Տեղեկացրել ենք, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի՝ Երևանում անցկացվող 12-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է Ռուսաստանին քննադատող բանաձև։
Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովն օրեր առաջ ընդունեց այս բանաձևը։
ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն այն ժամանակ բանաձևում փոփոխություններ էին առաջարկել։
Լիագումար նիստի ժամանակ, բանաձևի քվեարկությունից առաջ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց․ «Ցանկանում եմ հիշեցնել փոփոխության մասին, որը մենք և մեր գործընկերները Եվրոպական խորհրդարանից դրել ենք սեղանին։ Ձևակերպումը, լեզուն վերցրել ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևերից, և հույս ունեմ, որ դրանց արձանագրման տեղի փոփոխությունը չի փոխի մտադրությունը, մոտեցումները, որոնք արդեն ընդունվել ենք Եվրոպական խորհրդարանի կողմից»։
Կարդացեք նաև
Այնուհետև միջամտեց ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու ասաց․ «Փոփոխությունը, որի մասին Արթուր Խաչատրյանը խոսում էր, հետևյալի մասին է՝ Ադրբեջանին պարտադրել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց անհապաղ բաց թողնել։ Մենք դեմ չենք այս նախադասությանը։ Մյուս փոփոխության առաջարկն այն է՝ երաշխավորել ԼՂ-ից տեղահանված անձանց վերադարձն իրենց հայրենիք։ Ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը, պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են ՀՀ արտաքին քաղաքականության համար, այս պահին Ադրբեջանին նման պահանջ չեն ներկայացնում»։
Նշենք, որ հայ ընդդիմադիր պատգամավորների առաջարկներին դեմ են եղել նաև ՔՊ-ականները։ Ի վերջո, այդ առաջարկությունները չընդունվեցին։
Aravot.am-ի հետ զրույցում իրենց ներկայացրած առաջարկի քվեարկության մասին Արթուր Խաչատրյանը պարզաբանեց․ «Ավելի շատ մարդ կողմ քվեարկեց, քան դեմ։ Դեմ քվեարկեց ՔՊ-ն, եվրոպացիները հիմնականում ձեռնպահ քվեարկեցին։ Այսինքն՝ մենք 50 տոկոսի շեմը չհաղթահարեցինք։ Վեր կացան, ասացին, որ իրենց պետական քաղաքականությունն է, հետո ասում էին՝ մարդկանց իզուր տեղը հույս մի տվեք։ Սա է իրավիճակը։ Քանի ՀՀ այս իշխանությունները կան, ի՞նչ վերադարձ, ի՞նչ Ղարաբաղ»։
Եվրանեսթ ԽՎ-ն Ռուսաստանին քննադատող բանաձևը ձայների մեծամասնությամբ ընդունեց։
Նշենք, որ քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում Արթուր Խաչատրյանը նաև այսպիսի գրառում կատարեց․ «Երևանում անցկացվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին իմ, Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի և Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների հեղինակած առաջարկությանը (որպես ներկայացված զեկույցի փոփոխության առաջարկ), որով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնօրրան: Տարբեր խմբակցությունների՝ մեր եվրոպացի գործընկերների փոխանցմամբ՝ ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին մեր փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել...»։
Եվրանեսթ ԽՎ լիագումար նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































