«Ինչքան կարելի է մարդկանց քաշքշել, սուտ տեղը դատական գործեր բացել։ Բոլորը գիտեն, որ Ղուկասյան Արսենն անմեղ է։ Ասում են՝ խոնարհվում ենք ծնողների առաջ։ Նման խոնարհում ես կուզեմ իրենց, թող կորցնեն՝ իրենց առաջ խոնարհվեն»,- ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի տատը։
Դատարանն այսօր քննում է Սարգիս Ղուկասյանի հորեղբոր՝ Արսեն Ղուկասյանի կալանքի հարցը։ Նա լուրջ առողջական խնդիրներ ունի, պաշտպանները միջնորդել են փոխել կալանք խափանման միջոցը։ Նա կալանավորվել էր հոկտեմբերի 7-ին մեկ ամսով, պաշտոնական անձի օրինական ծառայական պարտականություններին իբրեւ վտանգ ներկայացնելու համար։ Կալանքի կրման ընթացքում նրա առողջական վիճակը մի քանի անգամ վատթարացել է։
Արսեն Ղուկասյանի եղբայրը՝ Արման Ղուկասյանը, արցախյան պատերազմում է զոհվել։
«Հալածում են մեզ, խոշտանգում են, նորմալ քուն չեմ ունեցել, ջղաձգվում եմ։ Իմ միակ հույսն ու ապավենը մնացել է կիսաառողջության տեր տղեն, ես էլ ոչ մեկը չունեմ։ Առանց ամուսին մեծացրել եմ տղաներիս, հիմա որբ են մնացել թոռներս, զոհված տղայիս երեխաները, ես չգիտեմ, որ մեկի դարդը… Ասում են, որ ընկածին քացով տալիս են, հիմա մեզ այդպես քացով տալիս են։ Կորցրել է իր համար թանկը, հայր չունի, քույր չունի, մարդը պահանջում է, որ մեր երեխաներից մի լուր տան, հանցա՞նք է գործել։ Փայտ բռնելը հանցա՞նք է։ Իր ոտքը վիրահատված է։ Ձեռնափայտը հանել է մեքենայից, տեսե՞լ են, խփե՞լ է ինչ-որ մեկին։ Չթողեցին մոտենայի, տեսնեի իրեն, շտապ օգնություն էր եկել, նրան բուժօգնություն չէին ցուցաբերել։ Տարել են բերդ, ամենախիստ տեղն է, ըտենց վտանգավոր հանցագործ է, հա՞, իմ տղան»,- վրդովվեց Արսեն Ղուկասյանի մայրը։
Կարդացեք նաև
Դատարանի մոտ այսօր հավաքվել էին Արսեն Ղուկասյանի հարազատները, զոհված եւ անհայտ կորած զինծառայողների ծնողները։ Արսեն Ղուկասյանի որդին լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ կփոխեն հոր նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ 44-օրյա պատերազմին հաջորդած հինգ տարիների ընթացքում իշխանությունը որեւէ լուրջ քայլ չի ձեռնարկել անհետ կորածներին հայտնաբերելու համար եւ բնական է, որ հարազատները տարբեր ձեւերով, այդ թվում նաեւ տարբեր էմոցիոնալ արտահայտությամբ, պետք է արտահայտեն իրենց դժգոհությունը․ «Իշխանությունը հիմա նոր մարտավարություն է որդեգրել․ առանց այդ էլ մեծ կորուստ, խնդիրներ ունեցող հարազատներին փորձում են լռեցնել։ Նման պայմաններում մարդկանց հուզական վիճակն ու պահանջներն ավելի են ընդգծում։ Արսեն Ղուկասյանն այն ծնողներից է, որն ամենատարբեր միջոցներով օգտագործել է հնարավոր հարթակները՝ բարձրաձայնելու խնդիրը։ Իշխանությունը որոշել է խնդիրը «լուծել»՝ մեկուսացման միջոցով»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Հանրային մեղադրողը միջնորդեց անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր` Արսեն Ղուկասյանի կալանքը երկարաձգել 3 ամսով։


















































 
                         
          
                                    
 
                                    
                                    
                                   