Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի՝ Երևանում անցկացվող 12-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված բանաձեւին, որում չներառվեց ընդդիմության առաջարկությունը արցախցիների անվտանգ վերադարձի հարցը Արցախ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասել էր․ «Ավելի շատ մարդ կողմ քվեարկեց, քան դեմ։ Դեմ քվեարկեց ՔՊ-ն, եվրոպացիները հիմնականում ձեռնպահ քվեարկեցին։ Այսինքն՝ մենք 50 տոկոսի շեմը չհաղթահարեցինք։ Տարբեր խմբակցությունների՝ մեր եվրոպացի գործընկերների փոխանցմամբ՝ ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին մեր փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել»։
Լրագրողներն այսօր հարց ուղղեցին Ալեն Սիմոնյանին՝ ինչո՞ւ են դեմ արցախցիների վերադարձին։
«Եկեք մի բան հասկանանք՝ էդ որ ըտենց դրոշակ եք սարքել վերադարձի հետ կապված հարցը, ուզում եմ հասկանալ՝ դուք կամ էդ, ով տարածում է, ասում է՝ ՔՊ-ականների հորդորով են քվեարկել, իրենք պատրա՞ստ են ապահովել էդ մարդկանց հետվերադարձը, անվտանգությունը։ Լո՞ւրջ եք ասում։ Ըտենց լոլո մեծ-մեծ խոսելը․․․
Կարդացեք նաև
Ասում եմ՝ կա՞ մարդ, որը հիմա կարող է հայտարարել, որ ինքն ապահովում է հայ մարդու վերադարձը Ղարաբաղի որեւիցե բնակավայր։ Մեծ-մեծ խոսելով չէ, կենացներ ասելով չէ։
Բնական է, որ ինչ-որ ժամանակ անց ինչ-որ մարդիկ, երբ որ հարաբերությունները կնորմալանան, կարող են գնալ, գուցե իրենց տներում ապրել, եթե այդ հնարավորությունը լինի։ Բայց էսօր խոսել, էդ ի՞նչ կենաց է, ո՞ւմ ենք մենք ձեռք առնում։ Այսինքն՝ հիմա Ղարաբաղի բնակիչներ կան, մարդիկ կան, ուզում են գնան, Հայաստանի իշխանություններն ասում են՝ չէ, մի գնացեք, մենք դեմ ենք։
Էն քաղաքական գործիչները, իբր մեկնաբանները, որ մեծ-մեծ խոսում են, մենք կարայինք երկրորդ Գազան դառնայինք, էսօր Գազայում ցեղասպանություն է։ Էդ ի՞նչ պիտի անեին, ոնց էր իսպանացու անունը, Սանչեսը կամ որեւէ մեկը, պետք է Մադրիդի կենտրոնից հայտարարություն անե՞ր։ Կդնեին Գազայի կվերածեին մեր տարածքը»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































 
                         
          
          
                                     
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   