Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի տապալման համար ամբողջ թուքումուրը, փաստորեն, այս օրերին ուտում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, որն ԱԺ հանձնաժողովներին է ներկայացնում 2026 թ․ բյուջեն։ Ընդդիմադիրների հարցին, թե ինչպես եղավ, որ 7 տոկոս տնտեսական աճի պայմաններում ո՛չ թոշակն է էապես ավելանում, ո՛չ նվազագույն աշխատավարձը, ու շարունակում ենք երկրում 700 հազար աղքատ ունենալ, նա պատասխանել է. «Եթե մենք կենսաթոշակն այսօր բարձրացնենք եւ հասցնենք պարենային զամբյուղին համապատասխան մակարդակի, դա կբերի ֆինանսական միջավայրի անկայունության։ Արդյունքում նույն թոշակառուները կունենան ավելի վատ կենսամակարդակ, քան այսօր»։
Տնտեսագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը փորձում է վերծանել ֆինանսների նախարարի ասած արտառոց միտքը․ «Իրենք մաքսիմում հնարավոր ծախսերն իրականացնում են, լրացուցիչ ծախսը կբերի ֆինանսական անկայունության, որի հետեւանքով կունենանք բարձր գնաճ եւ ազգային արժույթի արժեզրկում, ու դրա հետեւանքն էլ կդառնա այն, որ մարդկանց մոտ պայմանական 5-10 տոկոս կավելանա թոշակը, իսկ գները կավելանան 20 տոկոսով, ու ավելի քիչ ապրանք կկարողանան այդ թոշակով գնել։ Բայց ո՞վ է իրենց ասում, որ ամեն տարի պետք է չբարձրացնեին թոշակը»։
Որքա՞ն գումար է կառավարությանն անհրաժեշտ՝ կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղին՝ 80-85 հազարի հասցնելու համար, եւ դա չե՞ն կարող անել՝ կրճատելով այլ ծախսեր։ Ավետիսյանն ասում է․ «Եթե նկատի առնենք, որ միջին կենսաթոշակն էսօր 50 հազար դրամ է, հետվճարով առավելագույնը կդառնա 55 հազար դրամ։ Նվազագույն սպառողական զամբյուղը 82 հազար է։ Այսինքն՝ փաստացի միջին կենսաթոշակը պետք է բարձրանա 30 հազարով։ Այսօր մոտ 280-290 մլրդ դրամ է թոշակի ֆոնդը, եթե 25-30 տոկոսով ավելացնեն՝ մոտ 100 մլրդ լրացուցիչ գումար է պետք լինելու»։ Դա դժվա՞ր է գտնել։ «500 հազար թոշակառու կա։ Մտքներին տեղ լինի՝ կգտնեն այդ 100 մլրդ դրամը։ Ինչի այդպիսի՞ գումարներ են գտել, երբ որ իրենց անհրաժեշտ է եղել։ Ասֆալտի վրա որ այդպիսի գումարներ են դնում, մսխում հանրային գումարները, բա որտեղի՞ց»։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































 
                         
          
          
          
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   