ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, անդրադառնալով այն փաստին, որ դատական նիստերի քարտուղարը դատական նիստի ընթացքում ներկայացնելով նիստի մասնակիցներին, հայտնելով, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ դատական նիստին, օգտագործեց «մեղադրյալ» եզրույթը, ասաց․ «Զեկուցողը զեկուցելու ժամանակ օգտագործեց «մեղադրյալ, պաշտպան» և համապատասխան տերմինաբանություն, որը ենթադրում է մեղադրյալի կարգավիճակ և պատշաճ մեղադրանքի առկայություն։ Խնդրում եմ արձանագրել, որ առարկում եմ նշված տերմինն օգտագործելու մասով, քանի որ պատշաճ կամ որևէ մեղադրանք առկա չէ»։
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը արձագանքեց․ «Դատարանը մեկ տարի առաջ առանց հարգելի պատճառի դատարան չներկայացած մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց հարկադրաբար դատարան ներկայացնելու որոշում էր կայացրել, որը բողոքարկման ենթակա որոշում է։ Այնտեղ «մեղադրյալ» ձևակերպումը ևս նշված էր։ Դա ձեր առաջին հնարավորությունն էր վերադասության կարգով բողոքարկելու։ Այդ որոշումն անգամ չեք բողոքարկել․ սա էլ արձանագրենք»։
Արամ Օրբելյանն էլ նշեց․ «Քանի որ որոշումը չի կատարվել, դրա բողոքարկման դատավարական հնարավորություն առկա չի եղել։ Դրանով պայմանավորված չի բողոքարկվել»։
Այս երկխոսությանը միջամտեց գործով տուժող, մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ու հայտարարեց․ «Վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանից եկավ վճիռ, որ 2008-ի մարտի 1-ի պատասխանատուն պետությունն է, իսկ պետության գլուխը Ռոբերտ Քոչարյանն էր։ Արդեն մեղադրանք կա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից»։
Կարդացեք նաև
Արամ Օրբելյանը հայտարարեց, որ նման որոշում չի եղել։
Դատավորը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է նիստին բացակա Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայության անհրաժեշտ տվյալը փոխանցել է դատարանին, բայց հիմա չի կարող խոսել այդ մասին, որովհետև դա կլինի «բացահայտման ոչ ենթակա տվյալի բացահայտում»։
Դատական նիստը հետաձգվեց։ Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։00-ին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































