տված կամ հրապարակած տվյալ կարող է օգտագործվել տարբեր նպատակներով, և որ իրենք իրավունք ունեն իմանալ, թե ով, ինչ նպատակով և ինչպես է իրենց տվյալները մշակում, ինչպես նաև պահանջել տվյալների հեռացում, շտկում կամ սահմանափակում։

Պետության և մասնավոր հատվածի, այդ թվում՝ բանկերի, ապահովագրական ընկերությունների, այլ ծառայությունների անելիքներն, իհարկե, ահռելի են, սակայն նաև պետք է հաշվի առնել, որ անհատն ինքն է պատասխանատու սեփական տվյալների անվտանգության համար։ Ուստի, պետք է ուշադիր լինել՝ ինչպիսի տեղեկատվություն է հրապարակվում, ինչ կայքերում ու ծառայություններում են դրանք նշվում, արդյոք վստահելի են այդ հարթակները, ինչպիսի գաղտնաբառեր են օգտագործվում, արդյոք ակտիվ են երկշերտ նույնականացման գործիքները։ Հարկավոր է գիտակցել, որ այսօր տվյալների անվտանգությունը ոչ միայն տեխնիկական միջոցների, այլև անձնական վարքագծի և ինքնագիտակցության խնդիր է։ Այս համատեքստում կարևոր է այն ըմբռնումը, որ անձնական տվյալների պաշտպանությունը հասարակության համար ուղղակի ժամանակի հրամայական է, որը որոշում է ոչ միայն անհատի, այլև ամբողջ ազգի ինքնության, ազատության և արժանապատվության սահմանները։ Յուրաքանչյուր չպաշտպանված տվյալ կարող է վերածվել պոտենցիալ զենքի՝ օգտագործվելով թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ հանցավոր նպատակներով։ Այս համատեքստում տվյալների պաշտպանության խնդրի անտեսումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների՝ սկսած անհատ քաղաքացու իրավունքների խախտումից մինչև պետության ինքնիշխանության նկատմամբ սպառնալիք։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031