Լրահոս
Օրվա լրահոսը

Սա հայ ազգի համար չի նշանավորում նաեւ խաղաղության, բարգավաճման եւ ազատության նոր դարաշրջանի սկիզբ. Ջոն Այբներ. «Ազգ»

Հոկտեմբեր 31,2025 10:25

Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Այբները Լոս Անջելեսում հրավիրված հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ երախտագիտական իր խոսքը սկսել է գնահատելով ANCA-ն՝ որպես հայ-ամերիկյան եզակի հաստատության, որ խոր արմատներ ունի ԱՄՆ-ի հայկական համայնքում եւ ամուր պատմական կապեր Հայաստանի հետ: Այնուհետ անդրադարձ է արել ՔՀՄ կազմակերպության՝ ՀՀ- ի հետ հատուկ հարաբերություններին, որ սկիզբ են առնում ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Սումգայիթից եւ Բաքվից հայ քրիստոնյաների ազգային-կրոնական զտումները, Արցախում նույն սարսափելի գործընթացն ուշադրություն բեւեռեց: Այբները նկատել է տվել, որ ի տարբերություն Սումգայիթի եւ Բաքվի, հայկական դիմադրությունն Արցախում ուժեղ էր:

Կազմակերպության նախագահը պատմել է, որ այդ ժամանակ Լենինգրադում մի համաժողովի ժամանակ է հանդիպել լեդի Քերոլայն Քոքսին, խնդրել նրան միանալ իրենց՝ ՔՀՄ կազմակերպության Արցախ փաստահավաք այցին: «Քոքսն արդեն այնտեղ էր եղել Զորի Բալայանի, Անդրեյ Սախարովին մերձ շրջանակի կազմակերպած այցի ժամանակ: Դրանից հետո արցախցիները միշտ լեդի Քոքսի սրտում են, մինչ օրս էլ՝ ի հեճուկս առողջական խնդիրների», – շեշտել է Այբները: 1991-ին ձեռնարկել են Քրիստոնեական համերաշխություն կազմակերպության առաջին առաքելությունն Արցախ, որն այն ժամանակ ԽՍՀՄ-ի, Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակման մեջ էր: «Այնտեղ ո՛չ ՄԱԿ կար, ո՛չ Կարմիր խաչ, ո՛չ USAID, ո՛չ էլ պետական հովանավորում ունեցող մարդասիրական օգնության այլ կազմակերպություն: Արցախցիները մենակ էին: Ստեփանակերտի հիվանդանոցի վիրաբույժ Մարտիրոսյանը ստիպված էր վիրավորների վերջույթներն անդամահատել տեղական կոնյակով՝ ցավը մեղմելու համար: Շատերը մահացան փտախտից: Ավերված հիվանդանոցում նույնիսկ ասպիրին չկար:

Մենք ժամեր անցկացրինք Ստեփանակերտի նկուղներում՝ տեղի բնակչության հետ միասին, երբ Ադրբեջանը ռմբակոծում էր քաղաքը «Գրադ» հրթիռներով: Մեր տեսածից՝ մարդկային տառապանքներից վշտացած, բայց ժողովրդի հզոր ոգուց ոգեշնչված՝ Քրիստոնեական համերաշխությունն ու լեդի Քոքսը կրկին ու կրկին վերադառնում էին: Լեդի Քոքսի հետ գրեցինք «Էթնիկ զտումներն ընթացքի մեջ. պատերազմը ԼՂ-ում» վերնագրով ընդարձակ մի զեկույց, որում Արցախի էթնո-կրոնական զտումները դիտարկվում էին Հայոց ցեղասպանության շարունակական գործընթացի համատեքստում, որ չի ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմով: Մարդու իրավունքների փաստահավաք եւ պաշտպանության այցելությունները վերածվեցին մարդասիրական օգնության բազմակի առաքելությունների՝ հատուկ շեշտադրելով բժշկական աջակցությունը: Լեդի Քոքսի վերականգնողական կենտրոնը, որը ժամանակին Ստեփանակերտում էր, իսկ այժմ Երեւանում ծառայում է Արցախից տեղահանվածներին, ՔՀՄ կազմակերպության՝ վաղ տարիների մարդասիրական նախաձեռնությունների մի հուշարձան է: Արցախի էթնո-կրոնական զտումներն ավարտվեցին 1994 -ի զինադադարով: Թվում էր, թե Արցախը կարող է ինքնուրույն զույգ ոտքի վրա կանգնել: Բայց դա չեղավ:

2020 թվականին էթնո-կրոնական զտումները վերսկսվեցին, ավարտվեցին 2023 -ին՝ ինը ամսվա շրջափակումից հետո, որ հետապնդում էր բնակչությանը սովամահ անելու եւ հնազանդեցնելու նպատակ: Տեսնելով, որ Արցախը կրկին գոյության սպառնալիքի առջեւ է, Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը դարձյալ միջամտեց: ՔՀՄ-ն շարունակում է պայքարել Արցախի ժողովրդի՝ իրենց տները վերադառնալու եւ խաղաղ ու արժանապատիվ ապրելու իրավունքի համար: Շարունակում ենք պայքարել նաեւ Բաքվում Ալիեւի բռնապետության մեջ պահվող քրիստոնյա հայ պատանդների ազատարձակման համար: Այժմ ականատես ենք լինում ՀՀ -ին սպառնացող գոյության վտանգին: Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքի մի մասը, պնդում է, թե ողջ Հայաստանի հանդեպ սեփականության իրավունք ունի, բացահայտորեն կիրառում է Արեւմտյան Ադրբեջան եզրը: Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ արվեն, բացահայտորեն պնդում է, մեղադրում Հայ Առաքելական Եկեղեցուն խաղաղությանը խոչընդոտելու մեջ (It insists on the submission of the Armenian Apostolic Church, which it openly accuses of standing as a barrier to peace.): Տեսնում ենք, թե ինչպես են Ադրբեջանի պահանջները մեկ առ մեկ բավարարվում ՝որպես կապիտուլյացիայի պայմանագրի ստորագրման նախապայմաններ: Ադրբեջանի պահանջներին ամենաանհանգստացնող զիջումներից են Բագրատ եւ Միքայելի արքեպիսկոպոսների, Մկրտիչ եպիսկոպոսի, եկեղեցու աշխարհիկ հովանավոր Սամվել Կարապետյանի եւ այլոց ձերբակալությունն ու բանտարկությունը»:

«Այսօր ականատես ենք լինում Հայաստանի հարկադիր ադրբեջանացմանը եւ նրա ինտեգրմանը՝ նեոօսմանյան եւ պանթուրքական միաձուլվող ավտորիտար աշխարհներին, ոչ թե, ինչպես հաճախ են հայտարարում, ժողովրդավարական Արեւմուտք շրջադարձին: Սա հայ ազգի համար չի նշանավորում նաեւ խաղաղության, բարգավաճման եւ ազատության նոր դարաշրջանի սկիզբ: Մարդու հիմնարար իրավունքների եւ մարդկային արժանապատվության շարունակական կոպիտ խախտումները վկայում են մռայլ իրականության մասին», – իր ելութում ասել է Ջոն Այբները՝ հետեւյալ եզրահանգմամբ՝ «Հայաստանին աշխարհի տարբեր ծայրերում գտնվողների համերաշխությունը «Դավթի եւ Գողիաթի այս պայքարում այդուամենայնիվ հույս է տալիս»:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031