Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժվար էր պատկերացնել, որ, օրինակ, Մալթայի գլխավոր դատախազը երկու օր շարունակ մասնակիցը կլինի Մխիթար Գոշի ժառանգության գիտական քննարկմանը»

Հոկտեմբեր 30,2025 18:12

Մատենադարանում այսօր ամփոփվեցին 2025 թվականի հոկտեմբերի 29-ին մեկնարկած՝ ««Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի»-ն՝ համաշխարհային հիշողության շտեմարանում. արդի իրավունքի միջնադարյան ակունքները» խորագրով միջազգային գիտաժողովի արդյունքները:

Դատախազության և Մատենադարանի համագործակցությամբ կազմակերպված երկօրյա գիտաժողովի ընթացքում, պանելային քննարկումների շրջանակներում, բանախոսություններով են հանդես եկել Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ Վիկտորիա Բութիջեյջը, Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Պիտեր Քաուին, Սոֆիայի համալսարանի դասախոս Իգոր Դոֆման-Լազարևը, Մատենադարանի գիտաշխատողներ Գուրգեն Գասպարյանը, Դոնարա Կարապետյանը, Գառնիկ Հարությունյանը, Նարինե Վարդանյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ներկայացուցիչ Ազատ Բոզոյանը և Պատմության ինստիտուտի ներկայացուցիչ Զոհրաբ Գևորգյանը:

Զեկույցների թեմաներն էին՝

  • «Միջնադարյան կոդիֆիկացումից դեպի ժամանակակից իրավագիտություն. անդրադարձ՝ Մխիթար Գոշին, Մալթային և Արևմտյան Եվրոպային»,
  • «Գոշի «Գիրք Դատաստանի»-ի դերը հայկական իրավունքի զարգացման մեջ»,
  • «Դաւիթ Ալաւկայ Որդին (մօտ 1065–1140) եւ Մխիթար Գոշը (մօտ 1135–1213). Օրէնքների համակարգումը որպէս կրօնական փոփոխութեան մի արձագանք Միջին Կուրի հովտում»,
  • «Բժշկական իրավունքը Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի» երկում»,
  • «Բյուզանդական «Զինվորական սահմանադրություն»-ը և Մխիթար Գոշը»,
  • «Մխիթար Գոշի իրավական «միկրո աշխարհը». առօրեականությունը «Դատաստանագրքում»,
  • «Մատենադարանը և Մխիթար Գոշի մատենագրական ժառանգությունը»,
  • ««Կանոնագիրք Հայոց» ժողովածուի` Ե-Ը. Դարերի ինքնուրույն և թարգմանական կանոնները»,
  • «Կանոնագիրք Հայոց». Պատմաքաղաքական և սոցիալ-տնտեսական հարաբերությունների «հայելի»»:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել «Մատենադարանին» և «Կայծ» բարեգործական հիմնադրամին գիտաժողովը և գրքի անգլերենով նոր հրատարակությունը իրականություն դարձնելու համար, և հավելել, որ Գիտաժողովը յուրօրինակ մեկնարկ է Մխիթար Գոշի հանրահռչակման համար:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը  նշել է. «Հայագիտական նյութի միջազգայնացման համար պետք է չսահմանափակվել զուտ հայագիտական շրջանակներով` ներգրավելով բոլոր այն կառույցներին և անհատներին, որոնք կարող են նպաստել մեր արժեքների միջազգային ճանաչելիությանը. ՀՀ դատախազության հետ մեր համագործակցությունը դրա լավագույն դրսևորումներից է: Դժվար էր պատկերացնել, որ, օրինակ, Մալթայի Գլխավոր դատախազը երկու օր շարունակ մասնակիցը կլինի Մխիթար Գոշի ժառանգության գիտական քննարկմանը»:

Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլի 10-ին, Մատենադարանի հայտով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանում, անդամ երկրների միաձայն որոշմամբ, 12-րդ դարի փիլիսոփա, աստվածաբան, իրավագետ, եկեղեցական և հասարակական-քաղաքական գործիչ Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի»-ն ընդգրկվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում:

Միջազգային գիտաժողովին մասնակցել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ Վիկտորիա Բութիջեյջը, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչները, Մատենադարանի գիտաշխատողները, ՀՀ դատախազության ղեկավար կազմը, միջազգային կազմակերպությունների, գիտական հանրույթի ներկայացուցիչները, այլք:

ՀՀ գլխավոր դատախազի հրավերով՝ Միջազգային գիտաժողովի մասնակիցները Մատենադարանում ունկնդրել են ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի դաշնամուրային կատարումները, որոնց շրջանակում առաջին անգամ հնչել է կոմպոզիտոր Էլեն Յոլչյանի հեղինակած «Դատաստան» ստեղծագործությունը՝ գրված դաշնամուրի, ընթերցողի և էլեկտրոակուստիկ ձայների համար:

Վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը և կոմպոզիտոր Էլեն Յոլչյանը ՀՀ գլխավոր դատախազի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով:

Հիշեցնենք, որ Դատախազության և Մատենադարանի համագործակցությամբ կազմակերպված Միջազգային գիտաժողովի շրջանակում Զմմառի պատրիարքական Կղերի միաբանությունից (Լիբանան) Մատենադարան է բերվել Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի»-ի հնագույն օրինակը. այս բացառիկ ցուցադրությունը Մատենադարանում ներկայացված կլինի ընդամենը մեկ շաբաթ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031