Շատ կարեւոր գործոն կա, որ հաճախ քաղաքական գործիչներն ու հասարակական տիրույթում խոսք ունեցողները հաշվի չեն առնում.դա ժողովրդի միասնական լինելու գործոնն է, որին խանգարում է մի քանի հանգամանք.
1. Արեւմուտք-Ռուսաստան
2.Նախկին-ներկա
3.Յուրաքանչյուրն իր հերթին մտածում է, որ ինքը միակ ազնիվը, հայրենասերն ու խելացին է եւ չի ցանկանում, հարկ չի համարում կամ իր պատվից ցածր է համարում գնալ համագործակցության որոշակի փոխզիջումների գնով։ Ես անբարոյականություն եմ համարում, որ առավել եւս իշխանության ձգտող քաղաքական ուժերը, ովքեր առավոտից երեկո խոսում են, որ այս իշխանությունը մեզ տանում է կործանման, ընդհանուր եզրեր չեն գտել համագործակցելու։ Կամ իրենք մեզ խաբում են, եւ Նիկոլ Փաշինյանն այդքան էլ վատ ղեկավար չէ, եւ իրենք գիտեն, որ գալու են նույնն անեն, կամ նեղ թիմային շահեր են սպասարկում։
Կարդացեք նաև
4.Յուրաքանչյուրն իր հերթին քաջ գիտակցում է, որ այսօրվա կառավարման բնույթի շրջանակներում ինքը կարող է լինել այն մեկը, որ այդքան մեծ լիազորություններով իշխանությունը ունենա եւ ցանկանում, եւ ձգտում է դրան։
5.Կան ծախված շներ եւ այստեղ ես կարծիք չեմ հայտնի։
6.Այդ քաղաքական ուժերը զբաղված են միայն Նիկոլին քննադատելով եւ հաշվի չեն առնում այն նախնական տարբերակը, որ այս ժողովուրդը ոչ թե անտարբեր է, այլ սպասում է մի նոր ծրագրի, որի հետեւից կգնա, եւ կոնկրետ երաշխիքների, որ իրեն չեն խաբի։ Ի վերջո հողի վրա ասված խոսք է: Բայց նույն այդ ժողովրդին համառորեն փորձում են նորից տանել անձերի փնտրտուքի հետեւից։ Ես առաջարկում եմ հետեւյալը. ոչ թե խոսել միայն նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը վատն է եւ պետք է հեռանա, այլ խոսել նրա մասին, թե ինչի համար ենք ուզում նրան հեռացնել, ինչ Հայաստան ենք ուզում տեսնել նրանից հետո։
Ի վերջո ես որպես քաղաքացի կարող եմ բողոքել բողոքելու համար (թեկուզեւ հիմնավոր), բայց քաղաքական գործիչը այդ իրավունքը չունի։ Բայց այստեղ ես կանգնում եմ շատ դժվար լուծելի հարցի առաջ։ Այս իշխանության հանդեպ եղած խորը անվստահության պարագայում, որեւէ մեկը, ով դեռ չի հայտնվել վարչապետի սենյակում, առավել եւս փակ դռների հետեւում այլ ավելի ուժեղ ղեկավարների հետ, չի կարող հստակ ասել ինչ քաղաքականություն է նա վարելու արտաքին կամ ներքին ոլորտներում։
Ու հենց նաեւ այստեղ եմ պատճառը գտնում, որ շատերը, լավ գիտակցելով դա, չեն խոսում ապագայի մասին, առավելագույնը լղոզված եւ որեւէ բանով չհիմնավորված պատասխաններ են տալիս։ Ուստի ես առաջարկում եմ խոսել նրա մասին, ինչը որ հստակ կարելի է ասել եւ անել։ Դա ներքաղաքական կյանքում խաղի կանոնների փոփոխությունն է, որի արդյունքում ոչ թե հաղթողին կհասնի ամեն ինչ, իսկ մնացածին ոչինչ, այլ հաղթողը կունենա իր հնարավորություններն ու լիազորությունները, բայց կարեւորագույն որոշումների կայացման հարցում պետք է հաշվի նստի մնացածի կարծիքի հետ։ Ոնց կարելի է հասնել դրան։
Ապագայում ձեւավորվելիք որեւէ քաղաքական ուժ (պարտադիր կոալիցիոն) պետք է գա իշխանության միայն Սահմանադրություն եւ Ընտրական օրենսգիրք փոխելու եւ նոր ընտրություն կազմակերպելու համար, անգամ եթե այն եկել է իշխանության 2026 թվականի ընտրությունների արդյունքում։ Մնացած ամեն ինչ պետք է երկրորդվի այդ հարցին։ Շատ լավ գիտակցելով, որ քաղաքական ուժերը չեն սկսի դրա մասին խոսել, առավել եւս գնալ այդ քայլին՝ այդ հնարավորությունը գտնում եմ միայն նրանց ստիպելու մեջ։ Այսինքն, նման խորքային փոփոխության իրականացումը հնարավոր եմ համարում միայն ներքեւից՝ ժողովրդից եկած պահանջով, բայց ինչպես արդեն նշել եմ՝ ժողովրդի մեջ այս կամ այն չափով նստած է անձերի փնտրտուքի հարցը եւ որեւէ մեկը չի խոսում այս հարցերի առաջնահերթության մասին։
Չհաշված չցանկանալը՝ կառանձնացնեի հնչող երկու հիմնային պատճառ.
1. Ունենք ավելի կարեւոր անվտանգային հարցեր։ Իմ համար ամենակարեւոր անվտանգային հարցն այն է, թե ինձ համար որոշում կայացնողը՝ Հանրապետության հրապարակում նստածը, ինչ լծակներ ու հնարավորություններ ունի երկրի ներսում։ Ի վերջո, ես ելակետ եմ ընդունում ոչ թե այն վարկածը, որ հաջորդ ղեկավարը պետք է լինի պարտադիր լավ, այլ դիտարկում եմ այն հավանականությունը, որ հաջորդը կարող է ավելի վատը լինել։
2. Ժողովրդին դա չի հետաքրքրում։ Իսկ ով է ժողովրդի հետ այդ մասին խոսել՝ որպես առաջնահերթություն ունեցող հարցի։
Երկար ամիսներ ակցիայով հանդես գալով՝ եկել եմ այն եզրահանգման, որ անգամ չքաղաքականացված մարդու հետ այդ հարցով իրեն հասկանալի լեզվով խոսելուց հետո նրան հեշտորեն կարողանում ես բերել այդ դաշտ, եւ նա սկսում է մտածել այդ հարցի շուրջ եւ համաձայնվել։ Իսկ պատկերացնենք, երբ անգամ հակառակ դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերը սկսում են խոսել միեւնույն բանից որպես առաջնահերթություն։ Բայց ուզում եմ նորից անդրադառնալ այն հարցին, որ իրենք կխոսեն դրա մասին միայն, երբ ստիպված լինեն։ Դա հնարավոր եմ համարում նաեւ այն պարագայում, երբ առանձին տաղավարներում քննարկումներից զատ դրանք տեղափոխվեն նաեւ փողոց՝ ստեղծելով թեկուզ առանձին խմորումներ, որոնք որպես առաջնահերթություն կունենան Սահմանադրական այդպիսի փոփոխությունները։ Որպես նման նախաձեռնության կայծ դիտարկում եմ վեց կետից բաղկացած առանցքային հարցեր, որոնք ոչ շոշափվում են, ոչ էլ առավել եւս դրանց պատասխաններ են հնչում։ Եվ այդ հարցերի լսելի դարձնելը, ստիպելը քաղաքական գործիչներին պատասխանել դրանց, ինտենսիվ ձեւով կարող է օգտակար լինել այդ թեման առաջնահերթություն դարձնելուն, ընդդիմադիր դաշտը մաքրելու եւ ինչու չէ՝ նաեւ հականիկոլյան նոր կոալիցիաներ ստեղծելու համար։
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ. Որտե՞ղ է երաշխիքը, որ սրա հեռացումից հետո այս կամ այն քաղաքական ուժը կկատարի իր տված խոստումները իշխանության գալով։ Որտե՞ղ է երաշխիքը, որ սրա հեռացումից հետո այս կամ այն քաղաքական ուժը կցանկանա կատարել իր տված խոստումները իշխանության գալով։
Որտե՞ղ է երաշխիքը, որ այս կամ այն պատճառով իր խոստումները չկատարած եւ ԲԱՑԱՐՁԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ (ինչը թույլ է տալիս մեր Սահմանադրությունը) ունեցող քաղաքական ուժը կցանկանա հրաժարական տալ հոժարակամ:
Որտե՞ղ է այն սահմանը, որից այն կողմ այդ քաղաքական ուժը կընդունի, որ ինքն անզոր է լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները եւ կընդունի, որ ինքն այնքան թույլ է եւ կամք չունի մինչեւ վերջ պայքարել իր գաղափարների համար` անկախ նրանից, թե դրանք ուր են տանում մեզ։ Որտե՞ղ է երաշխիքը, որ այս կամ այն կերպ իշխանության եկած որեւէ ուժ ԱՆԿԱԽ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ չի սկսի կատարել արտաքին ուժերի կամքն ու ցանկությունը: Եվ դա այն դեպքում, երբ նա ներսում ունենա ԲԱՑԱՐՁԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ։
Ինչպե՞ս պետք է ժողովուրդը պայքարի որեւէ հաջորդ ԲԱՑԱՐՁԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ուժի դեմ նորից կոտրած տաշտակի առաջ չկանգնելու համար, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա։ Իմ կարծիքով՝ նիկոլյան այսօրվա իրողությունները շատ լավ առիթ են օգտվել դրանցից եւ ժողովրդի մեջ արթնացնել նման կարեւոր հարցերի մասին հետաքրքրությունը եւ դա օգտագործելով հեռացնել սրանց։ Կից ներկայացնում եմ նոր օրակարգը իմ պատկերացմամբ, թե ոնց կարելի է դրան հասնել։
Միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարական վարչապետի պաշտոնից: Միեւնույն ժամանակ ժամանակավոր կառավարության ձեւավորում խորհրդարանական ընդդիմության միասնական ներկայացուցչի ղեկավարությամբ: Կարեւոր է նշել, որ ՀՀ առաջին 3 նախագահները այս փուլում չեն կարող առաջադրվել (խորհրդարանական ընդդիմության միասնական ներկայացուցիչը կարող է կամ պետք է լինի իրենցից դուրս): Միեւնույն ժամանակ ավտոմատ կերպով նշանակվում են նոր խորհրդարանական ընտրություններ ուղիղ մեկ տարի հետո առանց փոփոխման իրավունքի: Միեւնույն ժամանակ ավտոմատ կերպով նշանակվում է Սահամանադրական փոփոխությունների հանրաքվեի օր 8 ամիս հետո:
Միեւնույն ժամանակ մեկ շաբաթյա ժամկետում ձեւավորվում է Սահմանադրական փոփոխություններով զբաղվող հանձնաժողով նոր Սահմանադրություն կազմելու, որտեղ կբացառվի Խորհրդարանական հանրապետության շրջանակներում խորհրդարանական քաղաքական մեծամասնության ձեւավորում ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած մեկ կուսակցության կողմից կամ առհասարակ:
Կուսակցությունը շարունակում է մնալ մեծամասնություն խորհրդարանում մինչեւ արդեն իսկ նշանակված ընտրություններ։ Սա հնարավոր փողոցային պայքարով տեղի ունեցած իշխանափոխության մասին է, սակայն ինչը որոշ փոփոխություններով կարելի է պրոյեկտել նաեւ ընտրությունների սցենարով։
Առաջիկայում կներկայացնեմ նաեւ պետական կառավարման 2 ձեւերի մասին։
Հայկ Արմենի ԴՈՐՈՒՆՑ
«Առավոտ» օրաթերթ
29.10.2025


















































 
                         
                                 
                                 
                                 
                                 
                                
