ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչպես է վերաբերվում եվրոպացի պատգամավորների գնահատականներին Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ։
Մասնավորապես, Երևանում անցկացված Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորն անդրադարձել էր ՀՀ-ում տեղի ունեցող ձերբակալություններին՝ ասելով․ «Վերջապես Հայաստանը հավակնում է ԵՄ թեկնածու լինել, մենք պետք է լուծենք ներքին խնդիրները։ Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին չէ խոսքը, այլ այն, ինչ տեղի է ունենում ՀՀ քաղաքներում։ Չեմ եկել ձեզ դատելու համար, բայց 20-40 ոստիկաններով մարդկանց կալանավորում են։ Եթե, օրինակ, կաշառքի համար է, այլ է, բայց երբ կարծիքի համար են դատում, սոցցանցերում հայտնած կարծիքի համար, ուշադիր, զգույշ եղեք, սա անընդունելի է»։
Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի լսել այդ ելույթը։ «Ես նախ չգիտեմ, թե ում մասին եք դուք ասում, ուրախ եմ, որ իսպանացի պատգամավորը նման բան է ասել, ես կարող եմ ձեզ ուրիշ բան ասել, որ այդ միջոցառման ժամանակ ես մասնակցել եմ նիստերից մեկին եւ լսել եմ կատարելապես հակառակ պնդումները, մասնավոր շփումներ եմ ունեցել պատվիրակությունների ղեկավարների հետ եւ լսել եմ կատարելապես հակառակը։
Եվ ես կարծում եմ, որ տասնյակ պատգամավորներից մեկի կարծիքը վերածել ընդհանրական կարծիքի, տեղին չէ, որովհետեւ ես էլ կտրուկ եմ արձագանքում այն բանին, որ որոշ եվրոպական երկրներում ոստիկանները ֆուտբոլային ֆանատներին այնքան են ծեծում, որ իրենք հայտնվում են հիվանդանոցներում։ Խայտառակություն է, որ եվրոպական երկրներում ոստիկաններն իրենց թույլ են տալիս ֆուտբոլիստներին սիրող մարդկանց ծեծել, դա անելու բան չէ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































