Լրահոս
Օրվա լրահոսը

Սանհանգույցների չգործելու պատճառով 27 դպրոցում դասաժամերը կրճատել էին

Հոկտեմբեր 31,2025 11:52

Aravot.am-ը դժգոհություններ էր ստացել Դերենիկ Դեմիրճյանի անվան համար 27 հիմնական դպրոցի ծնողներից: Նրանք մտահոգված են, որ սեպտեմբերի 1-ից դպրոցի սանհանգույցները չեն գործում, եւ այդ պատճառով դասերի տեւողությունը դպրոցի տնօրենը դարձրել է 35 րոպե։ «Թե ինչքանով է դասի 35 րոպե տեւողությունը նպաստում զուգարան չգնալուն, իրենք կիմանան։ 21-րդ դար, առանց սանհանգույցների դպրոց, տեսած կամ լսա՞ծ բան է»,- մեզ հետ զրույցում իր անհանգստությունը հայտնեց մի ծնող:

Նաեւ Aravot.am-ին տեղեկացրին, որ 2 օր էլ դպրոցում ընդհանրապես դասեր չեն եղել, որպեսզի հավաքարարները մաքրեն կուտակված աղբը: «Դրամահավաքների մասին էլ չեմ խոսում, տոնից տոն պարբերաբար գումար են հավաքում։ Առողջական կամ այլ խնդրի պատճառով բացակայած ուսուցչին փոխարինելը այս դպրոցում ադաթ չի, անմիջապես երեխաներին կամ տուն են ուղարկում, կամ էլ գրում են, որ այսինչ դասարանի աշակերտները վաղը 2-րդ ժամից գան, 3-րդ ժամից գան, կամ էլ ընդհանրապես դասի չգան՝ մինչեւ ուսուցիչը վերադառնա աշխատանքի։ Լրիվ «Նոր Հայաստանի» կրթական նոր որակ ու բարքեր, եւ տնօրեն, որը թքած ունի կրթության բովանդակության, որակի ու երեխաների կրթություն ստանալու իրավունքի վրա»,- փոխանցեց մեկ այլ ծնող:

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանից:

«Իսկապես մի փոքր անհարմարություններ են ժամանակավոր կրում ինչպես սովորողները, այնպես էլ դպրոցի անձնակազմը, բայց այդ անհարմարությունները ժամանակավոր են եւ միմիայն ուսումնական միջավայրի բարելավման ու շատ կարեւոր սանիտարահիգիենիկ բարելավման պատճառով են: Դրամաշնորհային ծրագրով նորոգում են դպրոցի սանհանգույցները եւ դպրոցը հնարավորինս փորձել է կազմակերպել տեղում առկա ուսուցում, եւ մեր գիտությամբ պարապմունքների տեւողությունը սահմանվել է 35 րոպե: Բայց արդեն իսկ ծնողները տեսել են, որ երկուշաբթի օրվանից դասերը նորից 45 րոպե են դառնալու»,-պարզաբանեց Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը:

Հարցրինք՝ 35 րոպեանոց դասերից արդյոք չի՞ տուժում կրթության որակը, Մարգարիտա Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Եթե մշտապես բոլոր դասերը ամբողջ տարվա ընթացքում 45-ի փոխարեն դառնային 35 րոպե, անշուշտ մեծ ծավալի բացթողում կլիներ, բայց հաշվի առնելով, որ դա ժամանակավոր է եղել եւ ընդամենը մեկ ամիս, ու առարկաներ կան, որ շաբաթական մեկ ժամով են, առարկաներից որոշները տարբեր դասարաններում 5-8 ժամի շրջանակում են, հաստատ կլինի հնարավորություն շաբաթվա ընթացքում լրացնելու բացերը: Ուզում եմ ասել, որ դա մանկավարժական մեթոդաբանության եւ շնորհքի հարց է, թե ինչպես կազմակերպվեն դասերը լրացնելը:

Ես որպես երբեմնի պրակտիկ ուսուցիչ՝ վստահեցնում եմ, որ ճկունություն եւ սրտացավություն ցուցաբերող ուսուցիչների պարագայում մեծ բացթողում չի գրանցվի: Տնօրինությունն էլ հետեւում է այդ ամենին:

Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ շինարարական աշխատանքներն ավարտված լինեին, բայց հավատացեք, սահմանված ժամկետներում պայմանագիր է կնքվել, աշխատանքները մեկնարկել են ինտենսիվությամբ, հետեւողականությամբ, բայց դրանք երկարել են պայմանագրային դրույթների համապատասխան հետեւանքներով»,-նշեց Մարգարիտա Խաչատրյանը:

Ծնողների նշած՝ դպրոցում իրականացվող դրամահավաքներին էլ անդրադարձ եղավ, Մարգարիտա Խաչատրյանից հարցրինք՝ արդյոք Երեւանի քաղաքապետարանն արտոնել է դրամահավաքները դպրոցում: «Քաղաքապետարանը ոչ միայն չի արտոնել, այլեւ արգելել է: Մենք եւ շրջաբերականներով ենք հիշեցնում այդ մասին, եւ որոշակի տոների առիթներին ենք իրազեկման արշավներ անում»,-ասաց նա: Նաեւ չբացառեց, որ կարող են լինել դրամահավաքի ինչ-ինչ դեպքեր, միաժամանակ ընդգծելով, որ դրանք չեն կարող լինել տնօրինության դրդմամբ, հուշումով կամ խնդրանքով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ դպրոցի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031