ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ Սեւանա լճից ջրառի ծավալները նվազել են։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը դիմեց Խուդաթյանին․ «Եկեք միասին գնանք Սեւանա լիճ, տեսնենք քանի՞ սմ է իջել Սեւանը նախորդ տարվա համեմատ»։
Դավիթ Խուդաթյանն ասաց․ «Պարոն Ղազարյան, չեմ արդարանում, ես կարծում եմ, որ ի տարբերություն ձեր գործընկեր Արծվիկ Մինասյանի, ոլորտն ավելի լավ եմ կառավարում, որովհետեւ երբ ինքն էր ոլորտի պատասխանատու նախարարը, Սեւանից ջրառը եղել է ոչ թե 183, այլ եղել է 265 մլն խմ։ Դրա համար ճիշտ կանեք այդ հարցերի զգալի մասն Արծվիկ Մինասյանին տաք։ Երբ որ այդ ժամանակները նայենք, կտեսնենք, որ շարունակաբար Սեւանի ջրառը եղել է 265 մլն խմ, 260 մլն խմ։ Այնպես որ, ես պնդում եմ, որ ավելի լավ եմ կարողանում կառավարել ոլորտը, քան Արծվիկ Մինասյանը, գոնե թվերը դրա մասին են խոսում»։
Արման Ղազարյանն ասաց․ «Ի տարբերություն ձեզ, որ ասում եք՝ Սեւանա լճից ջուրը պետք է վերցվի, Արծվիկ Մինասյանի աշխատած ժամանակահատվածում Արծվիկ Մինասյանը միշտ դեմ է եղել, այդ թվում՝ կառավարության անդամ լինելով հանդերձ՝ դեմ է քվեարկել Սեւանա լճից լրացուցիչ ջրառ վերցնելու որոշմանը։ Այս վերջում էլ ինքը դեմ է խոսել։ Եվ դա արդարացում չէ, որ եթե նախկինում շատ է վերցվել, դուք համեմատաբար քիչ եք վերցրել։ Բա էսքան փող եք դրել, արդյունավետ չի եղե՞լ, որ լրացուցիչ ջրառ եք վերցնում»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
«Կողմի ու դեմի մասին չէ խոսքը, կարամ ես ասեմ՝ դեմ եմ Սեւանից լրացուցիչ ջրառին եւ 400 մլն խմ ջրառ իրականացնեմ։ Չեմ կարծում՝ նախարարի դեմ կամ կողմ լինելն է Սեւանի մակերեսը մեծացնում կամ իջեցնում։ Կարծում եմ՝ դրանից վերցված ջուրն է դա անում, Արծվիկ Մինասյանի ժամանակ միայն ջրառի հետեւանքով 7-8 սմ Սեւանի մակարդակն ավելի է իջել, քան հիմա է իջնում»,- արձագանքեց Խուդաթյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































 
                         
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   