Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր տարածքից յուրովի է պատկերվում Բիբլիականը, գերում, հմայում, կանչում. Լուսանկարներում Արարատն է

Հոկտեմբեր 30,2025 23:44

Հերթը մի պահ քոնն է հիմա .

Դո´ւ էլ նայիր սեգ ճակատին,

Ու անցի´ր…

Ավ․ Իսահակյան

 

Հոկտեմբերի 29-ին Երևանում՝ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի ճեմասրահում բացվեց «Արարատը հայի աչքերով» լուսանկարների ցուցահանդեսը։ Ներկայացված էին 40-ից ավել աշխատանքներ՝ Հայաստանը, Արցախը, Բրազիլիան, Թուրքիան և ԱՄՆ-ը ներկայացնող մոտ 30 հայ լուսանկարիչների հեղինակած, այդ թվում Արա Գյուլեր, Անդրանիկ Քոչար, Սամվել Սեւադա, Արմեն Ենգոյան, Թեդ եւ Նունե, Զոհրաբ Ըռքոյան, Հարություն Խաչատրյան եւ այլք։

Արարատն իր գեղեցկությամբ ու վեհությամբ դարեր շարունակ եղել է հայ ստեղծագործողների ոգեշնչման աղբյուրը, և պատահական չէ, որ ցանկացած հայ, ցանկացած պահի հմայվում է Արարատով, փորձում մշուշի միջից տեսնել սրբազան լեռը։ Տարիներ շարունակ, անցնելով Արարատյան, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի ճանապարհներով, լեռերով, փորձել եմ լուսանկարել Արարատը։ Եվ համոզված եմ՝ շատերն են նույնն անում։

Յուրաքանչյուր տարածքից յուրովի է պատկերվում Բիբլիականը և գերում, հմայում, կանչում։ Յուրաքանչյուր հայ յուրովի է բացահայտում Արարատի հմայքը: Ժամանակին, այժմ մեր մեծ պոետները, գեղանկարիչները նույնպես գերվել են Արարատով։

Ու Չարենցը գրեց՝

․․․Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Մարտիրոս Սարյանը նույնպես հմայված է եղել Արարատով ու նկարել։ Մի կտավ էլ նվիրել է Կոսիգինին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահին։ Վերջինս վարպետին հարցրել է՝ ես Ձեզ ինչ նվիրեմ։ Պատասխանը․ «Ես Ձեզ Արարատ լեռան նկարն եմ նվիրում, իսկ դուք մեզ նվիրեք հենց Արարատ լեռը…»: Գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանը մի ամբողջ ալբոմ է նվիրել Արարատին։ Ու «Թեքեյան կենտրոն»-ի ճեմասրահում ցուցադրվում էին հենց այդ սրբազան լեռան լուսանկարները։

Մինչ ցուցադրության բացումը, արդեն մարդաշատ էր ճեմասրահը։ Ներկա էին նաև ցուցադրվող լուսանկարների հեղինակներ, լուսանկարիչներ։ Երիտասարդ լուսանկարիչ Մարկ Պետրոսյանը ներկայացրել էր 2 լուսանկար, որոնցից մեկում Արարատը սահմանից է նկարված։

Լուսանկարում նշմարվում է մարդկային շողք։ Մարկն ասաց՝ հայ սահմանապահի շողքն է ապակու միջից։

Ներկա էին նաև ուսանողներ, ովքեր զրուցում էին հեղինակների հետ, հետաքրքրվում՝ ինչու՞ է Արարատը հմայում։ Բացումն սկսվեց հոգևոր հոր՝ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի Տերունական աղոթքով։ Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունից հոգևոր հայրը նաև օրհնեց ներկաներին՝ մաղթելով Աստծո բարին։ Բացման խոսքով հանդես եկավ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, ում հեղինակած լուսանկարներից նույնպես ցուցադրվում էին։

Նշեց՝ «Արարատը հայի աչքերով» լուսանկարների ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում առաջին անգամ բացվել է 2016 թվականին։ Իսկ ՀՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ ցուցահանդեսը կայացել է Արցախում՝ Շուշիի արվեստի կենտրոնում։

Ունենալով հաջողություն՝ «Արարատը հայի աչքերով»-ը ցուցադրվել է նաև արտերկրում՝ Ճապոնիայի մայրաքաղաքում՝ Տոկիոյում, Չինաստանում՝ Պեկին, Շանհայ և մեկ այլ քաղաք, Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում, Գերմանիայում՝ Բեռլինում։ «Արվեստագետների յուրահատուկ ընկալումներով՝ տարվա բոլոր եղանակներին, լուսային ու զանազան լուծումներով, սահմանի այս ու այն կողմից, նույնիսկ երկնքից են պատկերում Բիբլիական Արարատը, որը մեր ինքնության, ազգային էության անքակտելի մասն է։ Այն հայության ամենագլխավոր խորհրդանիշն է, բայց ոչ միակը:

Արարատից հետո գալիս են Նեմրութը, Սիփանը, Մռավը, Քիրսը, Մուսա Լեռը, Խուստուփը, Արագածը…»», -նշեց Ա․ Ծուլիկյանը՝ հավելելով, որ այս ցուցահանդեսում կան նաև նոր հեղինակների լուսանկարներ։

Կարևորեց հատկապես պոլսահայ երջանկահիշատակ լուսանկարիչ Արա Գյուլերին, ում 4 աշխատանք նույնպես ցուցադրվում է։ Ներկաներին ողջունեց նաև ցուցահանդեսի կազմակերպիչ, լուսանկարիչ Արմեն Ենգոյանը, ով ցուցադրված լուսանկարներ ուներ։ 3 աշխատանք էլ ներկայացրել է տողերիս հեղինակը՝ 2-ը՝ «Շենգավիթ» հնավայրից, մեկը՝ Տիգրանաշենի ոլորաններից։ Թեքեյան կենտրոնում լուսանկարների ցուցադրությունը բաց կլինի մինչեւ նոյեմբերի 14-ը։

 

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031