«Փոփոխություններն ուղղակիորեն կապված են մեր շահառուների պահանջի հետ, որովհետեւ հավաստագրման գործընթացում, որն, ի դեպ, ներկայումս բավականին ակտիվ փուլում է, մենք գործնականում հանդիպեցինք 2 խնդրի: Առաջինը վերաբերում էր այն ընտանիքներին, որտեղ կային դատարանի վճռով անհետ կորած անձինք:
Քանի որ ծրագրում կա հիմնական պայման, որ ընտանիքի պարտադիր կազմում պետք է լինեն գրանցված ամուսինները եւ նրանց անչափահաս երեխաները, եւ այն դեպքում, երբ անհետ կորած անդամը գրանցված ամուսինն էր, ունենում էինք խնդիր: Ընտանիքի մյուս անդամները չէին կարողանում դիմել եւ ստանալ հավաստագիր»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ ներկայացնելով Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում եղած փոփոխությունները։
«Բնականաբար շատ արագ արձագանքեցինք այս խնդրին, եւ ներկայումս այս ընտանիքները այլեւս կարող են դիմել եւ ստանալ հավաստագիր»,-հավելեց տիկին Ղարագյոզյանը:
«Մյուս ընտանիքները, որ չէին կարողանում դիմել ծրագրին, այն ընտանիքներն էին, որտեղ 2023թ սեպտեմբերի 19-ի դրությամբ անչափահաս երեխան այժմ արդեն չափահաս է: Այժմ կառավարության որոշմամբ անչափահասության հանգամանքը դիտարկվում է 2023թ սեպտեմբերի 19-ի դրությամբ: Ի դեպ, ներկայումս այս խնդիրը այլեւս չունենք, քանի որ հուլիս ամսին ծրագիրն ամբողջությամբ բացվել է բոլոր ընտանիքների համար»,-հավելեց նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդականը:
Կարդացեք նաև
Գայանե Ղարագյոզյանը երրորդ խնդրին էլ անդրադարձավ, որ ծագել էր փաստաթղթերի ուսումնասիրության փուլում: Նա ասաց, որ այժմ ընդամենը մեկ փաստաթուղթը բավարար է՝ հավաստելու համար, որ անձը Արցախից է բռնի տեղահանվել, եւ երկրորդ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չկա:
Մանրամասն՝ տեսանյութում ավելի ուշ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































 
                         
          
          
          
                                     
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   