Բայց ես կուզենայի շեշտը դնել նրա վրա, թե ինչ կստանանք մենք ընտրության արդյունքում: 35%-ի շեմը հաղթահարած կուսակցություններից յուրաքանչյուրը ներկայացնում է կառավարության ծրագրի իր տարբերակը եւ վարչապետի իր թեկնածուին: Չառաջադրելու իրավունք չունեն: Այստեղ մեծանում է ընդդիմության դերը: Ընդդիմական հինգ ուժերը ֆրակցիոն սկզբունքով քվեարկում են երկու տարբերակներից որեւէ մեկի օգտին: Չքվեարկելու կամ ձեռնպահ քվեարկելու իրավունք չունեն: Եվ իմ խորին համոզմամբ ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ պետք է բացառվի պատգամավորների կողմից ձեռնպահ քվեարկության միջոցով իրենց վրայից այս կամ այն օրենքի կամ որոշման ընդունման պատասխանատվության թոթափումը: Այնուհետեւ կառավարության ծրագրի եւ վարչապետի ընտրությունից հետո կայանում են նախարարների թեկնածուների առաջադրումն ու նրանց ընտրությունը: 35% -ի շեմը հաղթահարած ուժերն առաջադրում են նախարարների թեկնածուներ եւ չառաջադրելու իրավունք չունեն: Նույն սկզբունքով ընդդիմությունը քվեարկում է նախարարների ընտրության ժամանակ: Նույն սկզբունքով անց են կացվում մյուս պետական կարեւոր պաշտոնյաների ընտրությունները, եթե դրանք ընտրվում են ԱԺ-ի կողմից: Նույն սկզբունքով անց է կացվում երկրի նախագահի ընտրությունը: Երկրի նախագահն իրավունք է ունենում մասնակցել կառավարության բոլոր նիստերին, կարծիք հայտնել կամ դիտողություններ անել նիստի ընթացքում: Երկրի նախագահի ստորագրման են ներկայացվում օրենքների նախագծերը, որոնք նա իրավունք է ունենում անհրաժեշտության դեպքում ուղարկել Սահմանադրական դատարան, դրանց սահմանադրականությունը ստուգելու համար: Կապված նախագահի կողմից օրինագծերը Սահմանադրական դատարան ուղարկելու հարցի հետ. նույնիսկ այն պարագայում, երբ նախագահի այդ լիազորությունն ինչ-ինչ պատճառներով ձեւական դառնան, դա ժամանակ կտա քաղաքական ուժերին եւ հասարակական կազմակերպություններին անհրաժեշտ արձագանք տալ կոնկրետ հարցի վերաբերյալ:
ԱԺ-ում ընտրությունների արդյունքում ընտրված կառավարության ծրագիրը մնում է անփոփոխ հինգ տարվա համար՝ այնուամենայնիվ հնարավորություն տալով որոշ մանր փոփոխություններ մտցնելու:
Ի տարբերություն Կառավարության ծրագրի՝ ԱԺ-ին հնարավորություն է տրվում դնել երկրի վարչապետին պաշտոնանկ անելու հարցը 1 կամ 2 անգամ (1-ին տարում եւ 3- րդ տարում կամ` 2-րդ տարում): Միեւնույն ժամանակ վարչապետը հնարավորություն է ունենում դնել այս կամ այն նախարարին պաշտոնից ազատելու հարցը եւս 2 անգամ (2-րդ եւ 4-րդ տարում): Նա իրավունք է ունենում ԱԺ-ից քննարկման դնել 2 նախարարի փոփոխման հարց՝ արդեն այդ ժամանակ հնարավորություն ունենալով առաջարկել իր թեկնածուներին: Այս պարագայում կարող է բնական հարց ծագել, թե ինչպես պետք է աշխատի վարչապետը հակառակ թեւի կողմից առաջադրած եւ ընտրված նախարարների հետ: Նախ պետք է նշեմ, որ այդ ռիսկն ավելի մեծ չափով առկա էր կիսանախագահական կառավարման հայաստանյան տարբերակում, երբ ԱԺ-ում կարող էր ձեւավորվել երկրի նախագահին չհարող քաղաքական ուժի մեծամասնություն եւ առիթ ստեղծել, որ նախագահը ստիպված լինի աշխատել հակառակ թեւի առաջադրած նախարարների հետ: Բայց ի տարբերություն կիսանախագահական կառավարման, խորհրդարանական կառավարման այս տարբերակում փոքրանում է քաղաքական ճգնաժամի ռիսկը, քանի որ ԱԺ-ն լիակատար վերահսկողություն է ունենում կառավարության աշխատանքի հանդեպ: Կարող է հարց առաջանալ նաեւ ՝արդյոք չի ցանկանա կուսակցության անդամներից որեւէ մեկը փորձել խափանել կառավարության բնականոն աշխատանքը իրեն առաջադրած քաղաքական ուժի կամ զուտ իր անձնական շահերից ելնելով: Կապված քաղաքական ուժի մասի հետ՝ այդ ռիսկը քչանում է , քանի որ ի սկզբանե լիակատար իշխանության հասնելու ձգտումը վերանում է ինտիտուցիոնալ ձեւով: Նույնիսկ այդ պարագայում Ազգային ժողովում առկա մնացած քաղաքական ուժերը կարող են անվստահություն հայտնել այդ նախարարին ընդհուպ մինչեւ քրեական գործի, եթե դրա անհրաժեշտությունը կա: Այսպիսով նույնիսկ ինքնապահպանման մակարդակի վրա ոչ մի նախարարի ձեռք չի տալիս նման պահվածքը:
Մեծ ռիսկ կա նաեւ վարչապետին անտեղի անվստահություն հայտնելու վերաբերյալ: Եթե անգամ վարչապետին անվստահություն է հայտնվում ԱԺ-ում, դրա համար պետք է լինեն ծանրակշիռ հիմքեր:
Կարդացեք նաև
Ամենայն հավանականությամբ, վարչապետի հրաժարականը կարող են պահանջել կա’մ ընդդիմությունը, կա’մ հակառակ իշխանական կոալիցիան: Ընդդիմության առաջարկի դեպքում չպետք է մոռանալ, որ նա իրավունք չունի առաջադրել թեկնածու, հետեւաբար ընդդիմությունը կամ ընդդիմական թեւերից որեւէ մեկը այդ հարցի մեջ թաթախվելու համար լուրջ փաստարկներ պետք է ունենա գործող վարչապետի դեմ:
Իսկ դրանց առկայության պարագայում պետք է գոնե քննվի դրանց իրավացիությունը: Մյուս թեւի կողմից հարցը բարձրացվելու դեպքում նա պարտավոր է առաջադրել վարչապետի թեկնածու, որ պետք է աշխատի արդեն իսկ ընտրված կառավարության ծրագրով եւ գոյություն ունեցող նախարարական կազմով: Այս պարագայում չպետք է մոռանալ նաեւ այն ընդդիմական ուժերի մասին, որոնք ժամանակին քվեարկել էին գործող վարչապետի թեկնածության օգտին: Արդյոք նրանք շահագրգռված կլինեն իրենց որոշման փոփոխման հարցում: Ուժային կառույցները ենթարկվում են վարչապետին եւ հաշվետու են նրան: Վարչապետն իրավունք է ունենում ԱԺ-ում ունենալ փակ քննարկում անցկացնելու հնարավորություն: Պատգամավորներն իրավունք են ունենում քվեարկել կողմ կամ դեմ, բացառելով ձեռնպահ քվեարկությունը: Իմ խորին համոզմամբ ժողովուրդը ձայն է տալիս պատգամավորին ոչ թե պատասխանատվությունն իր վրայից գցելու համար, այլ այս կամ այն հարցի շուրջ իր տեսակետն արտահայտելու: Կարող է հարց առաջանալ, թե արդյոք պատգամավորները չեն դառնա ժամանակ մեռցնող, քանի որ մեծ հաշվով լիակատար իշխանության ձգտում չկա:
1) Հիմա էլ է դա այդպես՝ անգամ լիակատար իշխանության ձգտման պարագայում: 2) Չեն կարող ,քանի որ կառավարությունն իր հերթին պահանջկոտ է լինելու ԱԺի հանդեպ , ինչը արդյունք է լինելու նրա, որ ԱԺ-ն պահանջկոտ է լինելու կառավարության հանդեպ: Կխնդրեի հատուկ ուշադրություն դարձնել այն կարծիքիս, որ պետք է փոխվի նախարարի թեկանածու դառնալու համար անհրաժեշտ տարիքային շեմը՝ հասցնելով այն 35- ի, եւ հատուկ կետ մտցվի նախարարի անցած կոնկրետ մասնագիտական ուղու վերաբերյալ. այն է, թե քանի տարի է աշխատել նա կոնկրետ մասնագիտական ոլորտում: Այս ամենի շարքում առաջարկում եմ նաեւ բարձրացնել նախագահի, վարչապետի եւ պատգամավորների տարիքային անցումային շեմը:
Հայեցակարգ. Ընտրությունների արդյունքում Ազգային ժողով մտած որեւէ ուժ Սահմանադրորեն իրավունք չունի խորհրդարանում ունենալ ավել ձայներ քան մանդատների 2/5-ը (իմ կարծիքով համեմատաբար հեշտ է 2 – 3 տոկոսանոց «քույր» կուսակցություն ստեղծել, իսկ մինչեւ 10 տոկոս ձայներ ունեցող կամ մի քանի փոքր կուսակցությունների հետ համագործակցելիս թե՛ փոքրանում է քույր կուսակցություն ստեղծելու հավանականությունը կամ դրա արժեքն այնքան մեծ է լինում, որ կորցնում է իմաստը, թե՛ անգամ նման ռիսկի պարագայում մեծանում է գինը այս կամ այն որոշման պարագայում համաձայնության գալու հարցում, քանի որ 10 տոկոսը բավական մեծ թիվ է, որեւէ կուսակցության ինքնաբավ դարձնելու համար): Խորհրդարան մտած ուժերը մեկշաբաթյա ժամկետում (պայմանական) պարտավոր են կոալիցիա կազմել քաղաքական մեծամասնություն եւ կառավարություն ձեւավորելու, վարչապետ ընտրելու համար։ Սակայն ձեւավորված քաղաքական մեծամասնությունը չի կարող ավել ձայներ ունենալ, քան խորհրդարանի մանդատների 3/5: Դատավորների, դատախազի, ՄԻՊ եւ նման այլ պաշտոնների համար թեկնածուի ընտրությունը կատարվում է խորհրդարանի ձայների 2/3-ով:
Նախագահի ընտրությունը կատարվում է խորհրդարանի ձայների 3/4- ով (պայմանական): Այս երկու տարբերակներն էլ իմ պատկերացումն են որպես հարցի լուծում, եւ քաջ գիտակցում եմ, որ կան մեղմ ասած շատ ավելի բանիմաց ու փորձառու մարդիկ, ովքեր ավելի լավ տարբերակներ կառաջարկեն։
Սակայն ես կարեւորում եմ, որ Սահմանադրական կարեւորագույն պաշտոններում մարդ նշանակելու լիազորությունը տրված չլինի մի մարդու՝ հանձինս երկրի ղեկավարի, այլ կոլեգիալ մարմնի՝ օրինակ Ազգային ժողովին, բայց դա չլինի ձեւական, այլ ամրապնդված լինի հստակ երաշխիքներով՝ հաշվի առնելով մեր քաղաքական եւ կուսակցական իրողությունները, ինչի մասին արդեն խոսել եմ։ Ի վերջո պարզ ճշմարտություն է, եթե երկրի ղեկավարն ունի հնարավորություն հողի վրա միանձնյա նշանակում անել դատախազի պաշտոնում եւ նաեւ հնարավորություն ունի նրան առնվազն հանելու այդ պաշտոնից, քիչ է հավանականությունը նույն այդ ղեկավարը կնշանակի այնպիսի կամային հատկանիշներով օժտված անձի, ով անհրաժեշտության դեպքում նաեւ իրեն հարցեր կտա։ Դրանով նույն այդ դատախազը հնարավորություն չի ունենա իրականացնել իր լիազորությունները անգամ ցանկության դեպքում։ Եվ դա կարելի է պրոյեկտել մնացած պաշտոնների վրա եւս։ Այդ հարցին լուծում տալով բարձրացնում ենք նաեւ Սահմանադրության իմունիտետը ինքն իրեն պաշտշանելու, որն էլ որպես հետեւանք կարող է ունենալ պետության ինստիտուցիոնալիզացումը։ Այս ամենի կոնտեքստում նաեւ մեծանում է հավանականությունը, որ կուսակցությունները կսկսեն հաշվի առնել մարդկանց մասնագիտական ունակություններն ու մարդկային արժեքները հասարակության աչքերում, երբ համալրեն իրենց կուսակցության շարքերը հատկապես, երբ խոսքը գնում է առաջնային ցուցակում ներգրավված մարդկանց մասին: Անվերջ կարելի է խոսել այս թեմայի շուրջ՝ շեշտադրելով վերոնշյալ գաղափարի վատ ու լավ կողմերը: Ես իմ կողմից կուզենայի շեշտը դնել այն փաստի վրա, որ կենտրոնանան կոռուպցիոն ռիսկի բացակայության կամ այդ ռիսկը մինիմալի հասցնող համակարգի առկայության դեպքում կարող է կանգնեցնել մեր հասարակության գնալով ուժեղացող ներքին նեխման գործընթացը, որի արդյունքում նա կկարողանա այնպիսի առաջնորդներ դաստիարակել իր շարքերում, որոնց կցանկանա վստահել իր սերունդների ապագան:
Հայկ Արմենի ԴՈՐՈՒՆՑ
«Առավոտ» օրաթերթ
30.10.2025


















































 
                         
          
          
          
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                