«Փաստինֆո». Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու, ինչպես նաև՝ Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու դեպքերի առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ներկայացված 3 հաղորդումների վերաբերյալ կազմվել է չնախաձեռնման արձանագրություն եւ ուղարկվել հսկող դատախազի հաստատմանը։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը կեղծ պատարագ է մատուցել՝ ՔՊ վերնախավի համար, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում, այդ պատարագի «անխոչընդոտ» անցկացման համար խոչընդոտվել է հոգևորականների մուտքը՝ Հովհաննավանք և պատշաճ պատարագի, ինչպես նաև՝ կրոնական այլ ծեսերի մատուցմանը։ Մասնավորապես, նախ Արագածոտնի թեմի ավելի քան 20 քահանայի նույն օրը հրավիրել էին հարցաքննության, ապա՝ խոչընդոտվել է Հովհաննավանքում նշանակված քահանայի մուտքը Հովհաննավանք։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության համար։
«Իրենց գործողություններով Ստեփան Ասատրյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրականացնում են ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով արգելված արարքի (կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը) նախապատրաստություն, որը համարվում է չավարտված հանցագործություն: ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական պատասխանատվության հիմքն ինչպես ավարտված, այնպես էլ չավարտված հանցանք կատարելն է: 2025թ. հոկտեմբերի 26-ի պատարագի կատարումը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված քահանայի կողմից խոչընդոտելու նախապատրաստությունը դրսևորվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նման հայտարարություն-հրավեր տալու, այդ օրվա պատարագին միայն «տեր Արամից» հաղորդություն ընդունելու պնդման, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականներին սպառնալու միջոցով, իսկ Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու տարածքն ազատելուց հրաժարվելու և պատարագ անցկացնելու հրավեր ու պնդում կատարելու միջոցով: Ընդ որում, այդ նպատակին նշված անձինք կհասնեն, եթե իրավապահ մարմինները միջոցներ չձեռնարկեն»,- նշել էր Զոհրաբյանը։
Բացի նշվածից՝ Զոհրաբյանը ևս մեկ հաղորդում է ներկայացրել՝կրկին կրոնական ծեսի խոչընդոտման վերաբերյալ։ Նշված հաղորդումների վերաբերյալ քրեական վարույթ առ այս պահը չի նախաձեռնվել։ Քրեական վարույթ նախաձեռնված չէ նաև Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ապօրինի գաղտնալսման վերաբերյալ հաղորդման առթիվ, որը ևս ներկայացվել էր՝ Արա Զոհրաբյանի կողմից։
Կարդացեք նաև
Նշենք, որ Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցությունը՝ այլևս կարգալույծ Աղան աբեղա Երնջակյանի հետ տարածվել էր իշխանամերձ ԶԼՄ-ներում՝ հոկտեմբերի 17-ին, ըստ ձայնագրության՝ Երնջակյանը բողոքում էր, թե Վեհափառը պարտադրում է իրեն՝ ընտանիքի անդամների հետ մասնակցել «մեղքի խորհրդանիշ» Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս ձայնագրության հրապարակմանը կհաջորդի քրեական վարույթը, ինչը և տեղի ունեցավ։ Քրեական վարույթով Վեհափառ Հայրապետը դեռևս կարգավիճակ չունի, իսկ Նաթան Սրբազանը արդեն հարցաքննվել է, ըստ ՔԿ-ի՝ վկայի կարգավիճակով։
Արա Զոհրաբյանը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցության գաղտնիությունը խախտելու հետ: Զոհրաբյանը չէր բացառել, որ հնարավոր է նաև, որ այդ խոսակցությունները մոնտաժված և փոփոխված լինեն, միևնույն ժամանակ արձանագրել էր, որ ինքնին գաղտնիության խախտման փաստը խնդրահարույց է: ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածը հանցագործություն է համարում մարդու նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի գաղտնիությունն ապօրինի խախտելը։ Ներկայացված երեք հաղորդումների վերաբերյալ էլ քրեական վարույթ չի նախաձեռնվել։
Իզաբել Սահակյան


















































