Պարզ չէ, թե ՀՀ իշխանություններն ինչ են ակնկալում եւ ինչ են բանակցում ամերիկյան կողմի հետ
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն օրերս ԱԺ-ում խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման ճանապարհին դեռեւս չլուծված, դժվար լուծելի հարցերի մասին` ընդգծելով հումանիտար խնդիրների առկայությունը. «Այստեղ մենք պետք է նշենք Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների ազատ արձակման հարցը, ինչպես նաեւ անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանումը եւ այլն»։ Ներկայացնելով իր «մասնավոր դիտարկումը»՝ նկատել է, որ կարգավորման գործընթացում առկա է «մեծ խոչընդոտ», որը «կոնֆլիկտի բնական օբյեկտիվ հետքն է» եւ որի հարթման ուղղությամբ ջանքեր են պահանջվում. «Դա անշուշտ երկու հասարակություններում միմյանց նկատմամբ գոյություն ունեցող անվստահության դրսեւորումներն են»։ Միրզոյանը դա համարում է օբյեկտիվ իրողություն՝ «հաշվի առնելով նաեւ թշնամանքի եւ արյան պատմությունը, որը կա երկու երկրների միջեւ»։
Չնայած դրան, Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը, հավատալով երկրի շուրջ «խաղաղ, համագործակցային մթնոլորտի միջավայրի ձեւավորման» անհրաժեշտությանը, «քայլ առ քայլ հետամուտ է լինելու բոլոր հարցերի լուծմանը»։ Այնուհետեւ Միրզոյանը ներկայացրել է ապաշրջափակման հարցում իր պատկերացումները. «Ապաշրջափակումը իմաստ չի ունենա եւ չի աշխատի, եթե չապաշրջափակվի Երասխ-Սադարակ հատվածը։ Երասխ-Սադարակ հատվածը եւս պետք է ապաշրջափակվի, եւ դա պետք է լինի օրգանական շարունակությունը կամ սկիզբը տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման: Չկա տրամաբանություն, երբ կաշխատի Հայաստանի հարավով անցնող երկաթուղին եւ չի աշխատի Նախիջեւանով անցնող երկաթուղին»:
Առնվազն մինչեւ Գյումրի չհասնելու պարագայում «Թրամփի ուղին»՝ TRIPP-ը, ուղղակի իմաստը կորցնում է, նկատել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է TRIPP-ի գործարկումը, եթե այն Նախիջեւանից չի շարունակվելու մինչեւ Գյումրի, ապա Կարս կամ Թբիլիսի։
Կարդացեք նաև
«Եթե Արեւելքից ենք շարժը նկարագրում, եթե երկաթուղին չի մտնելու Հայաստան, անցնի Հայաստանի հարավով, մտնելու Նախիջեւան եւ չի շարունակվելու Նախիջեւանով եւ Երասխով չի մտնելու նորից Հայաստան ու հասնի ինչ-որ մի տեղ, իսկ իրականում՝ Գյումրի- Կարսի մասը, ապա իմաստ չունի»,-ասել է Միրզոյանն՝ ընդգծելով, որ այդ ամբողջը հիմնված է փոխշահավետության վրա։
Վերհիշենք, թե ինչ էր նախատեսվում վաշինգտոնյան փաստաթղթերով: Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համատեղ հռչակագրի կետերից մեկն ապաշրջափակման մասին է: Երեւանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ եւ միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջեւ հաղորդակցությունների բացման կարեւորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա: «Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»,- նշված է հռչակագրում:
Բայց թե ե՞րբ տեղի կունենա հայ-ադրբեջանական ապաշրջափակումը, ժամկետը Վաշինգտոնում չի հստակեցվել, այսինքն` խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո՞, թե՞ առաջ, պարզ չի:
Հայաստանի իշխանություններն անընդհատ շեշտում էին, որ գործընթացը պետք է լինի հայելային, սակայն «հայելային» որեւէ պարտավորություն ներառված չէ այդ փաստաթղթերով` փաստացի: Երբ Ադրբեջանի համար ամրագրվում է իր հիմնական տարածքի ու Նախիջեւանի միջեւ Հայաստանով անխոչընդոտ կապը, ինչո՞ւ նույն ձեւակերպումը չկա Ադրբեջանի տարածքով Հայաստանի անցման դեպքում, հնչում էր արդարացված քննադատություն վաշինգտոնյան համաձայնություններից հետո:
Եվ բացի այդ, Միրզոյանը հիմա ի՞նչ «մինչեւ Գյումրու» մասին է խոսում…
Խոսակցությունները գնում էին 42 կմ-անոց միջանցքի մասին, ասվում էր, որ Հայաստանում «Թրամփի ուղու» հատվածը կազմելու է ընդամենը 42 կմ: Այսինքն, ենթադրվում էր, որ Թրամփ- Փաշինյան-Ալիեւ «համաձայնագրի» նախաստորագրմամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որով Սյունիքի 42 կմ միջանցքը կբացվի ու այն 99 տարով վերահսկողության կհանձնվի ամերիկյան որեւէ մասնավոր ընկերության:
Այսինքն, հայկական կողմի պատկերացմամբ հիմա «Թրամփի ուղին» մինչեւ Գյումրի պետք է հասնի՞…
Ի դեպ, սեպտեմբերի վերջին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել էր, որ Հայաստանում աշխատանքներ են ընթանում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» 42 կիլոմետրանոց հատվածում: Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ` սեպտեմբերի սկզբներին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ից հյուրեր են ժամանելու Հայաստան` քննարկվելու է 42 կմ միջանցքի «գործարկման քարտեզը»: Սեպտեմբերի 11-12-ը Հայաստանում էր ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը։
Նույն օրը` հոկտեմբերի 28-ին Արարատ Միրզոյանի ներկայացրածին հակասող մոտեցումներ է ներկայացրել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադառնալով ենթակառուցվածքների բացման թեմային, նշել է, որ բոլոր ճանապարհները «պետք է սինխրոն բացվեն», հակառակ դեպքում, պարզապես լիարժեք չեն աշխատի։
Ի՞նչ է ներառելու «Թրամփի ուղի» ծրագրի շրջանակը, այդ 42 կմ-ը հարցին ի պատասխան նա նշել է՝ բոլոր տեսակի տրանսպորտային կապերը՝ էներգետիկ, ճանապարհներ, երկաթգիծ: Այդ 42 կմ հատվածո՞ւմ միայն, հարցրել է լրագրողը։ Նա պատասխանել է. «42 կմ-ը, որ Դուք ասում եք, 42 կմ-ը դա երկաթգծի երկարությունն է, մնացած ենթակառուցվածքները դեռեւս տեխնիկական զննության եւ բիզնես պլանավորման կարիք ունեն։ Գիտեք, ես կարծում եմ Դուք վիզուալ այլ կերպ եք պատկերացնում։ Դա ոչ թե հանգույց է, որը լինելու է հենց կոնկրետ մեկ կետում, կամ մեկ վայրում, կամ մեկ գծով, դա ուղղակի կախված է ենթակառուցվածքից, յուրաքանչյուր ենթակառուցվածք կունենա իր տեխնիկական նկարագիրը եւ նախագիծը։ Իսկ 42-43 կմ հատվածը, վստահեցնում եմ Ձեզ, որ խոսքը գնում է երկաթգծին, որովհետեւ երկաթգծի ուղին այլեւս պարզ է, ինքը փոփոխելու խնդիր չունի, որովհետեւ, խոսքը գնում է Խորհրդային Միության ժամանակվա երկաթգծի վերականգնման մասին, որի պարամետրերը շատ օբյեկտիվ են եւ կոնկրետ»։
Առաջին փուլում ի՞նչ ենթակառուցվածք է սկսվելու, որի՞ց է սկսվելու կառուցումը, հարցրել է լրագրողը։ Գրիգորյանը նշել է, որ կարծում է, մեր մինչ օրս կատարված աշխատանքների իմաստով ամենահասուն լուծումները երկաթգծի մասով են: Լրագրողը խնդրել է նշել երկաթգծի կոնկրետ ուղին: «Մենք 20-21 թվականներից սկսած երկաթգծի ենթակառուցվածքի այդ հատվածը քննարկել ենք Երասխն էլ ներառյալ՝ Նախիջեւանի գծով եւ մեր հարավից», պատասխանել է Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ հիմա էլ որեւէ տրամաբանություն չի փոխվել։ Ամերիկյան կողմը նաեւ Երասխի հատվածում է ներդրումներ անելո՞ւ, թե՞ հայկական ներդրումներ են լինելու։ Մհեր Գրիգորյանի փոխանցմամբ՝ «ըստ պայմանավորվածությունների՝ խոսքը գնում է ենթակառուցվածքային ռեգիոնալ ինտեգրացիայի մասին, նշանակում է՝ բոլոր հնարավոր կապերը պետք է իրականություն դառնան, հակառակ դեպքում՝ ենթակառուցվածքի ֆրագմենտը չի կատարի այն դերը, չի ունենա այն դերը, որի մասին մենք խոսում ենք»։
Հայ-ամերիկյան կողմի հետ հայկական կողմը նախագծի վրա աշխատո՞ւմ է, հարցին ի պատասխան էլ փոխվարչապետը վստահեցրել է՝ «այդ թվում՝ նախագծերի վրա, այո»:
«Թրամփի ուղու» վերաբերյալ պաշտոնական Երեւանի դիրքորոշումն, ինչպես նկատում ենք, անորոշ է, իշխանությունը, կարծես, ճանապարհային քարտեզ չունի: Պարզ չէ, թե ինչ են ակնկալում եւ ինչ են բանակցում ամերիկյան կողմի հետ: Տպավորություն է ստեղծվում, ոչ գործընթացն առայժմ խառնաշփոթի մեջ է:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.10.2025


















































 
                         
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                   