Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ՀԾԿՀ-ն, պարզվեց՝ մերժել է սակագինը նվազեցնելու «Տաշիր կապիտալ» ընկերությունների առաջարկը։
ՀԷՑ-ի նախկին ղեկավարներն ասում են՝ մերժումն ունի այլ դրդապատճառ, պարզապես չեն ուզում, որ սակագնի նվազումը «վերագրվի» Սամվել Կարապետյանին, այդ պատճառով էլ անհեթեթ պարզաբանումներ են ներկայացրել, թե իբր սակագինը նվազեցնելու ՀԷՑ-ի առաջարկն իրականում ոչ թե էժանացնելու է հոսանքը, այլ հանգեցնելու է թանկացման:
ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը մեզ հետ զրույցում կետառկետ հերքեց ՀԾԿՀ-ի «ստերը»․ «Իրենք ասում են, թե մենք չենք դիմել սակագնի իջեցման համար, դիմել ենք վարկային պորտֆելի կարգավորումների համար։ Ես երեկ էլ իմ ասուլիսի ընթացքում նշեցի՝ հաշվի առնելով, որ իրենք հայտնի պատճառներով չէին համաձայնելու սակագինն իջեցնել, այդ իսկ պատճառով մենք դիմեցինք փոքրիկ խորամանկության եւ ՀԾԿՀ-ին ուղղված նամակում նշեցինք մեր վարկային պորտֆելի հետ կապված հարցը, որը բացարձակ նշանակություն չուներ։ Երկրորդ․ մենք ուղիղ առաջարկել ենք քննարկում իրականացնել՝ հաշվի առնելով, որ ՀԾԿՀ-ն է որոշում սակագինը, այսինքն՝ ՀԷՑ-ը չի կարող ինքն իրեն վերցնել եւ սակագին փոխել, եւ ամենակարեւոր հանգամանքը՝ իրենք նշում են, որ դիմել ենք 12 մլրդ-ով ներդրումներն ավելացնելու, նախ՝ դրա համար մենք փետրվար կամ մարտ ամսին ենք դիմել, մինչդեռ սակագինն իջեցնելու համար՝ հունիսի 6-ին։ Հետեւաբար, ՀԾԿՀ-ն ստում է այս առումով։ Ստում է նաեւ երկրորդ փաստով․ մենք դիմել ենք 12 մլրդ ներդրումային ծրագիր ավելացնելու հարցով, որպեսզի աշխատանքները շատ կատարվեն, բայցեւ պայմանով, որ դա սակագնի վրա բեռ չի կարող դառնալ, եւ դրա փոխհատուցումը կարող է տրվել ընդհուպ 30 տարի հետո։ Այսինքն՝ եթե մենք պահանջեինք, որ հաջորդ տարվանից փոխհատուցում տային, այո, այդ բեռը կառաջանար, բայց մենք ասել ենք՝ երբ ձեզ հարմար լինի, երբ որ ունենանք ավել գումարներ, նոր կփոխհատուցեք։ Ավելին ասեմ՝ Հանձնաժողովի հունիսի 6-ի նիստի սղագրությունը ես էլ ունեմ, պահանջել ենք գրավոր, այդ նիստին մերժվեց մեր առաջարկը, որտեղ ես նշում եմ, որ եթե դա է ձեզ համար խնդիրը, ՀԷՑ ՓԲԸ-ն պատրաստ է իր շահույթի հաշվին կատարել այդ ամենը։ Այս խոսքերի սղագրությունը, ձայնագրությունը՝ իբրեւ ապացույց, կա ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ Հանձնաժողովի, հետեւաբար՝ լկտի սուտ է, որ 12 մլրդ-ի համար դիմելը դառնալու էր սակագնի ավելացման հիմք։ Մենք դիմել ենք Հանձնաժողով միայն մեկ պատճառով, որ իրենց կողմից պետք է ընդունվեր, այն է՝ կլիներ անջատումների որոշակի աճ, օրինակ, ճանապարհաշինարարության համար, երբ ավել գումար ես ուզում ներդնել ավել փողոցներ ասֆալտապատելու համար, բնականաբար, խցանումների քանակը շատանալու է։ Մենք այդ պատճառով ենք դիմել, որ՝ հարգելի Հանձնաժողով, ուզում ենք շատ փող ծախսել, շատ գործ անել, բայց խնդրում ենք մեր սահմանված կարգով, որով հաշվում են որակն ու վթարների քանակները, ուզում ենք այս ժամանակամիջոցում ավելացնել կամ ավելացումը խախտում չհամարել, որովհետեւ շատ գործ կա անելու։ Այսինքն՝ մի կարճ ժամանակ որոշակի անհարմարություն պետք է լիներ, հետո՝ շատ ավելի լավ վիճակ։ Իմիջիայլոց, մի փորձ էինք արել՝ մեկ գծի վրա միայն վերանորոգումից հետո 82 տոկոս նվազել էին վթարները»։
Ղազինյանի պնդմամբ՝ ՀԾԿՀ-ի պարզաբանման մեջ ներկայացված թվային հաշվարկն ամբողջովին կեղծ է․ «Իսկ իրենց մաթեմատիկան, իսկապես, չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է այդքան թույլ լինել, 3.6 միլիարդը բաժանում են 6 մլրդ-ի վրա, ասում են՝ մոտավորապես կես դրամ, թեպետ կեսից ավել է անում, հետո վերցնում են 12 մլրդ-ն, մտցնում են ներդրումային ծրագիր, որով պիտի սակագինը բարձրանար, 0.5 դրամից էլ հանում են բարձրացվող սակագինը, դառնում է ընդամենը 20 լումա։ Սա թվային մանիպուլյացիա է՝ ՀԾԿՀ-ի կողմից հրամցված։ Իրականությունն այն է, որ հոսանքի գինն իջնելու էր 1-1.5 դրամով։ 12 մլրդ-ի հետ կապված՝ ես կրկնում եմ․ հարգելի Հանձնաժողով, եթե չեք ուզում 30 տարում այդ փողը մեզ հետ տալ, որը սակագնի վրա չի կարող ազդել, խնդրեմ՝ «Տաշիր կապիտալը» պատրաստ է իր շահույթի հաշվին այդ 12 մլրդ-ն ներդնել։ Իրենք ասում են՝ 12 մլրդ իջեցնելու պարագայում մոտ 2 մլրդ բեռ է լինելու սակագնի վրա, մենք ասում ենք, որ այդ գումարը մենք մեր շահույթի հաշվին ենք անելու»։ Ղազինյանը շեշտեց, որ հունիսի 6-ին իրենք առաջարկել են ոչ թե ընդհանուր սակագինն իջեցնել՝ բոլորի համար, այլ միայն՝ բնակչության։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































 
                         
          
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   