Հոկտեմբերի 29-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հյուրընկալեց Եվրոպական հանձնաժողովի և ԱԳԵԾ համատեղ բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին: Պատվիրակության կազմում էին Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով բաժնի Վրաստանի, Հարավային Կովկասի և Արևելքի հարցերով ղեկավար Դեյվիդ Քալընը և Եվրոպական հանձնաժողովի՝ ռազմավարական համակարգման և հաղորդակցության բաժնի ղեկավար Նատալի Փաուելսը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Մենք այստեղ ենք, որպեսզի ավելի մանրամասն ծանոթանանք այն մարտահրավերներին, որոնց այսօր բախվում է Հայաստանի մեդիա համակարգը», – իր ելույթում նշեց Նատալի Փաուելսը՝ հավելելով, որ հատկապես նախընտրական շրջանում չափազանց կարևոր է ծանոթանալ այն կառույցների աշխատանքին, որոնք ժողովրդավարության երաշխիքներից են։
Տիգրան Հակոբյանը ներկայացրեց հանձնաժողովի աշխատանքները և հրատապ լուծում պահանջող խնդիրները՝ մասնավորապես օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության, տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև Հայաստանի մեդիա համակարգի արդի հարցերն ու մարտահրավերները։ ՀՌՀ նախագահը հավելեց, որ հասարակության վստահությունը կարգավորող մարմնի հանդեպ առանցքային նշանակություն ունի հանձնաժողովի գործունեության արդյունավետության համար։
«ՀՌՀ-ն գործում է լիարժեք անկախ, իսկ որոշումներն ընդունում ենք կոլլեգիալ: Դա այն հիմքն է, որը փաստում է այն մասին, որ մենք հաջողություն ենք գրանցում»,- իր խոսքում նշեց Տիգրան Հակոբյանը:
Պարոն Հակոբյանը խոսեց այն սպառնալիքների մասին, որոնք ի հայտ են եկել արհեստական բանականության զարգացման արդյունքում՝ deepfake, ապատեղեկատվական հոսքեր, կիբերհարձակումներ և այլն։ Նա անդրադարձավ նաև առցանց մեդիայի կարգավորման խնդիրներին՝ ընդգծելով, որ առանց համապատասխան կարգավորման մեխանիզմների այդ ոլորտը կարող է դառնալ սպառնալիք և ունենալ բացասական ազդեցություն հասարակության վրա։
Կարդացեք նաև
ՀՌՀ անդամ Գոհար Մամիկոնյանը խոսեց համացանցային հեռարձակողների նկատմամբ կարգավորման մեխանիզմների ներդրման կարևորության մասին։ Նա նշեց, որ խոսքի ազատությունը հիմնարար արժեք է, սակայն այն չպետք է վերածվի սանձարձակության։
Անդրադառնալով թեմային՝ ՀՌՀ անդամ Ավետ Պողոսյանը նշեց, որ ատելության խոսքի և ապատեղեկատվության սահմանումները բացակայում են օրենսդրության մեջ, ինչը բարդացնում է կարգավորող մարմնի աշխատանքը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը վերահաստատեց ԵՄ-ՀՌՀ երկկողմ համագործակցության կայուն զարգացումը և դրա կարևորությունը։
«Մենք կշարունակենք աշխատել միասին», – ընդգծեց դեսպանը։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակելու համատեղ աշխատանքը և համագործակցությունը։
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով


















































 
                         
          
          
                                 
                                 
                                 
                                
 
                                   