«Սահմանազատման աշխատանքները կատարվել են այնքանով, որքանով արվել են, հիմա կոնկրետ ոչ մի աշխատանք չկա, ոչ մի պրոցես ու գործընթաց չկա»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը։
Նա անդրադարձավ իշխանությունների այն հայտարարություններին, թե Տավուշում կան տարածքներ, որոնք «Ադրբեջանին են պատկանում» եւ ասաց․ «Ժողովուրդ ջան, դա լրիվ պարզ երեւում է, ըտեղ մեծ գաղտնիք չկա, Ոսկեպարի եւ Բերքաբերի հատվածում նման տարածքներ ունենք։ Քառակուսով չեմ կարող ասել, ես ձեզ մոտավոր տարածքներ ասացի»։
Ղալումյանը նշեց, որ այդ տարածքների հարցը պարզ կլինի սահմանազատման գործընթացի շրջանակներում։
Հարցին, թե քանի քկմ հայկական տարածք է վերահսկում Ադրբեջանը, Տավուշի մարզպետը պատասխանեց․ «Քառակուսի կիլոմետրով ես չգիտեմ»։
Կարդացեք նաև
Տավուշի մարզպետն ասաց, որ այսօրվա դրությամբ 37 աշակերտ է սովորում Կիրանցի դպրոցում, եւ 5 երեխա նախակրթարան է հաճախում։ «Ընդհանրապես գյուղից արտագաղթ չի եղել, այդքանը կարող եմ ասել։ Այս պահին Կիրանց գյուղում 16 մլն-ի պետական ծրագրով 53 տուն է կառուցվում»,- ասաց նա։
Հարցին, թե ի վերջո Կիրանցում քանի՞ ընտանիքի փոխհատուցում տրվեց եւ որքան՝ պատասխանեց. «Դա գաղտնի տեղեկատվություն է, որը հրապարակման ենթակա չէ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարում՝ Վահե Ղալումյանն ու Նիկոլ Փաշինյանը Կիրանցում:


















































 
                         
          
          
          
                                    
 
                                    
                                    
                                   