Գործարար Սամվել Կարապետյանը Կոնջորյանից ու Թորոսյանից պահանջել է հերքել զրպարտչական, վիրավորական հայտարարությունները եւ վճարել փոխհատուցում` 9 մլն դրամի չափով։ Հայկ Կոնջորյանից մասնավորապես պահանջել է հրապարակայնորեն հերքել 2025թ. հունիսի 17-18-ին ԱԺ ամբիոնից արտահայտած հետեւյալ մտքերը. «Սամվել Կարապետյանը ստանձնել է որոշ անառակաբարո տերտերների պաշտպանությունը` ունենալով գործակալական նկրտումներ, հանդես գալով որպես, այսպես կոչված, տրոյական ձիու կամ տրոյական վեղարի սկզբունքով… Սամվել Կարապետյանը տասնամյակներով օգտագործել ու թալանել է հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությունը, 10-100-ապատիկ չափերի էժան գներով ստացել է պետական գույք եւ դրա դիմաց թուլափայ ինչ-որ մի տեղ մի բան է սարքել՝ ներկայացնելով որպես բարերարություն»։
4 ամիս անց՝ դատարանում Հայկ Կոնջորյանն իր այս հայտարարությունները որակել է որպես վերացական՝ անհասցե հայտարարություններ։ Նա չքմեղացել է, թե իր ասածը Սամվել Կարապետյանի մասին չէր, այլ՝ վերացական մարդկանց։ Իսկ Արսեն Թորոսյանն ասել է, որ ընդհանրապես վիրավորելու կամ զրպարտելու նպատակ չի էլ ունեցել, ասել է, որ իր մտքերն ընդամենը գնահատողական դատողություններ են, իր կարծիքը, ուրիշ ոչինչ։ Հիշեցնենք, որ բարերարի հայցն ԱԺ ամբիոնից Արսեն Թորոսյանի ասած հետեւյալ մտքին էր վերաբերում. «Ես 2 հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբյանկայում են կտրել, ՖՍԲ-ի շտաբ-կվարտիրայում։ Առաջինի անունն Արշակ ա։ Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը` Սամվել Կարապետյանին»։
Այս վիրավորական արտահայտությունների համար գործարարը ոչ միայն փոխհատուցում է պահանջել, այլեւ որ Թորոսյանը հրապարակային ներողություն խնդրի։ Զրպարտության մասով էլ պահանջել է պարտավորեցնել, որ հրապարակայնորեն հերքի նույն օրը ԱԺ ամբիոնից ելույթի ընթացքում հնչեցրած տվյալները, թե իբր ФСБ-ի (Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն՝ խմբ.) կողմից է Սամվել Կարապետյանին հրահանգվել լրատվամիջոցներին տված հարցազրույցում հնչեցնել հայտնի արտահայտությունները՝ նպատակ հետապնդելով ՀՀ օրինական իշխանության դեմ բռնություն գործադրել, ՀՀ ղեկավարությանը վնասել (թույնել)։
Թորոսյանը դատարանում «կռուտիտ» է եղել, թե Կարապետյանի մասին հնչեցրած զազրախոսությունները ոչ թե փաստեր են, այլ ընդամենը իր կարծիքը, գնահատականները։
Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը նույնպես նահանջել է, որեւէ փաստ չի ներկայացրել՝ իր մեղադրանքները հիմնավորելու համար: Ասել է, որ «Հայաստանի ներքին օրակարգերին խառնվել», «ծայրագավառ դարձնելու փորձ», «Հայաստանի պետականության դեմ մարտնչող», «ինքնիշխանության դեմ պայքարող» եզրույթներն ընդհանրական, վերացական արտահայտություններ են։ Իշխանական խմբակը, փաստորեն, օգտագործելով ԱԺ ամբիոնը, հանիրավի, առանց որեւէ փաստի մրոտել է բարերարին՝ վիրավորական եւ զրպարտչական արտահայտություններ թույլ տալով եւ անամոթաբար կեղծիք տարածելով, բայց երբ հերթը հասել է պատասխան տալուն, դատարանում «տեր չեն կանգնել» իրենց ասածներին:
Կարդացեք նաև
Լուսինե Շահվերդյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

















































