Լրահոս
Օրվա լրահոսը

ANIF-ը լուծարվում է, ANIF-ի դուստր ձեռնարկությունը՝ շարունակում գործել

Հոկտեմբեր 31,2025 12:26

«Ազատություն». Չնայած կառավարությունը լուծարել էՀայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ANIF-ը, դրա դուստր ձեռնարկությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, շարունակում է գործել․ այն լուծարելու որոշում չկա, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Պետական գույքի կառավարման կոմիտեից։

«Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, որը ANIF-ի ներդրումները կատարող հիմնական ընկերությունն էր, ներկայում ունի 7 աշխատակից՝ տնօրենի պարտականությունները կատարող, հաշվապահներ, իրավախորհրդատուներ, մոնիթորինգի մասնագետ։ ՓԲԸ-ն շարունակում է բաժնետեր մնալ ութ ընկերություններում, ինչպես նաև մեկ ներդրումային ֆոնդում։

Փաստացի, կառավարությունը մի կողմից խոստովանում է, որ ANIF-ի գործունեությունը «ձախողում էր և խայտառակություն», մյուս կողմից պահում է իր բաժնետոմսերը այս 8 պորտֆելային ընկերություններում, ներդրումներ, որոնցից մի քանիսը վիճահարույց էին։ Դրանցից մեկը «Սի էֆ դաբլյու» ՓԲԸ-ում էր, որի հետ կապված կա նաև քրեական վարույթ։ «Սի էֆ դաբլյու»-ն ավելի քան 1.5 մլրդ դրամ էր ստացել հիմնադրումից մեկ շաբաթ անց՝ Հայաստանում կիբերանվտանգության կարողություններ ներդնելու նպատակով, բայց ծրագիրը ձախողվել է։ «Սի էֆ դաբլյու»-ի տնօրենը Երևանի քաղաքապետ, ANIF-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է՝ Կարինե Անդրեասյանը։ Վերջինիս նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում։

«Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ»-ը մոտ 960 մլն դրամ էր ներդրել նաև «Բերրիմաունթ» ընկերությունում՝ ելակի ջերմոցի կառուցման համար։ «Բերրիմաունթ»-ի սեփականատերը Ավինյանի համադասարանցին է՝ Դմիտրի Ալեկսեյենկոն։

Մեկ այլ ներդրում՝ 797 մլն դրամի չափով, ANIF-ի նախկին դուստր ընկերությունը կատարել էր Տավուշի մարզի Ենոքավան գյուղում գտնվող «Ապագա փրոջեքթս» ընկերությունում։ «Ապագա փրոջեքթս»-ում ներդրումներից հետո ընկերության համասեփականատերերը «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ին մեղադրել էին վատ կառավարման, «Ապագա փրոջեքթս»-ին խոչընդոտելու մեջ։ Ներկայում «Ապագա փրոջեքթս»-ը սնանկության դատական գործընթացի մեջ է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել