Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք, ովքեր կպաշտպանեն եվրոպական արժեքները, կստանան մեր աջակցությունը, իսկ ովքեր դրանք չեն գնահատի, կարժանանան հետեւանքների». Օլիվեր Շենկ

Հոկտեմբեր 30,2025 12:47

Ավարտվել է Եվրանեսթ ԽՎ 12-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքը

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 30-ին շարունակվել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքը:

Համազեկուցողները քննարկման են ներկայացրել 4 հանձնաժողովներում ընդունված զեկույցները:

Քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում ընդունված` «Արեւելյան գործընկերության ապագայի եւ ԵՄ ընդլայնման քաղաքականության նոր հեռանկարներ հանուն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության անհրաժեշտության վերաբերյալ» հարցի համազեկուցողներն են Եվրոպական խորհրդարանի անդամ Օլիվեր Շենկը եւ Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Կրուլկոն:

Օլիվեր Շենկն ընդգծել է, որ վերջին տարիներին Արեւելյան գործընկերությունը եղել է Եվրոպական միության ամենակարեւոր անկյունաքարերից: Խոսելով փաստաթղթի մասին՝ զեկուցողը նշել է. «Արեւելյան գործընկերությունը պետք է ավելի սերտ աշխատի ԵՄ-ի հետ անվտանգային, պաշտպանական, էներգետիկ քաղաքականության շուրջ եւ ուշադրությունը կենտրոնացնի քաղհասարակության, անկախ մեդիայի եւ ժողովրդավարական շարժումների վրա: Այս նոր քաղաքական առաջնահերթությունների առումով մենք կոչ ենք անում Արեւելյան գործընկերության գագաթնաժողով անցկացնել 2027 թվականին եւ մեկտեղել ԵՄ անդամ պետություններին, գործընկեր երկրներին եւ քաղհասարակությանը՝ հաստատելու գալիք տասնամյակի նոր տեսլականը»: Ըստ ԵԽ պատգամավորի՝ Արեւելյան գործընկերությունը պետք է վերածվի ռազմավարական գործիքի: «Նրանք, ովքեր կպաշտպանեն եվրոպական արժեքները, կստանան մեր աջակցությունը, իսկ ովքեր դրանք չեն գնահատի, կարժանանան հետեւանքների»,-եզրափակելով խոսքը՝ ասել է զեկուցողը:

Մանրամասներ ներկայացնելով փաստաթղթի վերաբերյալ՝ Իվան Կրուլկոն նշել է, որ դրանում ներկայացված են Արեւելյան գործընկերության ապագան, ինչպես նաեւ ԵՄ ընդլայնման քաղաքականության նոր հեռանկարները:

«ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ արդար առեւտրի, համագործակցության եւ ներդրումների խթանում՝ կապի, կանաչ անցման եւ ենթակառուցվածքների զարգացման աջակցությամբ» զեկույցը քննարկման է ներկայացրել Եվրանեսթ ԽՎ համանախագահ, կառույցում ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը: «Մենք հավատում ենք «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) եվրոպական նոր ռազմավարության գաղափարին, ընդգծում, որ դա ոչ միայն տնտեսական նախաձեռնություն է, այլ նաեւ ռազմավարական շրջանակ»,- նշել է համազեկուցող Մարիա Կարապետյանը՝ հավելելով. «գլոբալ դարպասներ» նշանակում է մոդել՝ հիմնված թափանցիկության, կայունության եւ հավասար գործընկերության վրա: Զեկուցողի խոսքով կապը պետք է լինի զուգորդված լավ կառավարման, օրենքի գերակայության եւ ինտեգրման երաշխիքների հետ եւ կարեւոր են դատական անկախությունը, հակակոռուպցիոն քայլերը: Այս բանաձեւը կոչ է անում աջակցել ՓՄՁ-ներին, կանանց կողմից առաջնորդվող ձեռնարկություններին՝ հանուն ներառական աճի: Թեմայի շրջանակում Մարիա Կարապետյանը վկայակոչել է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի օրինակները: Այս առումով նա խոսել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման առումով առաջարկող լայն հնարավորությունների մասին:

Այնուհետեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Պիերֆրանչեսկո Մարանը ներկայացրել է փոխկապակցված էներգետիկ ապագային վերաբերող զեկույցը: Փաստաթղթի նպատակն է արագացնել էներգետիկ կապերի զարգացումը, կանխել քաղաքական միջամտությունները եւ շարունակելով համագործակցությունը՝ նվաճել եւ հասնել էներգետիկ ինքնիշխանության: Նշվել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը 2 փոփոխություն է ներկայացրել:

Այնուհետեւ անդրադարձ է կատարվել Սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի ու քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկված եւ ընդունված «Եվրոպայի մեծ հորիզոն. բաց է լավագույն հետազոտությունների համար» զեկույցին: Փաստաթուղթը ներկայացրել է համանախագահող, կառույցում ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը: Խոսելով զեկույցի կարեւորության մասին՝ Մարիա Կարապետյանը նշել է. «Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական ճնշումների ժանակաշրջանում, որտեղ կան մրցակցություն, մարտահրավերներ, եւ երկրները պետք է ներդրումներ կատարեն գիտական համակարգերում, որպեսզի կարողանան գոյատեւել արագ փոփոխվող միջավայրում եւ գլոբալ մրցունակության պայմաններում»: Փաստաթղթի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել ուկրաինական պատվիրակությունը:

Նիստի ավարտին քվեարկությամբ ընդունվել են քննարկված զեկույցները:

Այնուհետեւ ներկայացվել են աշխատանքային խմբերում կայացած քննարկումները եւ առաջիկա պլանները:

Նստաշրջանի աշխատանքներն ամփոփել են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի համանախագահներ Մարիա Կարապետյանը եւ Սերգեյ Լագոդինսկին, ընդգծել քննարկումների եւ բանավեճերի արդյունավետությունը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031