Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, յուրաքանչյուր հինգշաբթի թեմի որևէ սրբավայրում կատարվում է միասնական ժամերգություն:
Այսօր, հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում էին մեկտեղվել թեմի հոգևորականները, վանականները, բազմաթիվ ուխտավոր հայորդիներ՝ միասնաբար աղոթելու անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար։
Ժամերգության ընթացքում իր գոտեպնդող խոսքն հավատացյալների ուղղելով, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանն հորդորեց, որ ավելի ամրանան հավատքի և սիրո մեջ ու հույսով լցվեն փորձությունները հաղթահարելու ճանապարհին:
Կարդացեք նաև
Ժամերգության ավարտին հոգևոր դասը իր խոնարհումը բերեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին՝ խնդրելով Սրբի բարեխոսությունը:
Միատեղ ու միասիրտ աղոթքն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով։
Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի նոյեմբերի 6-ին, ժամը 18:00-ին, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում։
Արագածոտնի Թեմ


















































 
                        

 
          
          
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                   